Հեղինակ:
Սմբատ Մինասյան -
E-mail
Տիգրանակերտը կառուցվել է Տիգրան (Մեծ) 2-րդի օրոք` մ.թ.ա 70
ական թթ.եւ նրա անունով էլ կոչվել է: Տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր
անուններ է ունեցել` Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս,
Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ եւ այլն: Հայաստանի հռչակավոր մայրաքաղաք
Տիգրանակերտը մինչեւ Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ մ.թ.ա)
գտնվում էր Հայկական կայսրության կենտրոնում: Այն նաեւ գտնվում էր
առեւտրական ճանապարհների հատման խաչմերուկում:
Տիգրանակերտը բավականին արագ է
զարգացել: Ընդամենը 2-3 տասնամյակների ընթացքում այն դարձել էր հին
Արեւելքի մեծահռչակ քաղաքներից մեկը: Քաղաքի զարգացումն ու բարգավաճումը
շարունակվել է Տիգրանի թագավորության բոլոր տարիներին: Լուկուլլոսի (69թ
մ.թ.ա) եւ Պոմպեոսի (66-65թթ. մ.թ.ա) արշավանքները, այնուամենայնիվ
չկանգնեցրին մայրաքաղաքի առաջընթացը:
Տիգրանակերտը հելլենիստական տիպի
քաղաք էր: Նրա հիմնական բնակչության մեծագույն մասը զբաղվում է
արհեստագործությամբ եւ առեւտրով:
Հին աշխարհի մյուս քաղաքների նման
Տիգրանակերտի բնակչության թվի վերաբերյալ նույնպես չկան ուղղակի
վկայություններ: Անուղղակի մի շարք փաստերի հիման վրա, այնուամենայնիվ,
ենթադրվում է, որ քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100
հազար բնակիչ:
Ազգային տեսակետից Տիգրանակերտի
բնակչությունը միատարր չէր: Բնակչության մեծ մասն հայեր էին: Այստեղ
բնակվում էին նաեւ մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ
եւ այլոք: Եկվոր բնակչության մեծ մասը պատկանում էր գերիների թվին, որոնց
Տիգրան Մեծը բերել էր իր արշավանքներից հետո:
Հին հունական եւ հռոմեական
պատմագիրների նկարագրությունների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված է
եղել 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով: Պարիսպների ներսում
կառուվել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ: Անմատույց
միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով, տեղադրված էր քաղաքից դուրս::
Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն
այլեւս բուռն զարգացում չի ունենում: Այն այլեւս մայրաքաղաք չէր:
Տիգրան Մեծից հետո երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես
այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում: Տիգրանակերտը
տնտեսապես տուժում է Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ ընթացող պատերազմների
արդյունքում: Այն աստիճանաբար վերածվում է բերդաքաղաքի: II-III
դարերից սկսած Տիգրանակերտը մյուս
հելլենսիտական քաղաքների օրինակով դառնում է ֆեոդալական քաղաք:
Սակայն Տիգրանակերտը չի կորցնում իր կարեւորթյունը եւ շարունակում է
լինել վարչական կենտրոն թե´ հայերի, թե´ հռոմեացիների, թե´ պարսիկների եւ
հետագայում արաբների տիապետւթյան տակ:
XII դարից սկսած աստիճանաբար
կորցնելով իր նշանակությունը, այն վերածվում է մի անշուք բնակավայրի:
|