Երազգավորսը կոչվել է նաեւ Շիրակավան: Գտնվում էր այժմյան Բաշ-Շարագյալ գյուղի տեղում: Եղել է բերդ, ավան, գյուղաքաղաք, քաղաք: Գտնվում էր Ախուրյան ու Կարս գետերի միացման անկյունում, Ախուրյան գետի աջ ափին:
Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին: Սմբատ I Բագրատունի թագավորը (890-9140), որ հաջորդել էր Աշոտ I-ին, արքայական աթոռը 890 թվականից տեղափոխել է այնտեղ: Երազգավորսը Սմբատ I ու Աշոտ II-ի (914-928) օրոք եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը: Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում` Շիրակավան անունով:

Երազգավորս-Շիրակավանի մասին վկայություններ ունեն Սեբեոսը, Ստեփան Ասողիկը, Սամվել Անեցին եւ այլ մատենագիրներ:
Աշոտ 2-րդի եղբայր Աբասը (928-953) թագավորության աթոռը Երազգավորսից տեղափոխեց Կարս:

Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով:
Երազգավորսն Անիի հետ միասին սելջուկների կողմից ենթարկվել էր ավերման: Այն վերականգնվել էր XII դարի վերջերին եւ Զաքարյանների օրոք բավական առաջադիմել էր: Սակայն XIII դարի երկրորդ կեսից վերածվեց սովորական գյուղի, որը հետագայում անվանվել էր Բաշ-Շորագյալ: Այդ գյուղը հայաբնակ էր եւ 1914թ նախօրեին ուներ 1220 բնակիչ: Սակայն թուրքական կոտորածներից խուսափելու նպատակով գյուղի հայ բնակչությունը գաղթեց Արեւելյան Հայաստան։