Կարս մայրաքաղաքի պատմությունը
Որոշ մասնագետների վկայությամբ Կարսի բերդը հիմնադրվել է դեռ ուրարտական շրջանում:

Կարսը միջնադարյան Հայաստանի մինչեւ օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին:

Կարսը գտնվում է Այրարատ աշխարհի Վանանդ գավառում: Նրա առաջին տերերը Վանանդի իշխաններն են, որոնք հիշատակվում են IV դարից: Քաղաքի պատմության վաղ շրջանի մասին տեղեկությունները քիչ են: Միայն ստույգ գիտենք, որ այն հայոց պատմության մեջ հայտնի դարձավ ավելի ուշ` IX դարից: IX դարի վերջից Կարսը հիշատակվում է իբրեւ բերդաքաղաք, իսկ 928թ. դառնում է Հայաստանի մայրաքաղաք։

Սակայն Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների` Բագարանի եւ Երազգավորսի նման Կարսը եւս երկարատեւ չի մնում կենտրոնական թագավորության մայրաքաղաք: 961թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք:

1053թ-ից Կարսը պարբերաբար ենթարկվում է Սելջուկների ասպատակություններին: 1064թ Կարսի վերջին հայ թագավոր Գագիկը, որպեսզի ապահովի Կարսը հետագա Սելջուկյան արշավանքներից, զիջում է այն բյուզանդացիներին դրա դիմաց ստանալով Կապադովկիայի Ծամնդավ քաղաքը: Շուտով Կարսը գրավում են Սելջուկ թուրքերը: 1198-1236թթ հայազգի զորավարներ Զաքարե եւ Իվանե Զաքարյանները ազատագրեցին Կարսը եւ Հայաստանի մի հատվածը հիմնելով իրենց իշխանությունը:
XI-XIII դդ. Կարսի բնակչության թիվը անցնում էր 50.000 մարդուց, իսկ դա այդ ժամանակաշրջանի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր:
Մոնղոլները 1236թ. Հյուսիսային Հայաստանի մյուս քաղաքների հետ միասին գրավում եւ ավերում են նաեւ Կարսը: 1394թ. Կարսը ավերվում է Լենկթեմուրի հորդաների կողմից, իսկ հետագայում ձեռքից ձեռք է անցնում կարա-կոյունլու ու ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի, ապա թուրքերի եւ պարսիկների տիրապետության շրջանում:
1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարս քաղաքը եւ նրա շրջակայքը միացվեցին Ռուսաստանին: Ռուսական կայսրությանը նոր միացրած տարածքներից կազմվեց Կարսի մարզը` Կարս, Օլթի, Արդահան եւ Կաղզվան օկրուգներով: Մարզի կենտրոնը Կարսն էր:

Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Կարս քաղաքն ու մարզը, Բրեստի 1918թ. մարտի 3-ի պայմանագրով, նորից անցան Թուրքիային: Այստեղ հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց կոտորածներին, իսկ մնացածը գաղթեցին Արեւելյան Հայաստան եւ Հյուսիսային Կովկաս:

1919թ ապրիլին Կարս մտան Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերը: Մեկ տարվա ընթացքում հսկայական քանակության հայ գաղթականներ տեղափոխվեցին Կարս քաղաքը եւ շրջակայքը: Սակայն 1920թ ամռանը երկրորդ թուրք-հայկական պատերազմի ժամանակ քաղաքը գրավվեց թուրքական զորքերի կողմից եւ կրկին անգամ կազմակերպվեց հայ բնակչության կոտորած:

Ներկայումս Կարսը Թուրքիայի կազմի մեջ է, փոքրիկ եւ անշուք քաղաք: Անցյալի փառքից մնացել է միայն անունը: