Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ` IX դարի առաջին կեսում: Հնագույն շրջանում այն կոչվել է Տուշպա: Քաղաքը Ռւրարտական պետության կենտրոնական շրջանի` Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը եւ նշանակում է <<ապրելու տեղ>> , <<բնակավայր>>: Այդ պատճառով էլ <<վան>> բառի զուգորդությամբ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդ-ա-վան, Արշակ-ա-վան, Զարեհ-ա-վան, Նախճ-ա-վան, Վանե-վան եւ այլն):

Վանը կոչվել է նաեւ Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն` Ասորեստանի կիսավանդական Շամիրամ թագուհու անունով:
Ուրարտական զանգակ Ուրարտական գոտի Ուրարտական ցուլ Ուրարտական սֆինքս

Վան քաղաքը գտնվում է Վանա լճի արեւելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է եւ գոյություն ունի մինչեւ օրս, սակայն 1915-1917թթ հետո, Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում Վան քաղաքի բնիկ հայ ժողովուրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը գաղթեց:

Վան քաղաքը գտնվում էր Ուրարտական պետության գրեթե կենտրոնում:

Քաղաքը արեւմտյան կողմից պաշտպանվում էր Վանա լճով, հարավային կողմից` Հայկական Տավրոս լեռնաշղթայի արեւելյան հատվածով, իսկ նրա ախոյանների` ասորեստանցիների հարձակման գլխավոր վտանգը սպասվում էր հենց այդ կողմից: Բացի դրանից, քաղաքի կենտրոնական մասում բարձրացող լեռը, որ իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, բնական մեծ ամրություն էր եւ անառիկ էր հին աշխարհի բանակների համար:
Վանի շրջակայքում չկա խմելու եւ ոռոգման համար անհրաժեշտ քանակությամբ ջուր: Մայրաքաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու եւ այգիները ոռոգելու համար ուրարտացիները VIII դարի առաջին քառորդում (մ.թ.ա.) կառուցում են 80 կիլոմետր երկարությամբ մի ջրանցք: Ուրարտական Մենուա թագավորի կառուցած ջրանցքը ոռոգում էր ավելի քան 10 զանազան բնակավայրերի եւ Տուշպա մայրաքաղաքի դաշտերն ու այգիները, այն խմելու ջուր էր տալիս մայրաքաղաքի բնակչությանը: Ջրանցքը հայտնի է նաեւ Շամիրամի ջրանցք անվանումով:
Վան քաղաքը սկսել է թուլանալ Ուրարտական թագավորության անկման շրջանում` մ.թ.ա. VII-VI դարերում: Ուրարտական պետության անկումից հետո (585թ. մ.թ.ա.) Վանը կորցրեց իր նախկին փառքը եւ դարձել էր երկրորդական քաղաք: Վանը զարգացման նոր ժամանակաշրջան է ապրում Արտաշեսյան թագավորության շրջանում:
I-VII դարերում Վանը շարունակում է մնալ որպես Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը: Արաբական տիրապետության շրջանում Վանը վերածվում է սովորական փոքրիկ ֆեոդալական քաղաքի:
Վանը բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում IX-XIII դարերում: Հատկապես X-XI դարերում Վանը լինելով Վասպուրականի թագավորության (հայկական թագավորություն) մայրաքաղաքը բուռն վերելք է ապրում:
XIII դարով վերջանում է Վանի զարգացման շրջանը: Դրանից հետո դարեր շարունակ Վանը ենթարկվում է տարբեր թուրքալեզու ցեղերի ասպատակություններին, իսկ հետագայում հանդիսանում է Օսմանյան Կայսրության եւ Պարսկաստանի պատերազմերի թատերաբեմում:
Վան քաղաքը 1805-1806թթ. ունեցել է 15-20 հազար բնակչություն, որի ճնշող մեծամասնությունը հայեր էին: 1890-ական թթ.. Վանի բնակչությունը հասնում է 40 հազարի, որից 25 հազարը հայեր էին: Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաեւ 1915թ մեծ եղեռնի նախօրյակին: Վան քաղաքի հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 12-ի:

Համիդյան (1895-1896) ջարդերի հետեւանքով հայերի թիվը բավականին նվազեց Վանում: Առաջին աշխարհամարտից հետո Վան քաղաքում այլեւս հայ բնակչություն չկար: