Բագարան

Բագարան

Բագարանը հիշատակվում է նաեւ Ամուր և Դիցավան անուններով եւ համապատասխանում է այժմյան Բաքրանին, որ մի փոքրիկ գյուղ է, ծվարած Ախուրյան գետի աջ ափին:

Բագարան բերդաքաղաքը, որ հիշատակվում է նաեւ իբրեւ ամրոց, ավան, բերդ, քաղաք, գտնվում էր Ախուրյանի եւ Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեհ գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս:

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդունիների վերջին թագավոր Երվանդ 4-րդը մ.թ.ա III դարի սկզբներին եւ, նախկին մայրաքաղաք Արմավիրից այստեղ տեղափոխելով կուռքերը, այն դարձրել էր Արարատյան թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը: Երվանդունիների թագավորության անկումից հետո (II դար) Բագարանը անշքանում է եւ ավելի քան 1000 տարի մեր պատմության մեջ չի հիշատակվում: VIII դարի վերջերին այ Արշարունիք ու Շիրակ գավառների հետ միասին դառնում է Բագրատունի Աշոտ Մսակերի սեփականությունը, որն այն դարձնում է իր աթոռանիստը: Սկսած այդ ժամանակներից, Բագարանը բավական բարգավաճում է, եւ Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա-ն (885-890) այն դարձնում է նորահիմն թագավորական մայրաքաղաքը: Աշոտ Ա-ին փոխարինած Սմբատ Ա-ն (890-914) լքում է Բագարանը եւ իր համար աթոռանիստ ընտրում Երազգավորսը, որը այդ ժամանակվա դրությամբ գտնվում էր Բագրատունիների թագավորության կենտրոնում եւ ավելի անառիկ էր:

1045 թվականին Անիի թագավորության հետ միասին Բագարանը եւս նվաճվում է Բյուզանդիայի կողմից, 1064թ թվականին այն զավթում են սելջուկ թուրքերը: XII դարի սկզբներին Բագարանը գրավում են Շահարմենները: Հյուսիսային Հայաստանի հետ միասին XIII դարի սկզբներին (1211թ.) Բագարանը ազատագրվեց Զաքարյան հայ իշխանների կողմից եւ սկսեց ծաղկել: 1236 Բագարանը գրավեցին մոնղոլ-թաթարները, իսկ 1394թ. այն ավերեց Լենկթեմուրը:

XX րդ դարի սկզբներին պատմական Բագարան քաղաքի տեղում եղած Բագարան գյուղը ուներ շուրջ 350 հայ բնակիչ:  Առաջին աշխարհամարտի ընթացքում` Թուրքական կոտորածների արդյունքում Բագարանում այլեւս հայ չմնաց: Ներկայումս Բագարան քաղաքի տեղում Բաքրան անունով քրդական մի գյուղ կա:

More to Read

Important – Use of information or images is permitted only with proper attribution, including a direct link to the original page. Copyright © www.armenian-history.com. Unauthorized reproduction in full or in part is prohibited.