Տիգրանակերտը կառուցվել է Տիգրան (Մեծ) 2-րդի օրոք` մ.թ.ա 70 ական թթ.եւ նրա անունով էլ կոչվել է: Տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր անուններ է ունեցել` Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ եւ այլն: Հայաստանի հռչակավոր մայրաքաղաք Տիգրանակերտը մինչեւ Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ մ.թ.ա) գտնվում էր Հայկական կայսրության կենտրոնում: Այն նաեւ գտնվում էր առեւտրական ճանապարհների հատման խաչմերուկում:
Տիգրանակերտը բավականին արագ է զարգացել: Ընդամենը 2-3 տասնամյակների ընթացքում այն դարձել էր հին Արեւելքի մեծահռչակ քաղաքներից մեկը: Քաղաքի զարգացումն ու բարգավաճումը շարունակվել է Տիգրանի թագավորության բոլոր տարիներին: Լուկուլլոսի (69թ մ.թ.ա) եւ Պոմպեոսի (66-65թթ. մ.թ.ա) արշավանքները, այնուամենայնիվ չկանգնեցրին մայրաքաղաքի առաջընթացը:
Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր: Նրա հիմնական բնակչության մեծագույն մասը զբաղվում է արհեստագործությամբ եւ առեւտրով:
Հին աշխարհի մյուս քաղաքների նման Տիգրանակերտի բնակչության թվի վերաբերյալ նույնպես չկան ուղղակի վկայություններ: Անուղղակի մի շարք փաստերի հիման վրա, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100 հազար բնակիչ:
Ազգային տեսակետից Տիգրանակերտի բնակչությունը միատարր չէր: Բնակչության մեծ մասն հայեր էին: Այստեղ բնակվում էին նաեւ մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ եւ այլոք: Եկվոր բնակչության մեծ մասը պատկանում էր գերիների թվին, որոնց Տիգրան Մեծը բերել էր իր արշավանքներից հետո:
Հին հունական եւ հռոմեական պատմագիրների նկարագրությունների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով: Պարիսպների ներսում կառուվել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ: Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով, տեղադրված էր քաղաքից դուրս::
Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն այլեւս բուռն զարգացում չի ունենում: Այն այլեւս մայրաքաղաք չէր: Տիգրան Մեծից հետո երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում: Տիգրանակերտը տնտեսապես տուժում է Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ ընթացող պատերազմների արդյունքում: Այն աստիճանաբար վերածվում է բերդաքաղաքի: II-III դարերից սկսած Տիգրանակերտը մյուս հելլենսիտական քաղաքների օրինակով դառնում է ֆեոդալական քաղաք: Սակայն Տիգրանակերտը չի կորցնում իր կարեւորթյունը եւ շարունակում է լինել վարչական կենտրոն թե´ հայերի, թե´ հռոմեացիների, թե´ պարսիկների եւ հետագայում արաբների տիապետւթյան տակ:
XII դարից սկսած աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը, այն վերածվում է անշուք բնակավայրի: