Կաթողիկե — Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Շահար քաղաքամասի կենտրոնում (այժմյան Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում):
18-րդ դարում Առաքել Դավրիժեցու “Պատմության” ձեռագիր 5-րդ օրինակը գրվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1925թ. երբ պետականացվում էր եկեղեցական ունեցվածքը Սուրբ Կաթողիկեից պետական Պատենադարան փոխադրվեց 25 արժեքավոր ձեռագրեր, որը իր քանակով ամենաշատն էր Երեւանի մնացած գործող եկեղեցիների համեմատ:
Կաթողիկեին նույն ցավալի ճակատագիրը վիճակվեց, ինչ Պողոս-Պետրոս եկեղեցուն:
Կաթողիկե — Սուրբ Աստվածածին եկեղեցին քանդելուց առաջ և քանդման պահին
Եկեղեցու քանդումն սկսվեց 1936 թ. դեկտեմբերին և տևեց մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Թեև կորստյան մատնվեց ուշ միջնադարյան Կաթողիկե եկեղեցին, փոխարենը սահմանված գիտական հսկողության շնորհիվ հայտնագործվեց Երևանի ավելի արժեքավոր ու հին մի եկեղեցի` Սուրբ Աստվածածինը:
Կաթողիկե եկեղեցին կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695 թվականներին: Այն պատկանում էր եռանավ բազիլիկ, անգմբեթ եկեղեցիների տիպին: Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով: Աղոթասրահի (14,0×19,3 մ) և արտաքին պարագծի (16,4×28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից:
Կաթողիկե եկեղեցու պատերն արտաքուստ և ներքուստ զուրկ էին ճարտարապետական արտահայտչամիջոցներից: Նրանցում տեղ-տեղ ագուցված էին խաչքարեր՝ 1679, 1693, 1694 և 1695, իսկ պատերը քանդելիս դրանց մեջ հայտնաբերվեցին հին խաչքարեր՝ 1472,1641 և 1642 թվագրություններով: Արտաքին ճակատների պարզ ու գորշ միօրինակությունը խախտված էր թվում արևելյան ճակատում: Դրա կենտրոնական հատվածը իր ճարտարապետական նկարագրով հնամենի էր, հոգեհարազատ հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ոճին: Իսկ աջ ու ձախ կողմերի պատահատվածները էապես տարբերվում էին կենտրոնականից թե շարվածքով, թե քարերի գույնով և թե կառուցվածքի թարմությամբ: Այս հանգամանքը, ինչպես նաև ավագ խորանի գմբեթով պսակված լինելը, չէր կարող վրիպել մանրազննին դիտողների ուշադրությունից:
Հին եկեղեցու գոյության մասին վարկածը լիովին ճշտվեց Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ, երբ բացվեցին եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը, որոնց կցակառուցվել էին երկու ավանդատները: Հիշյալ պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264թ.: Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284,1229 և XVI-րդ դարով, իսկ հյուսիսային պատին` 1609թ. թվագրված արձանագրություններ:
Հետևապես, Սբ. Աստվածածին եկեղեցուն կից, հավանաբար արևմտյան կողմից, XVII-րդ դարի սկզբին կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին: Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի:
Սա մի կարևոր հայտնագործություն էր, քանզի Սբ. Աստվածածին եկեղեցին միակ պահպանվածն էր միջնադարյան Երևանի եկեղեցիներից, որ կանգուն էր մնացել երկրաշարժից հետո և ըստ արժանվույն պիտի շարունակեր գոյատևել: Պատմության և գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում կայացրեց հայտնաբերված հին եկեղեցին պահպանել, լիովին ազատելով Կաթողիկե եկեղեցու մնացորդներից:
Այդ որոշումը հարգվեց վերադաս մարմինների և Երևանի քաղաքային խորհրդի կողմից: Վերականգնվեցին Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ նրա վնասված մասերը, ամբողջ հուշարձանը նորոգվեց ու շրջապատը բարեկարգվեց:
Սբ. Աստվածածին եկեղեցին (որ շարունակում է կրել Կաթողիկե անունը), փոքր չափեր ունի (5,4×7,5 մ պարագծային կողմերով): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու հատակագծում փոքր նախասրահին հաջորդում են 2,7×4,0 մ չափերի գմբեթով պսակված աղոթասրահը, ապա կիսաշրջան խորանը (առանց ավանդատների): Լուսամուտներ ունեն հարավային, արևելյան և հյուսիսային պատերը: Դարաշրջանի ճարտարապետական ոճը առանձնապես հարազատ արտահայտություն է ստացել գմբեթի բազմանիստ, նիստերը զույգ արմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում:
Եկեղեցական արարողությունների համար սահմանափակ հարմարությունների պատճառով այն ծառայում է որպես մատուռ-աղոթատեղի:
Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու նկարներ
Ս. Աննա և Կաթողիկե՝ Ս․Աստվածածին եկեղեցիները
Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին: 2015թ. ապրիլի 30-ին տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: