Գլոբալ աշխարհում, որտեղ մեծ դեր ունեն տեխնոլոգիաները, ինֆորմացիան, կորպորացիաները և ամեն ինչ ընթանում է շատ ավելի արագ քան նախկինում, բարդ է գոյատևել նույնիսկ միջին և մեծ պետություններին: Էլ ավելի դժվար է ծայրամասի (Ռուսաստանի) կիսագաղութ Հայաստանի համար:
Նախորդ իշխանության հիմանական սխալը նրանում էր, որ այն չի կարողացել կամ չի ցանկացել հասկանալ ու ժամանակին դիմակայել ներքին և մասնավորապես արտաքին մարտահրավերներին ու հարվածներին: Արդյունքում զարգացող կամ նույնիսկ զարգացած երկրի վերածվելու փոխարեն այժմ՝ Հայաստանը, ոչ այլ ինչ է քան ծայրամասի (Ռուսաստանի) կիսագաղութ, խրված բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների մեջ, որոնց ավելացավ նաև ներքին անկայունությունը:
Պետք է նաև նշել, որ Հայաստանում նոր վարչապետի և երիտասարդ գործիչների քաղաքական ասպարեզ գալը դրական երևույթ է: Դրա շնորհիվ Հայաստանը ունի գոնե հույս, որ հնարավոր է դուրս գալ անդունդից: Սակայն երիտասարդ և անփորձ մարդկանց դեռ բավականին ժամանակ է պետք՝ գործի մեջ մտնելու և հիմնական խնդիներին ծանոթանալու համար: Նույնիսկ սովորական աշխատանքի ընդունվելիս աշխատատուն փորձում է ընտրել աշխատանքին լավատեղյակ, հմուտ, ճիշտ բնավորությամբ և լավ ու հեղինակավոր “references ” ունեցող մարդկանց, սակայն, երբ չկան նման մարդիկ, սովորաբար ընտրում է երիտասարդին, քանի որ երիտասարդը ավելի արագ է ընկալում և ավելի բաց է փոփոխությունների համար:
Այլ հարց է, թե, արդյո՞ք, կկարողանան ու կցանկանան այս նոր մարդիկ գտնել և կյանքի կոչել այն լուծումները, որ Հայաստանին կօգնեն դուրս հանել կործանման տանող ճանապարհից…