3.2 Հայ գաղթականների հայրենադարձության հետագա ընթացքը

3.2 Հայ գաղթականների հայրենադարձության հետագա ընթացքը

1920թ. գարնանը Հյուսիսային Կովկասի խորհրդայնացումից հետո երկրամասի հայ գաղթականների դրության վատթարացումը և նրանց շրջանում իրականցվող հակադաշնակցական քարոզչությունը ստիպեցին Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել նրանց Հայաստան տեղափոխելու համար[1]: Հայաստանի կառավարությունը հրահանգեց Մոսկվա մեկնող Լևոն Շանթի պատվիրակությանը Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում քննարկել նաև այդ երկրում ապրող հայերի` Հայաստան տեղափոխվելու հարցը[2]: Բանակցությունների ընթացքում Խորհրդային Ռուսաստանը համաձայնվեց թույլատրել երկրում ապաստանած հայ գաղթականներին և ընդհանրապես բոլոր հայերին իրենց ամբողջ շարժական ունեցվածքով փոխադրվել Հայաստան: Սակայն Մոսկվայի բանակցությունների ընդհատվելու հետևանքով վերոհիշյալ խնդրի վերաբերյալ գրավոր համաձայնություն չստորագրվեց:

Մոսկվայից Լևոն Շանթի գլխավորած պատվիրակության մեկնելուց հետո Ռուսաստանում ապաստանած հայ գաղթականությանը Հայաստան տեղափոխելու խնդրով Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակեց սեպտեմբերի 2-ից իր պարտականությունների կատարմանը պաշտոնապես անցած Խորհրդային Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր դիվանագիտական ներկայացուցիչ Ե. Եղիազարյանը: Նա դիմեց Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմին` խնդրելով աջակցել հայ գաղթականների հայրենադարձությանը: Քանի որ Խորհրդային Ռուսաստանում գաղթականների տարհանմամբ զբաղվում էր Ցենտրէվակը` գերիների և գաղթականների տարհանման կենտրոնական կոմիտեն, ապա արտաքին գործերի ժողկոմը Ե.Եղիազարյանին ուղարկեց այնտեղ: Ցենտրէվակում նրան հաղորդեցին, որ հայ գաղթականների` հայրենիք ուղարկելու խնդիրը արդեն ներառված է տարհանման ծրագրի մեջ: Սակայն Ե. Եղիազարյանը տեղեկացրեց Ցենտրէվակին, որ իր ձեռքի տակ եղած տեղեկությունների համաձայն Հյուսիսային Կովկասում այդ ուղղությամբ քիչ բան է արվում: Այնուհետև դիմելով Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմին` Ե. Եղիազարյանը խնդրեց անհապաղ միջոցներ ձեռնարկել բոլոր հայերի տարհանման համար, որի տակ պետք է հասկանալ` 1.Անդրկովկասի և Արևմտյան Հայաստանի բոլոր գաղթականներին, 2. բոլոր թուրքահպատակ հայերին, այդ թվում և ռազմագերիներին, 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, 4. մտավորականությանը: Մոսկվայում ընթացող հայ-ռուսական բանակցությունների ընթացքում քաղաք եկավ Սիբիրի հայերի պատվիրակությունը և խնդրեց Ե. Եղիազարյանին խորհրդային իշխանությունից հայրենիք մեկնելու թույլ-տվություն ստանալ Օմսկի ու Իրկուտսկի 1.500 հայերի համար:

Ե. Եղիազարյանի հավաստմամբ հայ-ռուսական բանակցությունների արդյունքը եղավ այն, որ խորհրդային իշխանությունը թույլատրեց հայ գաղթականների տարհանումը, որը պետք է իրականանար հետևյալ հաջորդականությամբ. առաջին հերթին պետք է ուղարկվեին Հյուսիսային Կովկասի գաղթականները, ապա` Սիբիրի, հետո` Կենտրոնական Ռուսաստանի և Ուկրաինայի: Ռուսաստանի տարածքով հայ գաղթականների տեղափոխությունը իրականացնելու էր Ցենտրէվակը:

Հյուսիսային Կովկասի գաղթականների տարհանումը իրականացվելու էր Ռազմավիրական ճանապարհով, Սիբիրի գաղթականներինը` Վոլգա-Բաքու ողղությամբ: Կենտրոնական Ռուսաստանի և Ուկրաինայի գաղթականները պետք է ուղարկվեին Նովոռոսիյսկ, որտեղից էլ Հայաստանի կառավարության վարձած նավերով` Բաթում:

Խորհրդային իշխանությունը թույլատրեց Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն մեկնել միայն հայ գաղթականներին: Ինչ վերաբերում է Ռուսաստանում աշխատող հայ մասնագետներին Հայաստան տեղափոխելուն, ապա խորհրդային իշխանությունը համաձայն չէր դրան` պատճառաբանելով, որ նրանց տարհանումը կվնասի Ռուսաստանի տնտեսությանը: Ե. Եղիազարյանին հաջողվեց նաև խորհրդային իշխանությունից ստանալ և սեպտեմբերի 6-ին Պ. Հովհաննիսյանին ուղարկել նրա վկայականը, որի համաձայն վերջինս նշանակվում էր Հյուսիսային Կովկասում գաղթականների տարհանման լիազոր[3]:

Հայ-ռուսական բանակցությունների ժամանակ Ե.Եղիազարյանը անդրադարձել էր նաև Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հպատակների իրավունքների ճանաչման և պաշտպանության հարցին: Վերջին խնդրի հայանպաստ լուծումը հնարավորություն կտար երկրամասում զորակոչի ենթակա և Կարմիր բանակում ծառայող հազարավոր հայերին ազատել ծառայությունից և ուղարկել հայրենիք: Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հպատակների իրավունքների ճանաչումը հնարավորություն կտար ազատել նաև Ռյազանի, Կոստրոմայի համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայերին, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքեր զորակոչված հայերը, ինչպես նաև նրանք, ովքեր առհասարակ այդ զորքերում չէին ծառայել[4]: Այս ուղղությամբ Ե. Եղիազարյանի գործադրած ջանքերը անարդյունք մնացին:

Մինչ Լևոն Շանթի պատվիրակությունը և Ե. Եղիազարյանը խորհրդային իշխանության հետ Մոսկվայում Ռուսաստանի հայերի ներգաղթը կազմակերպելու ուղղությամբ բանակցություններ էին վարում, Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներից շատերը մայիսի սկզբից, երբ կարգավորվեցին Խորհրդային Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները ու բացվեց այդ պետությունների սահմանը, սկսեցին Ռազմավիրական ճանապարհով հեռանալ Հայաստան[5]:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեկզադյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ուղղված հունիսի 11-ի նամակում գրում է. «Հյուսիսային Կովկասում գտնվող հայ գաղթականների և նույնիսկ նախկին բնակիչների մեջ արդեն սկսվել է ներգաղթի հոսանքը դեպի հայրենիք: Ճանապարհների անկանոն լինելու պատճառով տեղական իշխանությունները դժվարությամբ են տալիս անցաթղթեր, ուստի և ներգաղթը դեռ լայն ծավալ չի կարող ստանալ. հենց որ ճանապարհները կանոնավորվեն, պ. Սառիկյանի կարծիքով, սկսվելու է հսկայական ներգաղթը, Սովետական իշխանությունը դրան ոչ միայն չի խանգարելու, այլ խոստանում է իր կատարյալ աջակցությունը իր սահմաններում:

Այսքանը հայտնելով խնդրում եմ կարգադրել խնամատարության նախարարությանը, որ միջոցներ ձեռնարկի գաղթականներին ընդունելու համար»[6]:

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականության ներգաղթը կազմակերպելու համար Թերեքի հյուպատոս Հ.Սառիկյանը 1920թ. հունիսին կազմեց մի ծրագիր, որի համաձայն Հյուսիսային Կովկասի հայ գաղթականները ոտքով, սայլերով և ֆուրգոններով պետք է Ռազմավիրական ճանապարհով շարժվեին Վրաստան, ապա Մցխեթից` երկաթուղիով Հայաստան: Քանի որ ներգաղթը պահանջում էր զգալի ֆինանսական միջոցներ, իսկ Հայաստանի կառավարությունը ի վիճակի չէր այդ միջոցները տրամադրել, Հ. Սառիկյանը դիմեց տեղի խորհրդային իշխանությանը` խնդրելով աջակցել գաղթականների հայրենադարձությանը: Թերեքի խորհրդային իշխանությունը ընդառաջեց Հ.Սառիկյանի խնդրանքին և տեղական գերիների ու գաղթականների հանձնաժողովի միջոցով զգալի ֆինանսական օժանդակություն ցույց տվեց: Սակայն հունիսի կեսերին Ս. Օրջոնիկիձեն արգելեց Թերեքի երկրամասի գաղթականներին առհասարակ նպաստ տալ և ներքին գործոց կոմիսարի միջոցով պահանջեց տասն օրվա ընթացքում Թերեքի շրջանն ազատել գաղթականներից` ինչ ձևով և միջոցով ուզում է լինի: Ամենայն հավանականությամբ Ս. Օրջոնիկիձեն վերոհիշյալ որոշմամբ ցանկանում էր օր առաջ ազատվել խորհրդային իշխանությունից զգալի միջոցներ խլող գաղթականությունից: Կազմակերպելով մեծ քանակությամբ հայերի հոսքը Վրաստան և Հայաստան` Ս. Օրջոնիկիձեն ցանկանում էր նաև նրանց հետ զգալի թվով բոլշևիկներ ուղարկել, ինչը կհեշտացներ այդ երկրներում խորհրդային գաղափարների տարածմանը:

Վրաստանի կառավարությունը հունիսի 24-ին հրամայեց փակել Ռազմավիրական ճանապարհով այլազգիների մուտքը երկիր: Վրաց կառավարության վերոհիշյալ հրամանի հետևանքով Թերեքից 10 օրվա ընթացքում հայ գաղթականներին հեռացնելու մասին Ս. Օրջոնիկիձեի հրամանը անհնար եղավ իրագործել[7]: Վրաստանի իշխանությունները սահմանի փակումը պատճառաբանում էին բոլշևիկների մուտքը Վրաստան արգելելու և Թիֆլիսը պարենավորման ու բնակարանային դժվարություններից ազատելու ցանկությամբ[8]: Կային նաև այլ պատճառներ: Վրաց կառավարությունը գիտակցում էր, որ տասնյակ հազարավոր հայերի ներգաղթը Հայաստան ժողովրդագրական, ռազմական և տնտեսական տեսանկյունից կհզորացնեին երկիրը, ինչը ձեռնտու չէր Հայաստանի Հանրապետությունից տարածքային հավակնություններ ունեցող Վրաստանի իշխանություններին[9]: Վրաց կառավարության` գաղթականների առջև սահմանը փակելու պատճառով իրենց հայրենի բնակավայրերը չէին կարողանում վերադառնալ Հյուսիսային Կովկասում ապաստանած Ախալքալաքի և Ախալցխայի գաղթականները:

1920թ. հունիսի վերջին Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների հայրենադարձության խնդիրները քննարկելու համար Հ.Սառիկյանը Տ.Բեկզադյանի և Դ.Դավիթխանյանի հրավերով մեկնեց Թիֆլիս[10]: Թերեքի հյուպատոսը ներկայացրեց Հյուսիսային Կովկասում հայ գաղթականների ծանր կացությունը և նրանց հայրենադարձության կազմակերպման անհրաժեշտությունը[11]: Հուլիսի 1-ին Վլադիկավկազի հյուպատոսի պաշտոնակատար Սարգիս Յարալովին Տ. Բեկզադյանի գրած նամակից տեղեկանում ենք, որ Վրաստանի կառավարությունը թույլատրել է տրանզիտով Հայաստան տեղափոխել միայն 300 գաղթական[12]:

Փաստորեն 1920թ. հունիսի վերջին և հուլիսին Ռազմավիրական ճանապարհով հայության հոսքը Վրաստան դադարեց: Չնայած դրան` Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններից Վլադիկավկազ եկող գաղթականները օր-օրի ավելանում էին[13]: Հուլիսի վերջին հայ գաղթականների թիվը Վլադիկավկազում հասել էր 4.000-ի (մայիս-հունիս ամիսներին քաղաքում ապաստանել էին 1.200 հոգի): Միջոցների բացակայության պատճառով Հ. Սառիկյանը չկարողացավ օգնել նրանց, և եղան սովամահության դեպքեր: Գաղթականներին օգնելու նպատակով 1920թ. հուլիսին Վլադիկավկազ ժամանեց Ցենտրէվակի լիազոր Սահակ Նանուշյանցը, որը կենտրոնից հրահանգներ ուներ Խորհրդային Ռուսաստանի միջոցներով գաղթականներին ուղարկել Բաքու-Նավթլուղ-Ալեքսանդրապոլ ուղղությամբ: Նման հրահանգներով Մոսկվայից Պյատիգորսկ ժամանեց Նարիման Տեր-Ղազարյանը (Ղազարովը)[14]: Նրանց գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան:

1920թ. հուլիսի 28-ին Տ. Բեկզադյանը վրաց կառավարությունից թույլտվություն ստացավ Վրաստանի տարածքով 4000 հայ գաղթականներ տեղափոխելու[15]: Խոսքն, իհարկե, Վլադիկավկազում կուտակված 4.000 հայ գաղթականների մասին էր: Այդ թույլտվությունը ուղեկցվում էր հետևյալ կետերով. 1.Վրաստանի տարածքով գաղթականների տեղափոխության ծախսերը հոգալու էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը:

  1. Գաղթականները Վլադիկավկազից պետք է ուղարկվեին շարասյուներով, շաբաթը երեք շարասյունից ոչ ավելի: Շարասյուներից յուրաքանչյուրում պետք է լիներ 500 հոգի: Գաղթականների ցուցակները պետք է հաստատեին Վլադիկավկազի հայ և վրաց հյուպատոսները ու Վրաստանի ներքին գործերի նախարարը: 3. Ծերերի, երեխաների և գաղթականների իրերի փոխադրումը կատարվելու էր ֆուրգոններով: Յուրաքանչյուր շարասյան համար նախատեսվում էր 15 ֆուրգոն, առողջ գաղթականները ճանապարհը պետք է ոտքով անցնեին: 4. Վլադիկավկազից հեռացող գաղթականները հայկական հյուպատոսից ստանալու էին 10 օրվա սննդի պաշար: 5. Ռազմավիրական ճանապարհով գաղթականների շարժվելու ընթացքում Լարսում, Մլետախում և Մցխեթում պետք է կազմակերպվեին բժշկասանիտարական և սննդի կետեր, որոնց ծախսերը պետք է հոգար Վրաստանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: 6. Վրաստանի սահմանին գաղթականների հետ կապված խնդիրները լուծելու համար պետք է այնտեղ գործուղվեր Վրաստանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հատուկ լիազորը: 7. Մցխեթից գաղթականները պետք է հատուկ վագոններով մեկնեին Սանահին` առանց Թիֆլիսում կամ Վրաստանի տարածքում կանգնելու: 8. Գաղթականներին Սանահին բերած վագոնները պետք է նույն օրը ուղարկվեին Վրաստան[16]:

Հ. Սառիկյանը կարծում էր, որ 4.000 գաղթականների ներգաղթը մինչև օգոստոսի վերջը կավարտվի, որից հետո հուլիսի 19-ին ԱԳ նախարարին գրած իր դիմումի համաձայն կազատվի Թերեքի հյուպատոսի պաշտոնից և կտեղափոխվի Հայաստան կամ մեկ այլ տեղ: Սակայն իրադարձությունները այլ ընթացք ունեցան:

Օգոստոսի սկզբին խուզարկվեցին և ձերբակալվեցին Վլադիկավկազի հյուպատոսը և հյուպատոսարանի աշխատակիցները: Հ. Սառիկյանի կարծիքով այդ ձերբակալությունները կապված էին Զանգեզուրի շրջանում տեղի ունեցող դեպքերի հետ[17]: Բանտարկվեցին նաև պարսկական հյուպատոսը և հյուպատոսարանի բոլոր պաշտոնյաները[18]: Վլադիկավկազի հայկական հյուպատոսի և հյուպատոսարանի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ Տ. Բեկզադյանը բողոքեց Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանին, որն էլ 1920թ. օգոստոսի 16-ին պատասխանեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչին, որ Վլադիկավկազի հյուպատոսի ազատ արձակելու մասին կարգադրությունն արդեն արված է[19]: Եվ, իրոք, օգոստոսի 15-ին խորհրդային իշխանությունն ազատեց Հ. Սառիկյանին և Վլադիկավկազի հյուպատոսարանի մնացած աշխատակիցներին: Հյուպատոսարանը և ձերբակալվածների բնակարանները կնքված մնացին մինչև օգոստոսի 18-ը[20]: Օգոստոսի 19-ից Վլադիկավկազի հյուպատոսարանը վերսկսեց իր աշխատանքը: Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ գաղթականներին հայրենիք ուղարկելու համար անհրաժեշտ թղթաբանության հետևանքով Վլադիկավկազի հյուպատոսարանին օգոստոս ամսվա ընթացքում հաջողվեց հայրենիք ուղարկել գաղթականների միայն մեկ շարասյուն` բաղկացած 564 հոգուց[21]: Սեպտեմբերի 1-ին և 3-ին Հայաստան ուղարկվեցին ևս երկու շարասյուն` կազմված 270 և 500 գաղթականներից[22]: Փաստորեն 1920թ. օգոստոսին և սեպտեմբերի սկզբին Վլադիկավկազից Հայաստան մեկնեցին 1334 գաղթական:

Վլադիկավկազում հավաքված 4.000 գաղթականների տարհանմանը զուգահեռ Ռուսաստանի տարբեր շրջաններից քաղաք էին գալիս գաղթականների նորանոր խմբեր: Դրանց տեղափոխությունը Հյուսիսային Կովկասի զանազան շրջաններից Վլադիկավկազ իրականացնում էր Ցենտրէվակը և դրա տեղական բաժանմունքները[23]: Այդ կառույցը գաղթականներին ապահովում էր գումարով և մթերքով[24]: Հ. Սառիկյանը իր հուշերում գրում է. «Նա (խորհրդային իշխանությունը – Ս.Մ.) մինչև այս յիշատակարանը կազմելու օրս էլ մնաց սրտացաւ բարեկամ մեր գաղթականութեան` նրան տրամադրելով բնակարաններ, շատ յաճախ մթերքներ, իսկ դէպի Տփխիս վերադառնալիս` նաև դրամական նպաստ ու ճանապարհային ալիուր` 10 օրվայ համար»[25]: Հայ գաղթականների ներգաղթին աջակցում էր նաև Էրատովի հատուկ հանձնաժողովը, որը սեպտեմբերին գտնվում էր Վլադիկավկազում և ջանքեր էր գործադրում Ռազմավիրական ճանապարհով գաղթականներին ուղարկելու և քաղաքում նրանց համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար[26]: Հայաստան ուղևորվող գաղթականներին օգնեցին երկրամասի հայկական գործերի կոմիսարիատի բաժանմունքները և տեղական խորհրդային իշխանությանը կից գործող հայկական կառույցները[27]: Արխիվային նյութերում տեղեկություններ են պահպանվել Թերեքի հայ գաղթականների տարհանման արտակարգ հանձնաժողովի գործունեության մասին[28]: Ստավրոպոլի հյուպատոսի տեղակալ Հ. Տիկիջիևի հավաստմամբ այդ կառույցը ստեղծել էին Կիսլովոդսկի հայ կոմունիստները, հետևաբար այն գտնվում էր Կիսլովոդսկում: Թերեքի հայ գաղթականների տարհանման արտակարգ հանձնաժողովի գործերին մասնակցում էր նաև Պ. Հովհաննիսյանը[29]:

Թվարկված կառույցների ջանքերով օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին միայն Արմավիրից Վլադիկավկազ ուղարկվեց գաղթականների 3 շարասյուն, ընդհանուր առմամբ 4.160 հոգի[30]: Սեպտեմբերին Վլադիկավկազ հասավ ևս մի շարասյուն` 1.500 գաղթականով, որը ուղարկվել էր Կավկազսկիից: Այնտեղ մեկնման հրահանգին էին սպասում ևս 3.500 հոգի[31]: Այսպիսով, Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի տարբեր շրջաններից Վլադիկավկազ շարժվող գաղթականության հսկայական հոսքի հետևանքով սեպտեմբերի 4-ին Վլադիկավկազում գաղթականների թիվը հասել էր 10.000-ի[32], իսկ սեպտեմբերի վերջին` 12.000-ի[33]: Փաստորեն Վրաստանով Հայաստան պետք է անցներ ոչ թե 4.000, այլ արդեն 12.000 գաղթական:

Սեպտեմբերի 4-ին վրաց կառավարությունը արգելեց Արմավիրից եկած գաղթականների շարասյուններին անցնել սահմանը[34]: Նոր եկած գաղթականների շարասյունների մուտքը Վրաստան թույլ տալու համար Հ. Սառիկյանը անմիջապես մեկնեց Թիֆլիս, ապա` Հայաստան[35]: Վլադիկավկազում նրա կողմից Թերեքի հյուպատոսի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հակոբ Տեր-Գևորգյանը գաղթականների նոր հոսքը քաղաք կասեցնելու նպատակով սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 8-ին Գրոզնիի գաղթականական հանձնաժողովի նախագահ Հովսեփյանցին և Կավկազսկի խուտորի հայկական գաղթականական կոմիտեի նախագահին խնդրում է առժամանակ չուղարկել գաղթականներ[36]: Քանի որ վրաց կառավարության արգելքը վերաբերում էր միայն նոր եկած շարասյունների գաղթականներին, ապա հուլիսի վերջին, հայ-վրացական պայմանավորվածությամբ, Վլադիկավկազի 4.000 գաղթականների նախատեսված ներգաղթը շարունակվեց: Սեպտեմբերի 4-8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան մեկնեց գաղթականների 583 հոգանոց շարասյունը և նախապատրաստվեց հաջորդը*: 1920թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Խնամատարության և աշխատանքի նախարարության Վրաստանի և Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչ Դ.Դավիթխանյանը Հ. Սառիկյանին գրում է, որ վրաց կառավարության որոշմամբ Հայաստան մեկնող գաղթականների ցուցակները այլևս կարիք չկա ուղարկել Թիֆլիս` Վրաստանի ներքին գործերի նախարարի հաստատմանը: Վրաստանի սահմանը անցնելու համար գաղթականներին անհրաժեշտ էր միայն վրաց հյուպատոսի կնիքը[37]: Վրաց կառավարության այս որոշումը էապես պարզեցրեց սահմանը անցնելու բարդ գործընթացը, որի շնորհիվ գաղթականների խմբերը ավելի հեշտ ու արագ սկսեցին ուղարկվել: Արդեն սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին 4.000 գաղթականներից եթե ոչ բոլորը, ապա հիմնական մասը հեռացել էր Վլադիկավկազից: Քանի որ ներգաղթը իրականանում էր խորհրդային կառույցների գործուն մասնակցությամբ, անհնար էր խուսափել գաղթականության շրջանում նրանց կողմից իրականացվող քարոզչությունից: Արխիվային նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ հայրենիք մեկնող գաղթականների շարասյուններում զգալի թվով հայ կոմունիստներ կային: Նրանք Վրաստանի և Հայաստանի սահմանը անցնելուց հետո իշխանությունների և գաղթականների կողմից հալածվում էին և նույնիսկ սպանվում: Նմանատիպ միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները հասնում էին Հյուսիսային Կովկաս` առաջացնելով երկրամասի հայ կոմունիստների և խորհրդային իշխանության դժգոհությունը: Հոկտեմբերի 4-ին Թերեքի հայկական հյուպատոսի պաշտոնակատար Հ. Տեր-Գևորգյանը Տ. Բեկզադյանին գրում է. «Այստեղի հայ կոմունիստների մեջ լուրեր են տարածել, որ իբր թե այստեղից անցնող գաղթականների խմբերը Ռազմավիրական ճանապարհով սովետական սահմանը անցնելուց հետո հայ կոմունիստներին ջարդի են ենթարկում: Ավելի հաստատ լուրեր կա, որ երկու հայ կոմունիստներ, որոնք այստեղից մեկնել են Հայաստան, ամբոխի ձեռքով սպանված են Սանահինի կայարանում: Որքան ճիշտ են այդ լուրերը ես հնարավորություն չունեմ ստուգելու, բայց այդ վերաբերմունքը դեպի մի քանիսը կոմունիստներից կարող են շատ վատ հետևանք ստեղծել մնացորդ տասնյակ հազար գաղթականության համար Հյուսիսային Կովկասում և առաջ բերել նույն գործողությունը խորհրդային իշխանության կողմից թե դեպի ինձ և թե դեպի բոլոր հայ աշխատակիցները, հյուպատոսարանում մասնավոր պաշտոնյաները և անհատները: Խնդրում եմ անհապաղ ստուգել բոլոր հավանական պրովոկացիոն լուրերը և առանձին գրությունով հայտնել ինձ, որքան ճիշտ են նրանք, եղել են այդպիսի դեպքեր, թե ոչ, ինչ միջոցների եք դիմել»[38]:

Հոկտեմբերի սկզբին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեկզադյանի շնորհիվ հնարավոր եղավ Վրաստանի կառավարությունից ստանալ իր տարածքով 4.000 գաղթականից բացի ևս 10.000 գաղթական տեղափոխելու թույլտվությունը: Արդեն հոկտեմբերի 10-ին Վլադիկավկազից Վրաստան մեկնեցին Արմավիրի առաջին շարասյան երկու խումբ` ընդհանուր առմամբ 833 հոգի, իսկ երրորդ` 500 հոգուց բաղկացած խումբը, նախապատրաստվեց ուղարկման[39]: Հոկտեմբերի 11-ի դրությամբ Վլադիկավկազի գաղթականների թիվը 6 հազար էր: Եթե այս թիվը հանենք սեպտեմբերի վերջին քաղաքում գտնվող 12 հազարից, կստացվի, որ հուլիսի վերջից մինչև հոկտեմբերի 10-ը Վլադիկավկազից Ռազմավիրական ճանապարհով Հայաստան էր մեկնել 6 հազար հոգի:

1920թ. սեպտեմբերին սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Թուրքական զորքերի առաջխաղացումը ստիպեց Հայաստանի կառավարությանը ժամանակավորապես դադարեցնել Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների ներգաղթը: Այդ նպատակով հոկտեմբերի 6-ին Տ. Բեկզադյանը Ցենտրէվակի ներկայացուցիչ Իսախանյանին հեռագրով խնդրում է դադարեցնել գաղթականների հետագա տարհանումը[40]: Հ. Տեր-Գևորգյանը տեղեկանալով Տ. Բեկզադյանի վերոհիշյալ հրահանգին` դադարեցրեց Ռազմավիրական ճանապարհով գաղթականների ուղարկումը[41]:

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում և Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության Խնամատարության և աշխատանքի նախարարության ներկայացուցիչ Դ. Դավիթխանյանը Հ. Սառիկյանին հրահանգում է առժամանակ դադարեցնել Վլադիկավկազից գաղթականների հոսքը[42]:

Փաստորեն հոկտեմբերի 11-ից հայերի հոսքը Ռազմավիրական ճանապարհով դադարեցվեց: Վլադիկավկազում մնացած մոտ 6.000 գաղթականների դրությունը ծանր էր: Նրանք, վաճառելով իրենց վերջին իրերը, Մցխեթ հասնելու համար սայլեր էին վարձել, սակայն հայրենադարձության դադարեցման հետևանքով հարկադրված էին մնալ իրենց տեղերում, ապրել բաց երկնքի տակ[43]: Ցենտրէվակի տեղական բաժանմունքը նյութապես աջակցեց գաղթականներին, սակայն բոլորի կարիքները բավարարելու համար այդ օգնությունը բավարար չէր: Գաղթականների ծանր դրությունը ստիպեց Թերեքի հյուպատոսի պաշտոնակատար Հ. Տեր-Գևորգյանին հոկտեմբերի 11-ից ուղիղ գծով պարբերաբար կապվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների հետ` խնդրելով նրանց թույլատրել Վլադիկավկազում մնացած գաղթականների տեղափոխությունը Հայաստան[44]: Հոկտեմբերի 14-ին Վլադիկավկազում տեղի ունեցավ քաղաքի հայ գաղթականների ժողովը, որի մասնակիցները կրկին խնդրեցին Թերեքի հյուպատոսի պաշտոնակատարին դիմել Հայաստանի կառավարությանը իրենց` 7-8 հազար գաղթականի, ներգաղթը Հայաստան թույլատրելու խնդրանքով[45]: Հ. Տեր-Գևորգյանը հոկտեմբերի 19-ին ուղիղ գծով կապվեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից Մելիք-Արամյանի հետ և ներկայացրեց Վլադիկավկազի գաղթականների խնդրանքը, որին Մելիք-Արամյանը պատասխանեց, որ Հայաստանի կառավարությունը Կարսում ընթացող ռազմական գործողությունների պատճառով կտրականապես արգելել է գաղթականների մուտքը հանրապետություն[46]:

Հոկտեմբերի 26-ին Հայաստանից վերադարձավ Հ. Սառիկյանը և ստանձնեց իր պաշտոնը[47]: Կարծում ենք, որ Հայաստանում եղած ժամանակ նրան հաջողվել էր Հայաստանի կառավարությունից ստանալ Վլադիկավկազում մնացած գաղթականների ներգաղթի թույլտվությունը:

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ, մի կողմից` Հ. Սառիկյանի ու Ցենտրէվակի լիազոր Նարիման Տեր-Ղազարյանի[48] և, մյուս կողմից` Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության փոխտնօրեն Մելիք-Քարամյանի ուղիղ գծով խոսակցությունը: Կողմերը քննարկեցին Վլադիկավկազի 4.000 գաղթականների, որոնց մի մասը Ախալցխայի և Ախալքալաքի բնակիչներ էին, հայրենիք վերադարձնելու պայմանները: Որոշվեց հոկտեմբերի 28-ից սկսել գաղթականների տարհանումը, որոնց մի մասը պետք է մնար Վրաստանում[49]: Հոկտեմբերի 27-ին Վլադիկավկազի հայկական հյուպատոսարանը խնդրեց Կովկասում Ցենտրէվակի լիազոր Իսախանյանին ձեռնարկել բոլոր միջոցները Ռազմավիրական ճանապարհով հայ գաղթականների տարհանումը վերսկսելու համար[50]: Կովկասում Ցենտրէվակի հատուկ լիազորը անմիջապես սկսեց գաղթականների տարհանման գործը: Արդեն նոյեմբերի 2-ին նա Թերեքի հայկական հյուպատոսին ուղարկեց տարհանման ենթակա Արմավիրի երրորդ և Կավկազսկի առաջին շարասյունների 3.419 գաղթականների ցուցակները[51]: Նոյեմբերի 5-ին Կովկասում Ցենտրէվակի հատուկ լիազորը Ս. Սառիկյանին ուղարկեց Արմավիրի երկրորդ շարասյան (1.319 գաղթական) ցուցակը[52]: Հ. Սառիկյանը այդ ցուցակները անմիջապես ուղարկեց Վլադիկավկազի վրաց հյուպատոսին` խնդրելով դրանք կնքել[53]: Ռազմավիրական ճանապարհով Հայաստան անցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքով նոյեմբերի 4-ին Թերեքի հայկական հյուպատոսին դիմեց Բաքվում գտնվող 100 հոգիանոց գաղթականների խմբի լիազոր Զարգարյանցը[54]: Նոյեմբերի 8-ին Հ.Սառիկյանին դիմեց Հայաստանի իշխանության կողմից Դոնի ներգաղթի լիազոր նշանակված Բագրատ Տոնյանը: Նա Ցենտրէվակի և հայկական գործերի կոմիսարիատի աջակցությամբ փորձում էր կազմակերպել Դոնի շրջանի հայության ներգաղթը Հայաստան և վերոհիշյալ նամակով Հ.Սառիկյանից փորձում էր տեղեկություններ ստանալ այդ գաղթականներին Վլադիկավկազ տեղափոխելու հնարավորության մասին[55]:

Արխիվային նյութերում 1920թ. նոյեմբերին Վլադիկավկազից Վրաստան անցած գաղթականների թվաքանակի վերաբերյալ պահպանվել է միայն մի հիշատակում, որի համաձայն նոյեմբերի 3-ի դրությամբ Կազբեկից Մցխեթ էր հասել գաղթականների 1.200 հոգանոց շարասյունը[56]: Նոյեմբերի 6-ին վրաց հյուպատոսը Հ. Սառիկյանին տեղեկացրել էր տեղացած առաջին ձյան հետևանքով Ռազմավիրական ճանապարհի փակվելու մասին: Նույն օրը Թերեքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը հեռագրում է Թերչռեզէվակի (Թերեքի տարհանման արտակարգ հանձնաժողովի) նախագահին` խնդրելով դադարեցնել գաղթականների տարհանումը[57]: Նոյեմբերի 9-ին Տ.Բեկզադյանը Հ.Սառիկյանին և Իսախանյանին գրում է, որ թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու հետևանքով Հայաստանի և Վրաստանի սահմանը փակվել է և կարգադրում է դադարեցնել գաղթականների հետագա ուղարկումը[58]: Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարին ուղարկած զեկույցում Հ. Սառիկյանը գրում է. «Սակայն որքան եղավ նրա (գաղթականության – Ս.Մ.) սարսափն ու հուսահատությունը, երբ ամսի 9 և 10 թվերին քաղաքիս վրաց հյուպատոսը մի կողմից, Խորհրդային Ռուսաստանի գաղթականության ներկայացուցիչ Զալիսկին մյուս կողմից կտրական հայտարարություն արին Ռազմավիրական ճանապարհը հայ գաղթականության համար նորից փակված լինելու մասին: Իր ունեցած-չունեցածը ծախսած, սայլեր վարձած, սոված, ծարավ բազմության համար ավելի ծանր, շշմեցնող հարված լինել չէր կարող»[59]:

Եթե ոչ նոյեմբերի 6-ին, ապա արդեն նոյեմբերի 9-ին Վլադիկավկազում մնացած գաղթականների հոսքը Ռազմավիրական ճանապարհով դադարեց: 1920թ. նոյեմբերի 17-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչին ուղղված զեկույցում Հ.Սառիկյանը գրում է. «Կարևոր եմ համարում զեկուցել Ձեզ, որ Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի զանազան վայրերից մոտ 12 հազար գաղթական հայեր օգոստոս ամսից եկել, խռնվել են Վլադիկավկազում: Այդ բազմության մոտ կեսը կարողացավ անցնել հայրենիք, իսկ մոտ 6000 հոգի այժմ կուտակված Վլադիկավկազում (ընդգծումը մերն է – Ս.Մ.) Վրաստանի սահմանը հայ գաղթականության առաջ փակված լինելու պատճառով սոսկալի օրեր է անցնում: Նրանց մեծ մասը բառի բուն մտքով բացօթյա է, անհաց, անվառելիք: Իմ անձնական դիմումին Տեռդագէվակ-ի կառավարիչ ընկեր Պոպովը հայտնեց, որ հաց չունենալու պատճառով ինքը գաղթականությանը հաց տալու հնարավորություն չունի, կտա, երբ ինքը կստանա Գորպրոդկոմից: 600-ից ավել որբեր 10 օր է կերակրվում են սրա-նրա փշրանքներով: Պարոն ներկայացուցիչ, մեր երկրի այս մնացորդները կկորչեն, թե շուտափույթ միջոցներ չառնեն բարելավելու ոչ միայն Վլադիկավկազի, այլ ամբողջ Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների դրությունը, որոնց թիվը 45-50 հազարից անցնում է (ընդգծումը մերն է – Ս.Մ.)»[60]:

Փաստորեն Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ռազմավիրական ճանապարհով Հայաստանի Հանրապետություն մեկնեց մոտ 6.000 գաղթական: 1920թ. կեսերին հայրենիք կարողացան վերադառնալ նաև 1920թ. հունվարից Նովոռոսիյսկում մնացած հայ գաղթականները:

1920թ. հուլիսի 16-ին Նովոռոսիյսկի հայկական գաղթականական կոմիտեի լիազոր Ղարաղոզյանը (Կարակոզով), ապա հուլիսի 19-ին Ա. Տոնյանը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահին ուղղած նամակներում խնդրում էին միջոցներ ձեռնարկել Նովոռոսիյսկի գաղթականների ներգաղթը Հայաստան շարունակելու համար: Իրենց նամակներում Ղարաղոզյանը և Տոնյանը խնդրում էին Հյուսիսային Կովկաս ուղարկել լայն լիազորություններով օժտված պատվիրակություն, որը պետք է կազմակերպեր գաղթականների խնամքի գործը, բանակցեր Խորհրդային Ռուսաստանի և Վրաստանի հետ և նավ վարձեր Նովոռոսիյսկից հայ գաղթականներին Բաթում տեղափոխելու համար[61]:

1920թ. հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեկզադյանին գրում է. «Ուղարկելով ընդ սմին Նօվօռօսիյսկի հայկական գաղթական կոմիտէի լիազօրի և մեր հիւպատոսի զեկուցումների պատճէնները, խնդրում ենք հարկ եղած դիմումներն անել վրաց կառավարութեան և Սովետական իշխանութեան Թիֆլիսի ներկայացուցչութեանը, որպեսզի Նօվօռօսիյսկի շրջանի հայ գաղթականութիւնը անմիջապես իրաւունք ստանայ տեղափոխւել Վրաստանի վրայով հայրենիք:

Անհրաժեշտ դեպքում բարի եղեք դիմել մեր հիւպատոսներին Բաթում կամ Փոթի, աջակցել մեր լիազորին յատուկ մի նաւ վարձելու հայ գաղթականներին փոխադրելու համար»[62]:

Ա. Տոնյանը իր հուշերում, անդրադառնալով Նովոռոսիյսկի հայերի ներգաղթին, գրում է. «Շուտով Նովորոսիյսկից Երևան եկան տեղի գաղթականների ներկայացուցիչները և կառավարութիւնից օժանդակութիւն խնդրեցին` հայրենիք վերադառնալու համար: Կառավարութիւնը դիմում կատարեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանին, որը պահանջեց Թիֆլիզ ուղարկել Հայաստանի ներկայացուցիչը` գաղթականների հարցը որոշելու համար: Կառավարութիւնը ինձ լիազօրեց գնալ Թիֆլիզ, իբրև Հայաստանի ներկայացուցիչ:

Թիֆլիսի սովետական միսիայում կայացավ երկուսի ժողովը` գաղթականներին Հայաստան փոխադրելու հարցը քննելու համար: Սովետների կողմից նշանակուած էր Տէր Գաբրիէլեանը, իսկ Հայաստանի կողմից` ես: Տէր Գաբրիէլեանը խնդրեց ինձ Ռուսաստանում գտնուող գաղթականներին Հայաստան փոխադրելու համար մի արձանագրութիւն պատրաստել, որն ինքը կը ստորագրի: Սիրով կատարեցի նրա խնդիրքը: Սովետները թույլատրեցին հայ գաղթականներին Նովոռոսիյսկից ազատ փոխադրել Բաթում: Ես ստիպուած էի Բաթումում երկու ամիս մնալ, ընդունել գաղթականներին և ճանապարհել հայրենիք: Գործս վերջացնելուց յետոյ կրկին ճանապարհուեցի Երեւան»[63]: Նովոռոսիյսկ-Բաթում ուղղությամբ գաղթականների ներգաղթը իրականացվեց 1920թ. հուլիս-օգոստոս ամիսներին[64]: Վերադարձող գաղթականների գույքը վրաց պաշտոնյաների չարաշահումներից պաշտպանելու նպատակով ցուցակագրվեց Նովոռոսիյսկում և Բաթումում տրվեց վրաց իշխանությունների հաստատմանը[65]: 1920թ. մայիս-հունիս ամիսներին Նովոռոսիյսկում մնացած 5.000 հայ գաղթականները հուլիս-օգոստոս ամիսներին մեկնեցին Հայաստան:

Փաստորեն, 1920թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հյուսիսային Կովկասից Ռազմավիրական ճանապարհով և Նովոռոսիյսկից նավերով Հայաստան գնաց 11.000 գաղթական:

1920թ. վերջին Հյուսիսային Կովկասում մնացած գաղթականների թվաքանակը ստանալու համար կատարվել է հետևյալ հաշվարկը: 1920թ. մայիս-հունիս ամիսներին երկրամասում եղած գաղթականների նվազագույն թվից (49.400) հանենք 1920թ. հունիս-նոյեմբեր ամիսներին երկրամասից հեռացած գաղթականների մոտավոր թիվը (11.000): Արդյունքում կստացվի 38.400, որն էլ 1920թ. վերջին Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների մոտավոր թվաքանակն է:

Այսպիսով Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի կառավարության ջանքերով, երկրամասի գաղթականները սկսեցին վերադառնալ Հայաստան:

Հայ-վրացական բանակցությունների միջոցով հնարավոր եղավ կարգավորել Վլադիկավկազում կուտակվող հայ գաղթականներին վրացական տարածքով տեղափոխելու խնդիրը:

1920թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հյուսիսային Կովկասից Ռազմավիրական ճանապարհով և Նովոռոսիյսկից նավերով Հայաստան հեռացավ մոտ 11.000 գաղթական:

Հյուսիսային Կովկասում մնացած հայ գաղթականության մի հատվածը հնաբնակ հայերի և խորհրդային կառույցների օգնությամբ կարողացավ աշխատանք գտնել և սկսել իր նոր կյանքը նոր հայրենիք դարձած Հյուսիսային Կովկասում: Գաղթականների մյուս հատվածը շարունակեց իր չարքաշ կյանքը` ապրելով լքված զորանոցներում, ամբարներում, նկուղներում[66]:

[1] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 275, ց.4, գ. 4, թ.81:

[2] Տե´ս Գ. Լազյան, Հայաստանը և հայ դատը, Հայ և ռուս հարաբերություններու լոյսին տակ, Երևան, 1991, էջ 231:

[3] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 562, թ. 7-9:

[4] Տե´ս նույն տեղում, թ. 7:

[5] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 188 գ. 529, թ.23,‎ ֆ. 275, ց.4, գ. 10, թ.19:

[6] Նույն տեղում,‎ ֆ. 200, ց.1, գ. 469, թ. 159:

[7] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 465, թ.34, գ. 607, թ.13:

[8] Տե´ս նույն տեղում, գ. 607, թ. 30:

[9] Տե´ս նույն տեղում, թ. 30-31:

[10] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 275, ց.4, գ. 4, թ. 92, 93:

[11] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 31, 34:

[12] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 275, ց.4, գ. 5, թ. 18:

[13] Տե´ս նույն տեղում, գ. 13, թ. 26:

[14] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 22:

[15] Տե´ս նույն տեղում, թ. 24:

[16]Տե´ս նույն տեղում, գ. 7, թ.119:

[17] Տե´ս նույն տեղում, գ. 10, թ.34-35:

[18] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 129:

[19] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 465, թ.36:

[20] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 275, ց.4, գ. 10, թ.34-35:

[21] Տե´ս‎ նույն տեղում, գ. 9, թ.17:

[22] Տե´ս նույն տեղում, գ. 13, թ. 30:

[23] Տե´ս նույն տեղում, գ. 10, թ. 45:

[24] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 200, ց.1, գ. 469, թ. 225:

[25] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 109:

[26] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 469, թ. 225:

[27] Տե´ս նույն տեղում, ֆ. 275. ց. 4 գ. 15, թ. 5, 58:

[28] Տե´ս նույն տեղում, թ. 62:

[29] Տե´ս նույն տեղում,‎ ֆ 200, ց.1, գ. 564 թ. 7:

[30] Տե´ս նույն տեղում,‎ ֆ 275, ց.4, գ. 4, թ. 162, 171,‎ ֆ 275, ց.4, գ. 9, թ. 18:

[31] Տե´ս նույն տեղում, գ. 15, թ. 59:

[32] Տե´ս նույն տեղում, գ. 10, թ.45, գ.13, թ. 31

[33] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 200, ց.1, գ. 469, թ. 225, «Կարմիր աստղ», սեպտեմբերի 26, N12, 1920:

[34] Տե´ս նույն տեղում, ֆ. 275 ց.4, գ. 13, թ. 31

[35] Տե´ս նույն տեղում, թ. 32, գ. 4, թ. 169 :

[36] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ. 169, գ. 5, թ. 29, գ.13, թ. 31, 33:

* N 772 հեռագրի վրա ամսաթիվ չկա, սակայն N 770 հեռագիրը ուղարկվել է սեպտեմբերի 4-ին, իսկ N 773-ը սեպտեմբերի 8-ին, որից էլ կարելի է եզրակացնել, որ N 772 հեռագիրը ուղարկվել է սեպտեմբերի 4-8 ընկած ժամանակահատվածում (տե´ս ֆ. 275, ց. 4 գ. 13, թ. 31-33):

[37] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 275, ց.4, գ. 7, թ. 101:

[38] Նույն տեղում, գ. 10, թ. 38:

[39] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 37:

[40] Տե´ս նույն տեղում:

[41] Տե´ս նույն տեղում, թ. 37-39:

[42] Տե´ս նույն տեղում, գ. 15, թ. 65:

[43] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 37, գ .15, թ. 66:

[44] Տե´ս նույն տեղում, գ. 15, թ. 37:

[45] Տե´ս նույն տեղում, թ. 66:

[46] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 39:

[47] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ. 192:

[48] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 37:

[49] Տե´ս նույն տեղում, թ. 43:

[50] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ. 191:

[51] Տե´ս նույն տեղում, գ. 15, թ. 70:

[52] Տե´ս նույն տեղում, թ.12:

[53] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ.204:

[54] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ.45:

[55] Տե´ս նույն տեղում, գ. 15, թ.76:

[56] Տե´ս նույն տեղում, գ. 13, թ. 38:

[57] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ. 205:

[58] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 46:

[59] նույն տեղում, գ. 10, թ. 40:

[60] Նույն տեղում, թ.45:

[61] Տե´ս նույն տեղում,‎ ֆ 200, ց.1, գ. 536, թ. 14-15:

[62] Նույն տեղում, թ. 18:

[63] Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը «Հայրենիք», Բոստոն, 1964, հոկտեմբեր, N 10, էջ 68:

[64] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 536, թ. 23, Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, «Հայրենիք», Բոստոն, 1964, հոկտեմբեր, N10 էջ 68:

[65] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 536, թ. 22:

[66] Տե´ս Армяне Ставрополья и Терека, под общей редакцией канд. ист. наук. В. Акопяна, Пятигорск с. 134-135:

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com