Առաջաբան

ԱՌԱՋԱԲԱՆ

1918թ. թուրքական արշավանքի հետևանքով հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական: Նրանց մի մասը հեռացավ Հյուսիսային Կովկաս և երկրամասում բնակվող տեղացի հայերի հետ միասին հայտնվեց Ռուսաստանում մոլեգնող քաղաքացիական պատերազմի կենտրոնում:

1918թ. նոյեմբեր-1920թ. մարտ ամիսներին, այսինքն Հյուսիսային Կովկասում ոչ խորհրդային պետական կազմավորումների գոյության շրջանում, հայ գաղթականների մի մասը երկրամասի հայկական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների աջակցությամբ վերադարձավ հայրենիք: Հայ գաղթականների հայրենադարձությանը աջակցեցին նաև Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումները: Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի ջանքերով Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների հայրենադարձությունը շարունակվեց նաև երկրամասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո:

Ժամանակագրական առումով մենագրությունն ընդգրկում է մոտ երեք տարի` 1918թ. փետրվարից մինչև 1920թ. դեկտեմբերը, այսինքն թուրքական արշավանքի սկզբից մինչև Հայաստանի խորհրդայնացումը: Մոտ երեք տարի ընդգրկող ժամանակաշրջանում Հյուսիսային Կովկասում քաղաքական գործընթացները եղել են բարդ ու խճճված: Դա բացատրվում է հետազոտվող ժամանակաշրջանի բնույթով, խառն ու բարդ իրադարձություններով, գործող ուժերի շահերի հակամարտությամբ: Այդ իրողությունից ելնելով` հետազոտման ենթակա պատմական գործընթացը բաժանվել է առանձին ժամանակահատվածների` նկատի ունենալով քաղաքական իրադրության փոփոխությունները և Հյուսիսային Կովկասի գաղթական ու հնաբնակ հայության առջև ծառացած խնդիրները: Միաժամանակ պահպանվել է հավասարակշռությունը պրոբլեմային և ժամանակագրական հետազոտության սկզբունքների միջև: Այդ ժամանակահատվածներն են` 1918թ. փետրվար-հոկտեմբեր, 1918թ. նոյեմբեր-1920թ. մարտ, 1920թ. ապրիլ-դեկտեմբեր:

Առաջին ժամանակահատվածում թուրքական զորքերի Անդրկովկաս ներխուժելու հետևանքով սկսվեց Վրաստանում ապաստանած, ապա Բաքվի նահանգի հայերի հոսքը Հյուսիսային Կովկաս:

Երկրորդ ժամանակահատվածում Հյուսիսային Կովկասի հայկական ազգային կազմակերպությունների, երկրամասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների ջանքերով և Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների ու Անդրկովկասում բրիտանական ուժերի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների և ռազմագերիների հայրենադարձությունը Հայաստան, նաև տեղափոխումը մասամբ` Վրաստան և Ադրբեջան:

Երրորդ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության և խորհրդային իշխանության ջանքերով կազմակերպվեց Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի այլ շրջանների հայերի ներգաղթը Հայաստան, որը, սակայն, երկար չտևեց և 1920թ. թուրք-հայկական պատերազմի պատճառով դադարեց:

1918-1920 թթ. ընթացքում Հյուսիսային Կովկասի քաղաքական քարտեզի վրա ձևավորվեցին և անհետացան մոտ մեկ տասնյակ խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումներ: Դրանց սահմանները և անվանումները հիմնականում համընկան Ռուսական կայսրության փլուզման նախօրեին Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցող վարչատարածքային միավորների սահմաններին և անվանումներին (օրինակ` Թերեքի, Կուբանի, Ստավրոպոլի, Չեռնոմորսկի խորհրդային հանրապետություններ և այլն): Ռուսական կայսրության փլուզման նախօրեին Հյուսիսային Կովկասը վարչատարածքային առումով կազմված էր Կուբանի, Թերեքի, Դաղստանի մարզերից և Չեռնոմորսկի, Ստավրոպոլի նահանգներից:

1918-1920 թթ.-ին և դրանց նախորդած տարիներին Դոնի հայաշատ համայնքները չեն մտել Հյուսիսային Կովկասի աշխարհագրական և վարչատարածքային սահմանների մեջ, և միայն 1920-ական թթ.-ին խորհրդային իշխանությունը Հյուսիսային Կովկասը և Դոնը ժամանակավորապես միավորեց Հյուսիսկովկասյան երկրամասի մեջ[1]: Սակայն նկատի ունենալով 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասի հայկական գաղթօջախների հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում Նոր Նախիջևանի և Ռոստովի հայկական համայնքների ունեցած ակտիվ դերը, մասնակի անդրադարձ է կատարվել նաև այդ համայնքների և այնտեղ գործող ազգային կազմակերպությունների պատմությանը:

Հայ պատմագրության մեջ չկա առանձին ուսումնասիրություն, որը նվիրված լինի 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասի գաղթական և հնաբնակ հայերի պատմությանը: Մենագրությունում փորձ է արվում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրված արխիվային նյութերի, տվյալ ժամանակաշրջանի մամուլի հրապարակումների, ժամանակակիցների հուշերի հիման վրա ներկայացնել 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասի գաղթական և հնաբնակ հայերի ամբողջական պատմությունը:

 Հայ պատմագրության համար նորույթ է թուրքական զորքերի 1918թ. արշավանքի հետևանքով Անդրկովկասից հայերի Հյուսիսային Կովկաս գաղթի, նրանց թվաքանակի, տեղաշարժերի և հայրենադարձության ուսումնասիրությունը:

Աշխատանքում առաջին անգամ համակողմանի և ամբողջական ներկայացվել է 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասի հայկական գաղթավայրերի պատմությունը: Հանգամանորեն հետազոտվել է երկրամասի հայերի մասնակցությունը քաղաքացիական պատերազմին, վեր է հանվել հայկական կազմակերպությունների գործունեությունը և 1918-1919 թթ. Սոչիի շրջանի հայերի ինքնապաշտպանությունը:

Մենագրության մեջ առաջին անգամ ուսումնասիրվել է Հյուսիսային Կովկասի հայության կյանքում նշանակալի դեր ունեցած հասարակական-քաղաքական և դիվանագիտական գործիչների (Հ. Սաղաթելյան, Հ. Սառիկյան, Ա. Տոնյան, Ա. Հակոբյան և այլոք) ու նրանց ղեկավարած կառույցների գործունեությունը:

Մենագրությունը շարադրված է նորահայտ արխիվային վավերագրերի, փաստաթղթերի, վիճակագրական նյութերի, մամուլի և գրականության քննական վերլուծության և համադրման սկզբունքով: Հետազոտվող խնդիրները դիտարկվել են պատմաքննական, փաստագրական և վիճակագրական տվյալների վերհանման և վերլուծության մեթոդների կիրառմամբ: Հիմնահարցը հետազոտելիս հիմք ենք ընդունել պատմական ճշմարտությունը, օբյեկտիվությունը, անաչառությունը և անկողմնակալությունը:

 

[1] Տե´ս մանրամասն Цуциев А., Атлас этнополитической истории Кавказа (1774-2004), Москва 2006, Шнайдер В., Советское нациестроительство на Северном Кавказе (1917 – конец 1950 х гг.): Закономерности и противоречия, Армавир, 2007:

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com