ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. 1918Թ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԳԱՂԹԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

1918Թ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԳԱՂԹԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

 

1.1 Հյուսիսային Կովկասում հայերի թվաքանակը և դրությունը թուրքական զորքերի Անդրկովկաս ներխուժելու նախօրեին

 

Հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում Հայաստանը երկար ժամանակ գտնվել է օտար նվաճողների տիրապետության տակ: Հայրենիքում ստեղծված քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմանները ստիպել են հայ ժողովրդի մի հատվածին արտագաղթել համեմատաբար ավելի ապահով վայրեր, այդ թվում` Հյուսիսային Կովկաս: Հայերի հոսքը երկրամաս սկսվել է վաղ միջնադարից[1], սակայն համահավաք հայկական գաղթավայրեր այնտեղ առաջացան միայն 18-րդ դարի 20-ական թթ.-ին: Այդ գաղթավայրերի առաջացման և զարգացման պատմությունը անմիջականորեն կապվում է Հյուսիսային Կովկասում Ռուսական կայսրության իրականացրած քաղաքականության հետ:

18-րդ դարի սկզբից Ռուսական կայսրության միապետները երկրի հարավում գտնվող սակավաբնակ տափաստանները բնակեցնելու ու տնտեսապես յուրացնելու նպատակով լայն առանձնաշնորհումներ էին տալիս և այդ տարածքներ էին հրավիրում թուրքահպատակ և պարսկահպատակ հայերին[2]: Օգտվելով ռուսական պետության ընձեռած լայն հնարավորություններից` հայերը թողնում էին իրենց հայրենիքը և տեղափոխվում Հյուսիսային Կովկաս: Այդ եղանակով 18-րդ դարի ընթացքում երկրամասում ձևավորվեցին Սուրբ Խաչի, Ղզլարի և Մոզդոկի հայաշատ գաղթավայրերը[3]:

19-րդ դարում հայության հոսքը Հյուսիսային Կովկաս շարունակվեց: 18-րդ դարում առաջացած հայկական գաղթավայրերի կողքին ձևավորվեցին նորերը (Արմավիրում, Եկատերինոդարում, Վլադիկավկազում, Կիսլովոդսկում, Պյատիգորսկում, Գեորգիևսկում, Գրոզնիում, Ստավրոպոլում և այլն):

Առաջին աշխարհամարտի նախօրեին Հյուսիսային Կովկասում բնակվող հայերի թիվը հասել էր 70754-ի[4]: 1915-1917 թթ.-ին թուրքական ջարդերից մազապուրծ եղած արևմտահայերի և պարսկահայերի գաղթի հետևանքով Հյուսիսային Կովկասի հայ բնակչության թիվը մոտ 30 հազարով ավելացավ[5]:

Փաստորեն 1918թ. թուրքական արշավանքի նախօրեին Հյուսիսային Կովկասի հայության թիվը շուրջ 100 հազար էր: Այս զանգվածը սոցիալ-տնտեսական դրությամբ և քաղաքական հայացքներով միատարր չէր: Օրինակ «Հորիզոն»-ը 1918թ.-ի նոյեմբերի 1-ի համարում, անդրադառնալով Հյուսիսային Կովկասում հայերի բաժանմանը խմբերի, գրում է. «Հյուսիսային Կովկասի գաղթականները բաժանվում են երեք խմբի` այնտեղ հաստատվածները, ժամանակավոր եկածներն ու մնացածները և վերջապես ամենից մեծ մասը` փախածները, որոնք որոշել են վերադառնալ հայրենիք»[6]: Վերը ասվածից երևում է, որ Հյուսիսային Կովկասի ողջ բնակչությունը ընկալվում էր որպես գաղթականություն, որը բաժանված էր 3 խմբի: Սակայն ճիշտ չի լինի երկրամասի հայությանը բնութագրել որպես գաղթական, քանի որ նրանց մեջ կար մի ստվար զանգված, որն արդեն մի քանի սերունդ ապրում էր Հյուսիսային Կովկասում և հեռու էր գաղթական կոչվելուց:

Ռուսաստանի հայության առանձին խմբերի դասակարգման փորձ է արել Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, 1919թ. հատուկ լիազորություններով և հանձնարարականով Հյուսիսային Կովկաս գործուղված Մարտին Հարությունյանը: Նա գրում է. «Դրանց (հայերին – Ս.Մ.) կարելի է բաժանել գլխավորաբար երեք կատեգորիայի. 1) հնաբնակ հայեր, ինչպես Ն.Նախիջևանի, Արմավիրի, մասամբ Մոսկվայի և Պետերբուրգի հայությունն է, որ առհասարակ տեղացի է, 2) հետո Անդրկովկասից կամ Թուրքահայաստանից այնտեղ պանդխտած կամ գաղթած հայեր, որոնք սակայն Ռուսաստանում բնիկներ չեն, այլ ապրում են իրենց ծննդավայրի անցագրերով, և 3) պատերազմի ժամանակ այնտեղ ապաստան գտած հայեր թե´ Թուրքիայից և թե´ Անդրկովկասից: Վերջին երկու կատեգորիայի հայությունը իրեն համարում է Հայաստանցի և մի շարք խնդիրներով կապված է Հայաստանի ներկայացուցիչների հետ – անցագրային, զինվորագրական, գաղթականական-խնամատարական և այլն»[7]:

Հյուսիսային Կովկասի հնաբնակ հայերին գաղթականներից տարանջատելու նպատակով երկրամասի հայ բնակչությանը ճիշտ կլինի պայմանականորեն բաժանել երեք խմբի.

1 «Հնաբնակ հայերի» խումբն ունի 3 ենթախումբ.

1.1 «Հնաբնակ հայեր» – հաստատվել են երկրամասում մինչև 19-րդ դարի կեսերը: Նրանց շարքին կարելի է դասել չերքեզահայերին և 18-րդ դարում Պարսկաստանից ու մասամբ Արևմտյան Հայաստանից գաղթած հայության սերունդներին: Հնաբնակ հայերը հիմնականում բնակվում էին Հյուսիսային Կովկասի քաղաքներում (Արմավիր, Եկատերինոդար, Մոզդոկ, Ղզլար, Սուրբ Խաչ, Դերբենտ և այլն) և զբաղվում էին գլխավորապես առևտրով ու արհեստներով, իսկ հետագայում նաև ներգրավվեցին երկրամասի արդյունաբերության մեջ: Նրանք հիմնականում ապրում էին ապահով և բարեկեցիկ կյանքով: Այս ենթախմբի ներկայացուցիչները երկար ժամանակ սերտ շփման մեջ լինելով հարևան ժողովուրդների, մասնավորապես ռուսների հետ` 20-րդ դարի սկզբին մասամբ ձուլվել են` կորցնելով ազգային դիմագծի մի մասը: Միակ կապը թերևս Առաքելական եկեղեցին էր: Այդ խմբի ներկայացուցիչներին գաղթական համարել չի կարելի:

1.2 «Նորաբնակ հայեր» – հաստատվել են Հյուսիսային Կովկասում 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի 90-ական թթ.-ին: Նրանց հիմնական մասը համշենահայերն էին, մասամբ նաև` պարսկահայեր: Համշենահայերը հաստատվել են Հյուսիսային Կովկասի Սև ծովի առափնյա շրջաններում, իսկ հետո տարածվել են նաև Կուբանի երկրամասում: Նորաբնակ հայության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր, մասնավորապես` ծխախոտագործությունը և այգեգործությունը: Նրանց մեծ մասն ուներ իր սեփական հողակտորը, որի արտադրանքը վաճառելով` ապահովում էր իր գոյությունը:

1.3 «Օտարահպատակ հայեր» – մեծ մասը 19-րդ դարի 90-ական թթ.-ից մինչև Առաջին աշխարհամարտի սկիզբը Հյուսիսային Կովկաս տեղափոխված հայությունն էր` գերազանցապես համշենահայությունը: Օտարահպատակ հայերը մեծ մասամբ հաստատվել էին Չեռնոմորսկի նահանգում*, մասամբ նաև Կուբանի մարզում: Ցարական իշխանության անբարյացակամ վերաբերմունքի պատճառով այս ենթախմբի ներկայացուցիչների միայն չնչին մասն է կարողացել ռուսահպատակ դառնալ և հարկադրված էր հողից օգտվել միայն վարձակալական իրավունքով[8]: Չնայած դրան` թուրքահպատակ հայերը իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ բավական ապահով կյանքով էին ապրում: Այդ իսկ պատճառով սխալ կլինի նրանց հավասարեցնել Առաջին աշխարհամարտի ընթացքում երկրամաս եկած անօթևան և սոված հայ գաղթականների կարգավիճակին:

  1. «Գաղթական հայերի» խումբն ունի 2 ենթախումբ.

2.1 «Հին գաղթականներ» – անցել են Հյուսիսային Կովկաս 1915-1917թթ.: Մեծ մասը 1918թ. սկզբին ուներ ժամանակավոր օթևան և աշխատանք[9]: Սակայն, ի տարբերություն հնաբնակ հայերի, հին գաղթականության դրությունը ծանր էր. նրանք հատկապես տուժեցին քաղաքացիական պատերազմի տարիներին:

2.2 «Նոր գաղթականներ» – գաղթել են Հյուսիսային Կովկաս 1918թ. ընթացքում: Նրանք Հյուսիսային Կովկասի հայության ամենից մեծաթիվ, միևնույն ժամանակ ամենից անօգնական մասն են:

  1. «Հայ ռազմիկներ»: Այս խմբի ներկայացուցիչները Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կռվել էին Արևմտյան ռազմաճակատում` ցարական բանակի շարքերում: Նրանց մի մասը պատերազմի տարիներին հայտնվեց ավստրիական ու գերմանական գերության մեջ: Այս խմբի ներկայացուցիչները ցարական բանակի քայքայումից և Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հյուսիսային Կովկասով փորձում էին անցնել Անդրկովկաս:

1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Հյուսիսային Կովկասում իրենց գործունեությունը աշխուժացրին Հնչակյան և Դաշնակցություն կուսակցությունները: Հատկապես մեծ ժողովրդականություն էր վայելում Դաշնակցությունը: 1917թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Հյուսիսային Կովկասի դաշնակցական կազմակերպությունների և խմբերի ժողովը, որտեղ որոշվեց ստեղծել Հյուսիսկովկասյան կենտրոնական կոմիտե, որի գաղափարա-կազմակերպչական կենտրոնը դարձավ Արմավիրը[10]: Դաշնակցությունը ակտիվորեն մասնակցեց երկրամասի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Օրինակ, 1917թ. ամռանը Եկատերինոդարի քաղաքային դումայի ընտրությունների ժամանակ Դաշնակցությունը հավաքեց ձայների 1.3 տոկոսը:

Հյուսիսային Կովկասի հասարակական-քաղաքական կյանքում Դաշնակցության ակտիվ դերակատարությունը պահպանվեց նաև 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: 1918թ. գարնանը, երբ Եկատերինոդարում տեղի ունեցավ իշխանափոխություն, 1917թ.-ին դաշնակցական ղեկավարների գլխավորությամբ ստեղծված 100 հոգանոց հայկական ջոկատի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել արյունահեղությունից և խուճապից: 1918թ. ապրիլին, երբ ջոկատը հեռանում էր Եկատերինոդարից, քաղաքի իշխանությունները շնորհակալություն հայտնեցին հայկական ջոկատին օգնության համար[11]:

Հյուսիսային Կովկասի հայերը չէին սահմանափակվում միայն ազգային կուսակցություններին անդամակցելով: Նրանց շարքերում կային անարխիստներ, բոլշևիկներ, մենշևիկներ, կադետներ, էսեռներ[12]:

Հյուսիսային Կովկասի հայ բուրժուազիայի, առևտրականների և արդյունաբերողների մեծ մասը 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո համագործակցեց ժամանակավոր կառավարության հետ, իսկ 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո աջակցեց երկրամասի ոչ խորհրդային ուժերին: Երկրամասի հայ բանվորների և հողազուրկ գյուղացիների մեծ մասը աջակցեց խորհրդային իշխանությանը[13]:

Հյուսիսային Կովկասի առանձին շրջաններում բնակվող հայ բնակչության քաղաքական կողմնորոշման վրա մեծ ազդեցություն ուներ տեղական իշխանության վերաբերմունքը: 1917թ. ամռանը Չեռնոմորսկ նահանգի թուրքահպատակ հայերը Ժամանակավոր կառավարության կողմից տեղական մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվելու պատճառով սկսեցին աջակցել խորհրդային իշխանությանը: Դեռ 1917թ. օգոստոսին Նիժնայա Շիլովկա գյուղում Սոչիի հեղկոմը հայ կամավորներից կազմակերպեց կարմիրգվարդիական ջոկատ, որի ղեկավարը Կ. Օֆլյանն էր:

1918թ. հունվարին Սոչիում խորհրդային իշխանության հաստատումից հետո կազմավորվեցին խորհուրդներ, որտեղ ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում հայերը: Օրինակ, Սոչիի քաղաքային խորհրդի նախագահ ընտրվեց Ս. Տեր-Գրիգորյանը[14]:

Եթե 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանում իշխանության համար պայքարում էին բոլշևիկները և սպիտակները, ապա Ռուսաստանի հայերի շրջանում այդ պայքարն ընթանում էր հայ բոլշևիկների և դաշնակցականների միջև:

1917թ. դեկտեմբերին Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի ենթակայությամբ կազմակերպվեց Հայկական գործերի կոմիսարիատը: Հայկական գործերի կոմիսար նշանակվեց Վառլամ Ավանեսովը, իսկ նրա տեղակալ` Վահան Տերյանը[15]: Խորհրդային իշխանությունն այդ կառույցը ծառայեցրեց Ռուսաստանի տեղացի և գաղթական հայերի շրջանում խորհրդային գաղափարների տարածմանը և հակահեղափոխության դեմ` նրա ազգային դրսևորումներով հանդերձ, պայքարելու համար[16]: Հայկական գործերի կոմիսարիատը իր վրա դրված պարտավորությունները իրականացնում էր կոմիսարիատի բաժինների և խորհրդային իշխանության տարածքում գործող նրանց տեղական ներկայացուցչությունների միջոցով[17]: Հայկական գործերի կոմիսարիատի կողմից իրականացվող պայքարի հիմնական թիրախը Ռուսաստանում գործող հայկական ազգային կազմակերպություններն էին` Հայոց ազգային խորհուրդները, բարեգործական, գաղթականական, հայրենիքի փրկության, ուսանողական և այլն: Մինչև 1918թ. կեսերը Հյուսիսային Կովկասում Հայկական գործերի կոմիսարիատի աշխատակիցների բացակայության շնորհիվ հայ բոլշևիկների և դաշնակցականների պայքարը սուր բնույթ չընդունեց: Երկրամասում Հայկական կոմիսարիատից անջատ գործող հայ բոլշևիկները, ի տարբերություն Մոսկվայի և Ռուսաստանի կենտրոնական շրջանների իրենց գաղափարակիցների, ավելի հանդուրժող վերաբերմունք ունեին հայկական ազգային կազմակերպությունների և Դաշնակցության հանդեպ: Նրանց ավելի շատ մտահոգում էին ոչ թե ազգային կազմակերպությունների և Դաշնակցության դեմ պայքարը, այլ 1915-1917թթ. Հյուսիսային Կովկաս եկած գաղթականներին աջակցելու և Կովկասյան ռազմաճակատի համար հայ զինվորներ ուղարկելու խնդիրները:

1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հյուսիսային Կովկասի մեծ մասում ձևավորված խորհրդային իշխանության պահանջով երկրամասի հայոց ազգային խորհուրդները վերանվանվեցին հայ ժողովրդական հեղափոխական կոմիտեների, և նոր ընտրությունների միջոցով նրանց կազմը համալրվեց բոլշևիկ գործիչներով: Փաստորեն երկրամասի հայկական կազմակերպություններում աշխատում էին թե´ հայ բոլշևիկները, թե´ դաշնակցական գործիչները: Անդրադառնալով երկրամասի հայկական կազմակերպությունների դրությանը` Հյուսիսային Կովկասի և Դոնի հայ զինվորների ռազմական կոմիսար Սիրաք Գրիգորյանը 1918թ. հունիսի 15\28 Թիֆլիսի (հնարավոր է` նաև Բաքվի) Հայոց ազգային խորհրդին ուղղված զեկույցում գրում է. «Մարտի սկզբներին (1918թ. – Ս.Մ) համարյա թե ամեն տեղ էլ (Հյուսիսային Կովկասում և Դոնում – Ս.Մ) նոր ընտրություններ եղան և ազգային խորհուրդները այդպես կազմվեցին: Բացի այդ միատեսակ գործունեություն ունենալու համար այդ բոլոր կոմիտեները առանձին համագումարներ ունեցան և ընտրեցին մի գործադիր մարմին՝ «կենտրոնական կոմիտե» անունով, որը նստելով Արմավիրում ղեկավարում էր բոլոր մարմիններին և բավականին լավ գործունեություն էր սկսել»[18]: Փաստորեն խորհրդային իշխանության օրոք ձևավորված Արմավիրի Կենտրոնական կոմիտեն իր վրա վերցրեց Արմավիրում գործող Դաշնակցության Հյուսիս-կովկասյան կենտրոնական կոմիտեի գործառույթները:

Հյուսիսային Կովկասի հայերի մի մասը կամավոր կամ հարկադրաբար խորհրդային և ոչ խորհրդային բանակներում ծառայելով` դարձավ քաղաքացիական կռիվների անմիջական մասնակից: Այսպես, խորհրդային իշխանության կողմից 1918թ. ապրիլի 10-ից Հյուսիսային Կովկասում սկսված զորահավաքի հետևանքով հազարավոր հայեր զորակոչվեցին Կարմիր բանակ[19]: Օրինակ, 1918թ. ապրիլին Արմավիրում կազմավորված հայկական ջոկատը ուղարկվեց Սուխում` խորհրդային իշխանությանը համակրող ապստամբներին օգնելու[20]: Եվս 500 հայ զինվոր` 2000 ռուս զինվորների հետ, ուղարկվեցին Բաքվին օգնության, սակայն կարողացան հասնել միայն մինչև Գեորգիևսկ[21]:

1917թ. փետրվարյան հեղափոխությունը քայքայիչ ազդեցություն ունեցավ ոչ միայն Կովկասյան, այլև Արևմտյան ռազմաճակատի վրա, որտեղ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դեմ կռվում էին մոտ 150 հազար հայ զինվորներ (որոնց մի մասը գերի էր ընկել և կարողացավ վերադառնալ միայն Համաշխարհային պատերազմի ավարտից հետո[22]): Ռազմաճակատի քայքայվելուց հետո հայ զինվորների մի մասը հայրենիք անցնելու ակնկալիքով մեկնեց Հյուսիսային Կովկաս[23]: Երկրամասի խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումները և դրանց կողմից հովանավորվող առանձին անհատներն ու կազմակերպությունները ամեն ջանք գործադրեցին հայ զինվորներին հակամարտող բանակների շարքերը ներգրավելու համար: Իրենց հերթին, երկրամասում կուտակված հայ զինվորները անբարենպաստ ճանապարհների և երկաթուղու անկանոն գործելու հետևանքով հարկադրված էին շաբաթներով և ամիսներով մնալ Հյուսիսային Կովկասում և սնունդ, հագուստ ու գումար հայթայթելու նպատակով մտնել խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումների բանակների շարքերը:

Այսպիսով, արխիվային վավերագրերի, մամուլի և գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս.

  1. Թուրքական զորքերի Անդրկովկաս ներխուժելու նախօրեին Հյուսիսային Կովկասի հայ բնակչության թիվը մոտ 100 հազար էր:
  2. Երկրամասի հայությանը պայմանական խմբերի բաժանելու շնորհիվ հնարավոր եղավ տարանջատել հնաբնակ հայերին Առաջին աշխարհամարտի ընթացքում Հյուսիսային Կովկաս եկած գաղթականներից` նկատի ունենալով այդ խմբերից յուրաքանչյուրում եղած հայերի թվաքանակը:
  3. Ռուսաստանում 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվորեն մասնակցեցին երկրամասի քաղաքական գործընթացներին: Հյուսիսային Կովկասի հայ բուրժուազիայի, առևտրականների և արդյունաբերողների մեծ մասը աջակցեց երկրամասի ոչ խորհրդային ուժերին, իսկ հայ բանվորների և հողազուրկ գյուղացիների ճնշող մասը` խորհրդային իշխանությանը:
  4. Հազարավոր հայեր կամովին, թե հարկադրաբար մտան երկրամասի խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումների բանակների մեջ:

5. 1918թ. առաջին ամիսներին Հյուսիսային Կովկասի խորհրդային իշխանության պահանջով երկրամասի հայոց ազգային խորհուրդները վերանվանվեցին հայ ժողովրդական հեղափոխական կոմիտեներ և նոր ընտրությունների միջոցով նրանց կազմը համալրվեց բոլշևիկ գործիչներով: Չնայած վերոհիշյալ փոփոխությանը` դաշնակցական գործիչները չհալածվեցին և շարունակեցին իրենց գործունեությունը նորակազմ հայկական կոմիտեներում:

 

[1] Տե´ս մանրամասն` Багдасарян Р., История армянской общины Грозного (середина XIX – 1920г.), диссертация на соискание ученой степени кандидата исторических наук, специальность է.00.01 – История армянского народа, с. 14-16:

[2] Տե´ս Բարխուդարյան Վ., Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1861-1917 թթ.), էջ 11, Հայ գաղթաշխարհի պատմություն (միջնադարից մինչև 1920թ.), հատոր առաջին, էջ 346-374, Багдасарян Р., Торгово-экономическая деятельность армянского купечества на Тереке (XVIII – начало XX вв.), «Լրաբեր հասարակական գիտությունների», 2001, մայիս-օգոստոս, N 2 (604), էջ 48-49:

[3] Տե´ս Հայ գաղթաշխարհի պատմություն (միջնադարից մինչև 1920թ.), հատոր առաջին, էջ 348-355:

[4] Տե´ս Խոջաբեկյան Վ., Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին, էջ 115:

[5] Տե´ս Հայ ժողովրդի պատմություն, հատոր 6-րդ, էջ 645, Арутюнян А. Первая мировая война и армянские беженцы (1914-1917гг.,), диссертация на соискание ученой степени кандидата исторических наук, с. 56, Ованесов Б., Отношение армянских общин Ставропольской губернии к Первой мировой войне (1914-1917гг.), «Լրաբեր հասարակական գիտությունների», 2001, մայիս-օգոստոս, N 2 (604) , էջ 127, Багдасарян Р., История армянской общины Грозного (середина XIX – 1920г.), диссертация на соискание ученой степени кандидата исторических наук, специальность է.00.01 – История армянского народа, Ереван, 1999, с. 160:

[6] «Հորիզոն» 1918, նոյեմբերի 1, N 224:

[7] ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ.333, թ. 2:

* Չեռնոմորսկի նահանգը` Նովոռոսիյսկ կենտրոնով, ձևավորվել է 1896թ., (տե´ս Ананян Ж., Хачатурян В., Армянские oбщины России, с. 75):

[8] Տե´ս Հայ ժողովրդի պատմություն, հատոր 6-րդ, էջ 647, Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 470:

[9] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200 ց.1, գ.143, թ.25: 

[10] Տե´ս Симонян М., Армянская диаспора Северо-Западного Кавказа: формирование, конфессиональный облик, взаимоотношения с властью, общественными и религиозными объединениями (конец XVIII – конец XX века), диссертация на соискание ученой степени кандидата исторических наук по специальности 07.00.02, с. 62:

[11] Տե´ս Համշէն և համշէնհայութիին (գիտաժողովի նիւթեր), Երևան, 2007, էջ 78-79, Симонян М., …, նշվ. աշխ., с. 64:

[12] Տե´ս Симонян М., …, նշվ. աշխ., էջ 62:

[13] Տե´ս նույն տեղում, էջ 62:

[14] Տե´ս Минасян М., Армяне Причерноморья, с 116:

[15] Տե´ս Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունությունը (1917-1921), էջ 27:

[16] Տե´ս նույն տեղում, էջ 25-26:

[17] Տե´ս Ալիխանյան Ս., Սովետական Ռուսաստանի դերը hայ ժողովրդի ազատագրման գործում 1917-1921 թթ., էջ 59-61:

[18] ՀԱԱ,‎ ֆ.200, ց.1, գ.158, թ.36, Ալեքսանյան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1917-1941 թթ., ատենախոսություն, է.00.01 – «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, էջ 24-25:

[19] Տե’ս ՀԱԱ,‎ ֆ. 201, ց.1, գ.36, թ.117:

[20] Տե´ս М. Минасян, Армяне Причерноморья, с 117:

[21] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.158, թ.35:

[22] Տե´ս նույն տեղում, գ.73 I, թ.17, գ.82, թ.9:

[23] Տե´ս Դարբինեան Ռ., Կեանքիս գրքէն (փշրանքներ իմ յուշերէն), «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1959, հոկտեմբեր N 10 (404), էջ 24, Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունությունը (1917-1921), էջ 132:

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com