ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրքական զորքերը ներխուժեցին Դաղստան, որի հետևանքով առնվազն 13 հազար հայ գաղթական հեռացավ Հյուսիսային Կովկասից և նրանց թիվը 124-127 հազարից իջավ 111-114 հազարի:

1918թ. կեսերից Հյուսիսային Կովկասում ռազմական առավելության հասան ոչ խորհրդային պետական կազմավորումները, որոնք 1918թ. վերջին գրավեցին երկրամասի մեծ մասը: Հյուսիսային Կովկասում քաղաքական իրադրության փոփոխման հետևանքով փոխվեց նաև երկրամասի հայերի դրությունը:

Մանրամասն ուսումնասիրվել է Հյուսիսային Կովկասում ոչ խորհրդային պետական կազմավորումների շրջանում հայ գաղթականների հայրենադարձության պատմությունը:

 1919թ. մայիս-հուլիս ամիսներին Հյուսիսային Կովկասի հայկական ազգային կազմակերպությունների, Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության, Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների և Անդրկովկասում բրիտանական ուժերի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց երկրամասի մոտ 50 հազար հայերի հայրենադարձությունը (Հայաստան, մասամբ` Վրաստան և Ադրբեջան):

1919թ. հուլիսի վերջից Հայաստանի կառավարությունը, երկրում սկսված մահմեդականների ապստամբությունների հետևանքով, այլևս չկարողացավ զբաղվել Նովոռոսիյսկից Բաթում ժամանող հայ գաղթականներին Հայաստան տեղափոխելու խնդիրներով: Հետևանքն այն եղավ, որ հայ գաղթականները սկսեցին կուտակվել Բաթումում` առաջացնելով անգլիացիների դժգոհությունը: Գաղթականների հետագա հոսքը Բաթում կասեցնելու նպատակով 1919թ. հուլիսի վերջին Անդրկովկասում բրիտանական զորքերի հրամանատարությունը արգելեց նրանց մուտքը քաղաք, ինչի հետևանքով Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների տեղաշարժը Նովոռոսիյսկ-Բաթում ուղղությամբ դադարեց:

Հյուսիսային Կովկասում մնացած հայ գաղթականներին Կամավորական բանակ և կազակների զորքեր զորակոչվելու խնդիրը Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության շնորհիվ առժամանակ վերացավ:

Չնայած Հ. Սաղաթելյանին հաջողվեց հետաձգել հայ գաղթականների զորակոչը, սակայն երկրամասի որոշ շրջաններում տեղական հրամանատարների անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով գաղթականները զորակոչվեցին ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքեր:

1920թ. հունվար-մարտ ամիսներին Հ. Սաղաթելյանը, երկրամասի հյուպատոսները և գաղթականների հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունները Հյուսիսային Կովկասից Հայաստանի Հանրապետություն տեղափոխեցին 3-4 հազար հայ գաղթական և զինվոր:

Այսպիսով, 1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս եկան 124-127 հազար հայ գաղթականներ: Այս զանգվածից մոտ 13 հազարը 1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հյուսիսային Կովկասից հեռացավ Կասպից ծովի այլ ափամերձ շրջաններ: Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականներից 67-69 հազարը Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների, ՌԿԽԸՀԿ-ի և հայկական կազմակերպությունների ջանքերով, խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումների և Անդրկովկասում բրիտանական հրամանատարության աջակցությամբ 1918-1920 թթ. ընթացքում (3-4 հազարը 1918թ. օգոստոս-դեկտեմբերին, 50 հազարը 1919թ. մայիս-հուլիսին, 3-4 հազարը 1920թ. փետրվար-մարտին, 11 հազարը 1920թ. մայիս-նոյեմբերին) անցավ Անդրկովկաս` հիմնականում Հայաստանի Հանրապետություն: Ընդհանուր առմամբ 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասից հեռացավ 80-82 հազար հայ գաղթական: Հազարավոր գաղթականներ մահացան սովից, տարատեսակ հիվանդություններից և քաղաքացիական կռիվների ժամանակ, որի հետևանքով 1920թ. վերջին Հյուսիսային Կովկասում մնացել էր մոտ 38.400 հայ գաղթական: Եթե այս թվին գումարենք 1915-1917 թթ. երկրամաս եկած 30 հազար հայ գաղթականներին և 70 հազար հնաբնակ հայերին, կստացվի, որ 1920թ. վերջին Հյուսիսային Կովկասում հայերի թիվը շուրջ 138 հազար էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *