2.3 Երկրամասում բնակվող և ապաստանած հայության զորակոչի խնդիրը ու հայրենադարձությունը (1920թ. հունվար-մարտ)
1919թ. աշնանը Օրյոլի շրջակայքում տեղի ունեցած մարտերում խորհրդային զորքերի հաջողությունները հարկադրեցին Ռուսաստանի հարավի զինված ուժերին ոչ միայն հրաժարվել Մոսկվան գրավելու մտադրությունից, այլև սկսել նահանջը: 1920թ. հունվար-փետրվար ամիսներին հակամարտող կողմերի սահմանաբաժան գիծը Դոն և Մանիչ գետերն էին[1]:
Խորհրդային զորքերի առաջխաղացումը, Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններում բռնկված ապստամբությունները և կազակների կառավարությունների դժգոհությունը հարկադրեցին Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարությանը համատարած զորակոչ սկսել[2]: Այն տարածվեց նաև Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների վրա[3]: 1918-1919 թթ. ընթացքում մի քանի հազար հայեր զորակոչվել և ծառայում էին Ռուսաստանի հարավի զինված ուժերում: Նոր զորակոչը նրանց թիվը մի քանի հազարով կավելացներ: Ռուսաստանի հարավի զինված ուժերում հազարավոր հայ ռազմիկների առկայությունը խորհրդային իշխանության մոտ այն կարծիքը կստեղծեր, որ երկրամասի հայերը, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը հանդես են գալիս խորհրդային իշխանության դեմ: Ակնհայտ է, որ Հյուսիսային Կովկասը գրավելուց հետո Խորհրդային Ռուսաստանը հալածելու և դաժանորեն պատժելու էր Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների կողմնակիցներին և նրանց զորքերում ծառայող զինվորականությանը, իսկ Մոսկվայի հայ բոլշևիկները առիթը չէին կորցնի Հայաստանի կառավարությանը վարկաբեկելու համար[4]:
Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հ. Սաղաթելյանը հասկանալով զորակոչի հետևանքով երկրամասի հայությանը և Հայաստանի կառավարության հեղինակությանը սպառնացող վտանգը` փորձեց այն չեզոքացնել: Նա, 1920թ. հունվարի սկզբին դիմեց Ռուսաստանի հարավի զինված ուժերի գերագույն հրամանատարին` խնդրելով դադարեցնել երկրամասի հայ գաղթականների զորակոչը: Երկու շաբաթ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարությունը ընդառաջեց[5]: Հ Սաղաթելյանի և Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարության պայմավորվածությամբ Անդրկովկասում ծնված և չզորակոչված հայերը Հայաստան գնալու և հայկական բանակում ծառայելու համար մինչև 1920թ. մարտի 10-ը տարկետում ստացան[6]: Մեկ ամսվա ընթացում նրանք պետք է գրանցվեին Հ. Սաղաթելյանի կամ նրա լիազորների մոտ և մինչև մարտի 10-ը գնային Հայաստան[7]: Անդրկովկասում ծնված և արդեն զորակոչված հայերը պետք է ցուցակագրվեին և հայկական բանակում ծառայությունը շարունակելու համար Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության միջոցով ուղարկվեին Հայաստան[8]:
1919թ. վերջին ՌԿԽԸՀԿ-ն միջոցների սղության պատճառով փակեց Հյուսիսային Կովկասի բաժանմունքները[9]: Խորհրդային զորքերի առաջխաղացման հետևանքով 1919թ. դեկտեմբերին այն Ռոստովից տեղափոխվեց Եկատերինոդար, իսկ 1920թ. հունվարին` Նովոռոսիյսկ, որտեղ նույն ամսվա կեսերին լուծարվեց: Այդ կառույցի անդամները հեռացան Բաթում[10]: ՌԿԽԸՀԿ-ի ինքնալուծարումից հետո Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների օգնության, իրավունքների պաշտպանության և հայրենադարձության խնդիրներով զբաղվեցին երկրամասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները:
Գաղթականներին նյութապես օգնելու համար անհրաժեշտ էին զգալի ֆինանսական միջոցներ, որոնք նախկինում գոյանում էին երկրամասի հարուստ հայերի նվիրատվություններից: 1919թ. վերջին և 1920թ. սկզբին խորհրդային զորքերի առաջխաղացման հետևանքով Հյուսիսային Կովկասի հարուստ հայերի մեծ մասը հեռացավ երկրամասից, ինչը դժվարացրեց գաղթականների խնամքի համար անհրաժեշտ միջոցների հայթայթումը[11]:
1920թ. հունվար-փետրվար ամիսներին Հ. Սաղաթելյանը հնաբնակ և գաղթական հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց հայրենադարձությունը կազմակերպելու նպատակով Հյուսիսային Կովկասի մի շարք շրջաններում ժամանակավոր հյուպատոսներ նշանակեց[12]: Նովոռոսիյսկում հյուպատոսի գործերի պատշոնակատար նշանակվեց կապիտան Աշոտ Տոնյանը, Ստավրոպոլում և նահանգում` քաղաքի գաղթական կոմիտեի նախագահ Արսեն Քալանթարը[13], Կիսլովոդսկում` նախկին քաղաքապետ Պետրոս Հովհաննիսյանը: Նորաստեղծ հյուպատոսարանների ֆինանսական ծախսերը հոգալու էին այդ շրջանների հայկական համայնքները[14]:
Նորանշանակ հյուպատոսների կողքին իրենց գործունեությունը շարունակում էին հյուպատոսներ Հ. Սառիկյանը` Վլադիկավկազում, Մ.Պոպովը` Պետրովսկում, Ա. Հակոբյանը` Սոչիում, Յ. Օվելյանը` Արմավիրում, Բախչիսարայցևը` Եկատերինոդարում:
Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների առաջնային խնդիրը երկրամասի հայ գաղթականներին զորակոչից ազատելու համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումն էր: Հ. Սաղաթելյանի մշակած սկզբունքների համաձայն 1) Հայաստանի Հանրապետության տարածքում ծնվածները պետք է ստանային ազգային անձնագրեր, 2) Անդրկովկասի այլ վայրերում ծնվածները` վկայականներ, որտեղ նշվելու էր նրանց ծննդավայրը, 3) գաղթականի կարգավիճակը պահպանել ցանկացողները ստանալու էին վկայականներ, որտեղ նշվելու էր, որ նրանք եկել են Հյուսիսային Կովկաս 1917թ մարտի 1-ից հետո, 4) նախկին թուրքական վիլայեթների բնակիչները ստանալու էին անձը հաստատող վկայականներ, որտեղ պետք է նշվեր նրանց ծննդավայրը և Հյուսիսային Կովկաս ժամանելու ամսաթիվը[15]:
Հ.Սաղաթելյանը փետրվարի 25-ին Եկատերինոդարում նախատեսել էր գումարել Ռուսաստանի հարավի հայկական հյուպատոսների հավաք, որտեղ պետք է քննարկվեին 1. Հայաստանին պարենով և գումարով աջակցելու, 2. զորակոչային տարիքի գաղթականների տեղափոխության, 3. երկրամասի ներկայացուցչության և հյուպատոսարանների միջև մշտական կապ պահպանելու ու համաձայնեցված գործելու հարցերը: Ժողովի մասնակիցները պետք է զեկուցեին իրենց շրջաններում հայերի դրության և կատարած աշխատանքների մասին[16]: Սակայն 1920թ. փետրվարի 14-ից Հյուսիսային Կովկասում վերսկսված ռազմական գործողությունները և Եկատերինոդարի ուղղությամբ խորհրդային զորքերի սրընթաց առաջխաղացումը հնարավորություն չտվեցին Հ. Սաղաթելյանին այդ հավաքը կազմակերպել:
Խորհրդային զորքերի առաջխաղացման հետևանքով երկրամասի դիվանագիտական և հյուպատոսական մարմինները զրկվեցին Հայաստանի կառավարության հետ մշտական կապի մեջ լինելու հնարավորությունից: Հայաստանի ներքին և արտաքին դրությանը տեղեկանալու և նոր կարգադրություններ ստանալու ակնկալիքով այդ կառույցների ղեկավարները դիմեցին Անդրկովկասին ամենից մոտ գտնվող Վլադիկավկազի հյուպատոս Հ. Սառիկյանին[17]: 1919թ. փետրվարի 4-ին Հ. Սառիկյանի Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներակայացուցչին ուղղած զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանի կառավարությունից վերջին տեղեկությունը Վլադիկավկազի հյուպատոսը ստացել է 1919թ. դեկտեմբերի 30-ին: Դրանից հետո Անդրկովկասին վերաբերվող կցկտուր տեղեկություններ հասել են միայն լրագրերից և պատահական անցորդներից: “Հերթական ու ծայրահեղորեն հրատապ են հպատակության, զորակոչի, գաղթականության վերադարձի հարցերը, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկա ոչ միայն Վլադիկավկազի, այլ և Հյուսիսային Կովկասի մյուս հյուպատոսարաններում….”, գրում է վերոհիշյալ զեկույցում Հ. Սառիկյանը` խնդրելով Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչին տեղեկացնել իրեն Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին կացության, մինչև 1920թ. մարտի 10-ը զորակոչվող հայերի նկատմամբ Հայաստանի կառավարության դիրքորոշման և գաղութներից հայերին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ նրա մշակած քայլերի մասին[18]: Հիշյալ զեկույցը երկար ժամանակ անպատասխան մնաց և Հ. Սառիկյանը 1920թ. փետրվարի 8-ին հատուկ սուրհանդակ Ավետիս Գաբելյանի միջոցով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին մեկ այլ զեկույց-դիմում ուղարկեց: Դրա մեջ նա գրում էր Հյուսիսային Կովկասի քաղաքական զարգացումների, հնաբնակ և գաղթական հայերի դրության մասին: Զեկույց-դիմումում Վլադիկավկազի հյուպատոսը արտաքին գործերի նախարարին խնդրում էր ծանոթացնել Հայաստանի արտաքին և ներքին դրությանը, Հայաստանի հպատակություն և քաղաքացիություն ստանալու կարգին և լուծել գաղթականների վերադարձի խնդիրը, վերացնել Վրաստանի իշխանությունների կողմից ներգաղթողների նկատմամբ հարուցած խոչընդոտները[19]:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հ. Սառիկյանի փետրվարի 8-ի զեկույց-դիմումին պատասխանեց 1920թ. մարտի 8-ին[20], այն ժամանակ, երբ Հյուսիսային Կովկասում քաղաքական կացությունը արմատապես փոխվել էր և հայերի զորակոչի խնդիրը այլ լուծումներ էր պահանջում: Օրինակ հիշյալ նամակում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հ. Սառիկյանին տեղեկացնում էր, որ երկրամասի հայերի զորակոչի վերաբերյալ անհրաժեշտ հրահանգները կուղարկի Հ. Սաղաթելյանին, մինչդեռ վերջինս արդեն հեռացել էր Եկատերինոդարից Նովոռոսիյսկ, այնտեղից էլ`մարտի 11-ին` Ղրիմ[21]: Խորհրդային զորքերի առաջխաղացման հետևանքով Հյուսիսային Կովկասից հեռացավ նաև Թերեքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և Միներալնիե վոդիում հյուպատոս Ալեքսանդր Ասրիբեկյանը[22]:
Հյուսիսային Կովկասի հայերի դրությունը թեթևացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը դիմեց 1920թ. մարտի 7-ից 11-ը Հայաստանում գտնվող կազակների Գերագույն կրուգի պատվիրակության անդամներին[23]. նրանք խոստացան ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն[24]: Սակայն այդ խոստումները չէին կարող իրականանալ, քանի որ մարտի վերջին խորհրդային զորքերը գրավել էին Հյուսիսային Կովկասը:
1919թ. վերջին և 1920թ. սկզբին Հայաստանի կառավարությունը Սուխումի հյուպատոսի միջոցով կարողացավ չեզոքացնել միայն Սոչիի շրջանի հայությանը սպառնացող վտանգը:
1919թ. սկզբին Կամավորական բանակի կողմից Սոչիի գրավումից հետո շրջանի բնակչության դրությունը չբարելավվեց: Նոր իշխանությունները շարունակեցին բնակչության կողոպուտը: Կամավորական բանակը Սոչիի շրջանում 18-40 տարեկան տղամարդկանց զորակոչ հայտարարելուց հետո բնակչության մեջ սկսվեց դժգոհությունների նոր ալիք: 1919թ. ապրիլին այն վերաճեց զինված դիմադրության[25]: 1919թ. նոյեմբերի 18-ին ձևավորվեց Սևծովյան ազատագրության խորհուրդը, որը ստանձնեց ապստամբության ղեկավարումը: Ապստամբներին աջակցեց նաև վրացական կառավարությունը[26]: Կամավորական բանակի հրամանատարությունը ապստամբությունը ճնշելու համար օգտագործեց ոչ տեղացի հայերից կազմված հայկական գումարտակը[27], որտեղ ծառայում էր 300-1500 հայ զինվոր[28]: Շրջանի ապստամբների շարքերում ևս մեծ թվով հայեր կային[29]:
Սոչիում Հ. Սաղաթելյանի կողմից լիազոր նշանակված Արամ Հակոբյանի և Սուխումի Հայոց ազգային խորհրդի զեկույցներից Հայաստանի կառավարությունը տեղեկացավ Սոչիի շրջանի հայերի՝ մասնավորապես հայ զինվորների, ծանր դրության մասին[30]: 1920թ. փետրվարի սկզբին Հայաստանի կառավարությունը Սուխումի հայկական հյուպատոս Սահակյանին կարգադրեց Հայաստանի Հանրապետություն տեղափոխել Սոչիի հայկական ջոկատը և Կամավորական բանակից փախած ու շրջանում ապաստանած հայ ռազմագերիներին[31]: Վրաստանի տարածքով նրանց տեղափոխությունը անարգել իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Լ.Եվանգուլյանին հանձնարարեց բանակցել վրաց կառավարության հետ[32]:
1920թ. հունվարի վերջին ապստամբները գրավեցին Սոչիի շրջանը[33]: Կամավորական բանակի կազմում գործող հայկական գումարտակը ապստամբների դեմ կռվելիս զգալի կորուստներ ունեցավ: Կամավորական բանակի նահանջի ժամանակ հայկական գումարտակի զինվորների մեծ մասը մնաց Սոչիում և ձերբակալվեց ապստամբների կողմից: Ա. Հակոբյանի ջանքերի շնորհիվ նրանց ազատեցին` պայմանով, որ նրանք ուղարկվեն Հայաստանի Հանրապետություն[34]: Այս մասին Ա. Հակոբյանը հեռագրեց Սուխումում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան, որն էլ մարտի սկզբին` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը: 1920թ. մարտի կեսերին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հրահանգեց Սուխումի հյուպատոսին հայկական գումարտակի զինվորներին տեղափոխել հայրենիք[35]: 1920թ. մարտի վերջին Սոչիի շրջանից Թիֆլիս տեղափոխվեց հայկական գումարտակի 200 վիրավոր զինվոր[36]:
1920թ. հունվար-փետրվարին Հ. Սաղաթելյանը, Հյուսիսային Կովկասում գործող հյուպատոսները և գաղթականների հարցերով զբաղվող ազգային կազմակերպությունները ստիպված էին ինքնուրույն գործել, առանց Հայաստանի կառավարության աջակցության և հրահանգների կազմակերպել գաղթականներին համապատասխան փաստաթղթերով ապահովելու, ցուցակագրելու և Կամավորական բանակ զորակոչված հայերին ետ բերելու խնդիրները:
Այդ գործընթացը երկրամասի տարբեր շրջաններում տարբեր ընթացք ունեցավ:
Կուբանում, Ստավրոպոլում և Թերեքի արևմտյան ու կենտրոնական հայաշատ շրջաններում (մասնավորապես Հանքային ջրերում և Վլադիկավկազում – Ս.Մ.) այդ գործընթացը հաջողությամբ իրականացվեց շնորհիվ Հ.Սաղաթելյանի, Ա.Տոնյանի, Յ. Օվելյանի, Բախչիսարայցևի, Ա.Քալանթարի, Հ. Սառիկյանի, Պ.Հովհաննիսյանի[37]:
Թերեքի արևելյան շրջաններում (Գրոզնի, Մոզդոկ, Ղզլար) և Դաղստանում հայ գաղթականներին զորակոչից ազատելու գործընթացը մի շարք պատճառներով գրեթե չիրականացվեց: Գրոզնիում անհաջողության հիմնական պատճառը տեղի հրամանատարի անբարյացակամ վերաբերմունքն էր: Նա չէր ճանաչում հայերի անցագրերը, Վլադիկավկազի հյուպատոսի կողմից տրված Հայաստանի Հանրապետության անձնագրերը և Գրոզնիի Հայոց ազգային խորհրդի գաղթականական վկայականները[38]: Գրոզնիի Հայոց ազգային խորհրդի և Հ.Սառիկյանի` քաղաքի հայ գաղթականներին զորակոչից պաշտպանելու և զորակոչվածներին ազատելու ջանքերը ապարդյուն անցան: 1920թ. փետրվարի 8\21-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին ուղղված նամակում Հ. Սառիկյանը գրում է .“Գրոզնայի շրջանում տեղական իշխանությունները նույն իսկ հայ գաղթականներին զորակոչի ենթարկեց, տեղական ազգային խորհուրդը փակեց, հայկական անցագրերը չուզեց ճանաչել”[39]:
Գրոզնիի հայերի իրավունքները պաշտպանելու համար Հ. Սաղաթելյանը 1920թ. փետրվարի 10-ին ինժիներ-տեխնոլոգ Նիկիտա Սարուխանյանցին նշանակեց քաղաքի փոխհյուպատոս, որը պետք է ենթարկվեր Վլադիկավկազի հյուպատոսին[40]: Սակայն Գրոզնիում փոխհյուպատոսարանի բացումը չօգնեց գաղթականների զորակոչի կասեցմանը:
Եթե Գրոզնիում ստեղծված կացությունը հիմնականում տեղի իշխանության անբարյացակամ վերաբերմունքի հետևանք էր, ապա Մոզդոկում և Ղզլարում դրան գումարվեցին այդ շրջանների մարզային կենտրոններից կտրվածությունը և գաղթականների ու նրանց խնդիրներով զբաղվող հայկական կազմակերպությունների միջոցների սղությունը: 1920թ. հունվար-փետրվար ամիսներին Մոզդոկի և Ղզլարի հայկական գաղթականական կոմիտեների նախագահները Հ. Սառիկյանին գրած դիմումներում խնդրում էին աջակցել իրենց` լուծելու զորակոչից տարկետում ստանալու, գաղթականներին անհրաժեշտ փաստաթղթերով ապահովելու և ցուցակագրելու հարցերը[41]: Հ. Սառիկյանը պատասխանել, իրազեկել, որոշ դեպքերում անհրաժեշտ հրահանգներ է տվել Մոզդոկի և Ղզլարի համապատասխան մարմիններին, սակայն խորհրդային զորքերի առաջխաղացումը, ստեղծված խուճապը, խառնաշփոթը և միջոցների սղությունը հնարավորություն չտվեցին այդ շրջանների հայկական կազմակերպություններին զորակոչից պաշտպանել հայ գաղթականներին: Հետևաբար Թերեքի արևելյան հատվածում ապաստանած հայ գաղթականների մի մասը երկրամասում խորհրդային կարգերի հաստատման նախօրեին արդեն զորակոչվել էր Կամավորական բանակ և կազակների զորքեր:
Ծանր էր հայության վիճակը նաև Դաղստանում: Այստեղ հիմնական դժվարությունը զորակոչված հայերին բանակից ազատելու խնդիրն էր: 1920թ. փետրվարի 14-ին Պետրովսկի 300 հայ ռազմիկներ` իրենց աջակցելու խնդրանքով դիմեցին Կիսլովոդսկի հյուպատոսին: Տեղական իշխանության հարուցած արգելքների պատճառով նրանք կես տարի չէին կարողանում վերադառնալ հայրենիք: Արխիվային նյութերում տեղեկություններ են պահպանվել Պետրովսկում գործող հյուպատոս Մ.Պոպովի մասին, սակայն վերոհիշյալ նամակում նշվում է, որ Պետրովսկում «չկա հայոց դեսպան»: Պետրովսկի հայ ռազմիկները Կիսլովոդսկի հյուպատոսից բացի օգնության խնդրանքով դիմել են Բաքվի Հայոց ազգային խորհրդին և Արմավիրի հայկական հյուպատոսին, սակայն անուշադրության են մատնվել[42]: Նրանց հետագա ճակատագիրը հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այդ զինվորները մնացին Պետրովսկում և խորհրդային զորքերի կողմից քաղաքը գրավելուց հետո ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ:
Եթե Հյուսիսային Կովկասի հայկական դիվանագիտական և հյուպատոսական մարմինները փորձում էին երկրամասի հայերին ազատել զորակոչից, ապա առանձին տարրեր ջանքեր էին գործադրում նրանցից զինված ջոկատներ կազմակերպել և Խորհրդային Ռուսաստանի դեմ պայքարել: 1919թ. նոյեմբերի վերջին նման ջոկատ կազմակերպվեց Ժելեզնովոդսկում, որը պետք է ուղարկվեր Սոչիի շրջան` վրացիների դեմ կռվելու[43]: Ջոկատը մասնակցեց շրջանում ընթացող մարտերին և ծանր մարդկային կորուստներ կրեց: Մնացած 40-50 հայերին տեղի իշխանություններն ընդգրկեցին լեռնային հարյուրյակի մեջ և ուղարկեցին Կիսլովոդսկ` ռազմաճակատ ուղարկելու համար: Այս ջոկատում ծառայող հայ զինվորների հետագա ճակատագրի վերաբերյալ արխիվային նյութերում պահպանվել են Ա. Ասրիբեկյանի և Պ. Հովհաննիսյանի միմյանց հակասող տեղեկությունները: Ա. Ասրիբեկյանի հավաստմամբ իր շնորհիվ հայ զինվորները մնացին Կիսլովոդսկում` ծառայության անցնելով քաղաքի կայազորում[44]: Պ. Հովհաննիսյանը նշում է, որ հայկական հարյուրյակը Կիսլովոդսկից ուղարկվեց ռազմաճակատ և ջախջախվեց, մնացած 40 զինվորները ցրվեցին տարբեր ուղղություններով[45]: Նման ջոկատների կազմավորումը և մասնակցությունը քաղաքացիական կռիվներին վնասում էր երկրամասի հայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության հեղինակությանը:
1920թ. առաջին ամիսներին Հ. Սաղաթելյանը, երկրամասի հյուպատոսները և գաղթականների հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունները կազմակերպեցին զորակոչից ազատված գաղթականների և ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքերից ետ բերած հայ ռազմիկների ներգաղթը Հայաստան: Կուբանում այդ գործընթացը Ռուսաստանի հարավի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հ. Սաղաթելյանի և հյուպատոսներ Ա. Տոնյանի, Բախչիսարայցևի, Յ. Օվելյանի ջանքերով կազմակերպված իրականացվեց:
Կուբանից հայրենիք մեկնողները հիմնականում Եկատերինոդարում, Արմավիրում ապաստանած և 1919թ. օգոստոսից Նովոռոսիյսկում մնացած գաղթականներն էին: Նրանք Ռուսաստանի հարավի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության, երկրամասի հյուպատոսարանների և տեղական հայկական կազմակերպությունների նյութական աջակցությամբ 1920թ. հունվարից մեկնեցին Նովոռոսիյսկ, մասամբ` Տուապսե և Անապա, որտեղից պետք է անցնեին Փոթի և Բաթում: Եկատերինոդարից Նովոռոսիյսկ ուղարկվեցին նաև Կամավորական բանակից և կազակների զորքերից ազատված և Եկատերինոդար տեղափոխված հայ ռազմիկները[46]: Նրանց տեղափոխության և պարենի կարիքները հոգաց Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչությունը:
Նովոռոսիյսկը ոչ միայն հայ գաղթականների, այլև Ռուսաստանի հարավից հեռացող տասնյակ հազարավոր ռուս փախստականների վերջին կայանատեղին էր[47]: 1920թ. հունվարի 10-ին Նովոռոսիյսկ ժամանանեց Հ. Սաղաթելյանի կողմից քաղաքի հյուպատոս նշանակված Ա. Տոնյանը: Նրա ջանքերով հունվարի 13-ին բացվեց հայկական հյուպատոսարանը[48], որի առաջնային խնդիրներից էր Նովոռոսիյսկի մոտ 10.000 գաղթականի օգնություն կազմակերպելը:[49] Ա.Տոնյանի հավաստմամբ Նովոռոսիյսկում ապաստանած գաղթականների թիվը հասնում էր 25000-ի[50]: 1919թ. վերջին և 1920թ. սկզբին Նովոռոսիյսկում էին հավաքվել Ռոստովից և Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններից եկած հայ հարուստները: Նրանք քաղաք էին բերել միլիարդավոր ռուբլի արժող ապրանքներ, սակայն դրանց արտահանումը տեղական իշխանությունը արգելում էր: Այդ ապրանքները քաղաքից դուրս հանելու համար հայ հարուստները 1919թ. դեկտեմբերի վերջին Մայիլովի գլխավորությամբ դիմեցին Նովոռոսիյսկի իշխանություններին` առաջարկելով քաղաքի 10.000 հայ գաղթականներին հայրենիք փոխադրելու դիմաց թույլատրել Նովոռոսիյսկից դուրս հանել իրենց ապրանքները[51]: Նովոռոսիյսկի իշխանությունները, շահագրգռված լինելով գերբեռնված քաղաքը 10.000 հոգով նվազեցնելու ցանկությամբ, ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկը, առավել ևս, որ նրանց զգալի կաշառք տրվեց[52]: Հայ հարուստները պարտավորվեցին 10 օրվա ընթացքում օտարերկրյա նավերով Նովոռոսիյսկից Փոթի տեղափոխել 10.000 հայ գաղթականների`հոգալով նրանց տեղափոխման, պարենավորման և մինչև Հայաստան տեղափոխելու ծախսերը: Դրա փոխարեն տեղի իշխանությունները հայ հարուստներին թույլատրեցին քաղաքից դուրս հանել 15.000 փութ մանուֆակտուրա[53]: Օգտվելով ստացված թույլտվությունից` հայ հարուստների մի մասը արտասահմանյան շոգենավերով, որ բեռնված էին իրենց մանուֆակտուրայով, բայց ոչ գաղթականներով, հեռացան Նովոռոսիյսկից: Հարուստներից նրանք, ովքեր չէին հասցրել ժամանակին մեկնել, ձևավորեցին ֆինանսական հանձնաժողով, վարձեցին «Թագավոր Ալբերտ Առաջին» նավը և իրենց ապրանքներից բացի տարան միայն 85 գաղթականի` անվճար, և 200-ին` վճարովի[54]:
Փաստորեն Ռոստովից և Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններից Նովոռոսիյսկ եկած հարուստ հայերը 10.000 գաղթականի փոխարեն Փոթի տեղափոխեցին միայն 285 հոգու, որից 200-ին` վճարովի:
Նովոռոսիյսկի հյուպատոսարանի գոյության առաջին օրերից նրա առջև ծառացան հայրենիք մեկնող գաղթականներին աջակցելու և դրա համար անհրաժեշտ նյութական միջոցներ հայթայթելու խնդիրները: Հյուպատոսարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով Ա. Տոնյանի նախաձեռնությամբ ձևավորվեց քաղաքի Հայոց ազգային խորհուրդը, որի նախագահ ընտրվեց Նովոռոսիյսկի հյուպատոսը: Նովոռոսիյսկի Հայոց ազգային խորհուրդը ուներ ֆինանսական, գաղթականական և մշակութա-լուսավորչական բաժիններ:
Նովոռոսիյսկի գաղթականներին և զինվորներին խնամելու և հայրենիք ուղարկելու համար անհրաժեշտ միջոցները հյուպատոսարանին տրամադրեցին քաղաքի հնաբնակ հայերը[55]: Այդ միջոցների շնորհիվ Նովոռոսիյսկի հյուպատոսարանը քաղաքի հիվանդ գաղթականների համար բացեց 2 հիվանդանոց[56]: Նովոռոսիյսկի գաղթականներին զգալիորեն օգնեց Ամերիկյան կարմիր խաչը, որ բացեց 20 հիվանդի համար նախատեսված լազարեթ[57]:
Հայրենիք մեկնող հայ զինվորիներին օգնեցին Նովոռոսիյսկի իշխանությունները, որոնք հայ զինվորների տեղափոխման համար քաղաքի հայկական հյուպատոսարանին անվճար տրամադրեցին «Վոզրոժդենիե» և «Կիև» նավերը: Նովոռոսիյսկի իշխանությունը Եկատերինոդարից քաղաք ժամանած հայ զինվորներին նաև անվճար շոր և ուտելիք բաժանեց[58]:
1920թ. հունվար-մարտ ամիսներին Նովոռոսիյսկի հյուպատոսի ջանքերով «Ռուս», «Լյա-ֆորտունա», «Պրագա», «Վոզրոժդենիե» և «Կիև» նավերով Փոթի և Բաթում ուղարկվեցին մոտ 2000 հայ ռազմիկ և գաղթական, որոնցից 700-ը` անվճար:
1920թ. հունվար-մարտ ամիսներին Նովոռոսիյսկի հյուպատոսի աջակցությամբ տեղի իշխանությունները Հայկոոպին* թույլատրեցին Հայաստան տանելու համար Նովոռոսիյսկից Բաթում տեղափոխել ճարպ` 2000 փ., յուղ` 5000 փ., օճառ` 1000 փ.: Տարբեր անձանց թույլատրվեց արտոնյալ պայմաններով Հայաստան տանել 3000 փ. ալյուր և 30.000 փ. ցորեն, որի մի մասը բոլշեվիկների առաջխաղացման հետևանքով չհաջողվեց տեղափոխել:
Կուբանի համեմատ, Թերեքում և Դաղստանում հայ գաղթականների և Կամավորական բանակից ազատված ռազմիկների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն ավելի բարդ ընթացք ունեցավ: Դրա հիմնական պատճառը Թերեքադաղստանյան երկրամասից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ա. Ասրիբեկյանի հեռանալն էր, ինչի հետևանքով երկրամասի հյուպատոսները անջատ-անջատ էին գործում: 1919թ. դեկտեմբերին Ա. Ասրիբեկյանը հեռանալուց առաջ երկրամասի հայության իրավունքների պաշտպանության գործը թողեց իր կողմից նշանակված տեղակալ-հյուպատոսներին: Դրանք էին` Հանքային ջրեր-Գեորգիևսկ-Սուրբ Խաչում` Պ. Հովհաննիսյանը, Վլադիկավկազ-Մոզդոկ-Գրոզնիում` Հ. Սառիկյանը, Պետրովսկում, Շուրա-Դերբենտ-Ղզլարում` Մ.Պոպովը[59]:
1920թ. հունվար-փետրվար ամիսներին այս տեղակալներից Պ. Հովհաննիսյանը փորձեց կազմակերպել Թերեքադաղստանյան երկրամասի հայ գաղթականների հայրենադարձությունը և Հայաստանի կառավարությունից ստանալ այդ շրջաններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունները[60]: Պ. Հովհաննիսյանը, առանց համապատասխան լիազորություններ ունենալու, Ա. Ասրիբեկյանի[61], ապա և Հ. Սաղաթելյանի կողմից նշանակված լինելով միայն Հանքային ջրերի հյուպատոս` ներկայանում էր որպես Թերեքադաղստանյան երկրամասի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Հանքային ջրերի հյուպատոսի նման պահվածքը հարուցեց Հ. Սառիկյանի դժգոհությունը[62]: 1920թ. հունվարի 21-ին Վլադիկավկազի հյուպատոս Հ. Սառիկյանը Պ. Հովհաննիսյանին գրած նամակում հիշեցնում է նրան Ա.Ասրիբեկյանի նշանակումների մասին` առաջարկելով օգտվել իրական պաշտոնից[63]: 1920թ. հունվարի 27-ին Պ. Հովհաննիսյանը Հ. Սառիկյանին գրած պատասխան նամակում կատարվածի ողջ մեղքը բարդում է Ա.Ասրիբեկյանի վրա` նշելով, որ ինքը բավարարվում է Հանքային ջրերի հյուպատոսի համեստ պաշտոնով[64]: Սակայն Պ. Հովհաննիսյանը երկրամասի հայկական կազմակերպություններին և տեղական իշխանություններին ուղղված նամակներում շարունակում էր իրեն անվանել Թերեքադաղստանյան երկրամասի գլխավոր հյուպատոս: Թերեքադաղստանյան երկրամասի հայության ներգաղթի խնդիրները քննարկելու և լուծումներ տալու նպատակով նա 1920թ. փետրվարի 15-18-ը Կիսլովոդսկում հրավիրեց երկրամասի հայության խորհրդաժողով[65]: Դրան մասնակցեցին Կիսլովոդսկի ներկայացուցիչներ Կ. Չարախչյանը, Հ. Գարագաշը, Եսենտուկիի`Տեր-Ասատրյանը (Ասատուրովը) և բժիշկ Ասրիյանցը, Պյատիգորսկի` Մելիք Ամիրզադյանը և Ա. Զուրաբյանը, Պետրովսկի` Մ. Պոպովյանը (Պոպով), Գրոզնիի` Դ. Խաչատրյանը և Տ. Ավթանդիլյանը, Մոզդոկի` Օ. Մխիթարյանը, Դ. Բարսեղյանը և Ա. Խաչատրյանը[66]: Թերեքադաղստանյան երկրամասի մի քանի հայաշատ քաղաքների ներկայացուցիչներ քաղաքացիական կռիվների պատճառով չկարողացան մասնակցել խորհրդաժողովին:
1920թ. փետրվարի 15-ից 18-ը տեղի ունեցած նիստերի ընթացքում խորհրդաժողովի մասնակիցները մշակեցին և ընդունեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է հեշտացնեին Թերեքադաղստանյան երկրամասի գաղթականների ներգաղթը: Հաշվարկվեց Թերեքադաղստանյան երկրամասում տարհանման ենթակա գաղթականների թիվը, որը կազմեց 25 հազար: Այս գաղթականներից 5-6 հազարը 1920թ. մարտի 10-ից հետո զորակոչվելու էր ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքեր: Այդ իսկ պատճառով խորհրդաժողովը որոշեց Հայաստանի Հանրապետություն ուղարկել նախ և առաջ զորակոչային տարիքի հայերին: Դրանից հետո Հայաստանի Հանրապետություն էին ուղարկվելու բարձր որակավորում ունեցող մասնագետները` բժիշկները, ինժեներները և փաստաբանները, երկրամասի ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքերից ազատված հայ զինվորները, Կիսլովոդսկի որբերը և մնացած գաղթականները:
Խորհրդաժողովը որոշեց գաղթականներին և զինվորներին հայրենիք ուղարկել բոլոր հնարավոր ուղղություններով: Սակայն նկատի ունենալով ճանապարհածախսը և վերադարձողների անվտանգության խնդիրը` խորհրդաժողովը որոշեց գերապատվությունը տալ առաջին հերթին Տուապսեով, ապա Վլադիկավկազով անցնող ճանապարհներին: Գաղթականների և զինվորների տեղափոխությունը պետք է իրականացվեր ինչպես մեծ, այնպես էլ փոքր խմբերով և ընտանիքներով:
Քանի որ գաղթականները Հայաստանի Հանրապետություն հասնելու համար պետք է անցնեին Վրաստանի և Ադրբեջանի տարածքով, խորհրդաժողովը որոշեց Հայաստան ուղարկել հատուկ լիազորների, որոնք պետք է Հայաստանի կառավարության աջակցությամբ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մշակեին գաղթականների ընդունման և իրենց տարածքով անցնելու պայմանները:
Խորհրդաժողովը որոշեց դիմել տեղի իշխանություններին, որպեսզի գաղթականներին թույլատրվի Հայաստան տանել դեռ 1919թ. սկզբին սահմանված չափով պարենամթերք:
Թերեքադաղստանյան երկրամասի գաղթականների տեղափոխության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետք է հայթայթվեին հնաբնակ հայերից: Գումարը հավաքելու էր խորհրդաժողովի կողմից ստեղծված կենտրոնական տարհանման հանձնաժողովը, որի նախագահ ընտրվեց Ն. Գարագաշը: Խորհրդաժողովը այս կառույցին վերապահեց նաև երկրամասի հայության տարհանման գործի ղեկավարությունը[67]:
Կիսլովոդսկում տեղի ունեցած խորհրդաժողովը Թերեքադաղստանյան երկրամասի հայ գաղթականության ներգաղթի կազմակերպման և հայկական կազմակերպությունների գործունեության միավորման տեսակետից դրական երևույթ էր, սակայն ժամանակավրեպ, եթե նկատի ունենանք 1. քաղաքացիական կռիվների հետևանքով Հյուսիսային Կովկասի ճանապարհների կաթվածահարությունը[68], 2. գաղթականների տեղափոխության համար անհրաժեշտ փոխադրամիջոցների բացակայությունը, 3. երկրամասից հայ հարուստների հեռանալու հետևանքով ֆինանսական միջոցների հայթայթման դժվարությունը, 4. Վրաստանի և Ադրբեջանի անբարյացակամ վերաբերմունքը:
Մինչ Պ. Հովհաննիսյանը փորձում էր կազմակերպել երկրամասի հայության ներգաղթը Հայաստան, Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններից հարյուրավոր գաղթականներ` Ռազմավիրական ճանապարհով Հայաստան անցնելու ակնկալիքով, ուղևորվեցին Վլադիկավկազ: Հ. Սառիկյանը Ռազմավիրական ճանապարհով հայրենիք վերադարձող գաղթականներին նյութապես օգնելու նպատակով քաղաքի հայ կանանց միության աջակցությամբ կազմակերպում էր բարեգործական երեկույթներ և թատերական միջոցառումներ[69]: Ստացված շահույթը հատկացվում էր Հայաստան գնացողներին: Այդ միջոցներով Հ. Սառիկյանին հաջողվեց Հայաստան ուղարկել մի քանի տասնյակ հայ ռազմիկի[70]:
Ռազմավիրական ճանապարհով գաղթականների հոսքը երկար չտևեց: 1920թ. փետրվարի վերջին Կազբեկում և հարակից շրջաններում տեղացած առատ ձյան պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակվեց. Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններից Վլադիկավկազ եկած գաղթականները չկարողացան շարունակել իրենց ճանապարհը և մնացին քաղաքում[71]: Վլադիկավկազի հյուպատոսարանի և հայկական համայնքի միջոցները բավարար չէին քաղաքում կուտակված և ամեն օր ժամանող գաղթականներին օգնելու համար, ինչի հետևանքով գաղթականների շրջանում եղան սովամահության դեպքեր: Ռազմավիրական ճանապարհի փակվելը և Վլադիկավկազի գաղթականների ծանր դրությունը ստիպեցին Հ. Սառիկյանին հեռագրել Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններում գործող գաղթականական կազմակերպություններին, որ առժամանակ դադարեցնեն գաղթականների հոսքը Վլադիկավկազ:
Փաստորեն 1920թ. փետրվարի վերջին Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկասից Հայաստանի Հանրապետություն մեկնող գաղթականների հոսքը դադարեց: Երկրամասում մնացած գաղթականներին զորակոչից պաշտպանելու համար Հ. Սառիկյանը 1920թ. մարտի 2-ին դիմեց Հյուսիսային Կովկասի զորքերի հրամանատարին` խնդրելով դադարեցնել հայ գաղթականների զորակոչը, կամ երկարացնել նրանց տարկետման իրավունքը[72]: 1920թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին Հյուսիսային Կովկասում խորհրդային զորքերի ռազմական հաջողությունները երկրամասի ոչ խորհրդային պետական կազմավորումների պարտությունը օրերի խնդիր դարձրին, և մի քանի հազար հայ գաղթականների զորակոչը էական նշանակություն չէր կարող ունենալ ռազմական գործողությունների հետագա ընթացքի վրա: Նկատի առնելով այդ հանգամանքը` Հյուսիսային Կովկասի զորքերի հրամանատարն ընդառաջեց Հ. Սառիկյանի խնդրանքին և հայ գաղթականների տարկետման իրավունքը երկարացրեց մինչև 1920թ. մայիսի 1-ը[73]: Փաստորեն, Հ. Սառիկյանի շնորհիվ Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների զորակոչի հարցը չեզոքացվեց, վերացավ նաև օր առաջ գաղթականներին Հայաստանի Հանրապետություն ուղարկելու անհրաժեշտությունը:
1920թ. փետրվարի 14-ին խորհրդային զորքերը ճեղքելով Կամավորական բանակի պաշտպանությունը` ներխուժեցին Հյուսիսային Կովկաս[74]: 1920թ. փետրվարի 29-ին Կարմիր բանակը գրավեց Ստավրոպոլը, մարտի 17-ին` Եկատերինոդարը, մարտի 22-ին` Վլադիկավկազը, մարտի 23-ին` Ղզլարը, մարտի 24-ին` Գրոզնին, մարտի 30-ին՝ Պետրովսկը և ապրիլի 7-ին` Տուապսեն: Հյուսիսային Կովկասի գրեթե ողջ տարածքում հաստատվեց խորհրդային իշխանություն:
1920թ. մարտի վերջին վերջնականապես պարտվեց գեներալ Ա. Դենիկինի Կամավորական բանակը: Մարտի 20-ին իր իսկ հրամանով գեներալ Ա. Դենիկինը ազատվեց գլխավոր հրամանատարի պարտականություններից` փոխարենը նշանակելով գեներալ Պ. Վրանգելին[75]:
Այսպիսով, 1919թ. վերջին և 1920թ. սկզբին Ռուսաստանի հարավի զինված ուժերի ռազմական անհաջողությունների հետևանքով սկսվեց համատարած զորակոչը, որը տարածվեց նաև Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների վրա: Հ. Սաղաթելյանի շնորհիվ հնարավոր եղավ հայ գաղթականների զորակոչը հետաձգել մինչև 1920թ. մարտի 10-ը, իսկ Կամավորական բանակ և կազակների զորքեր զորակոչվածներին ազատել ծառայությունից և ուղարկել Հայաստան` հայկական բանակում ծառայելու համար:
Հյուսիսային Կովկասի որոշ շրջաններում տեղական հրամանատարների անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով հայ գաղթականների զորակոչը շարունակվեց:
1920թ. հունվար-մարտ ամիսներին Հ. Սաղաթելյանը, երկրամասի հյուպատոսները և գաղթականների հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունները Հյուսիսային Կովկասից Հայաստան տեղափոխեցին 3-4 հազար հայ գաղթական և զինվոր:
[1] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 2 գ. 487, թ. 15, գ. 594, թ. 7, Слободин В., Белое движение в годы гражданской войны в России (1917–1922 гг.), Москва, 1996, с. 53:
[2] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 155, թ. 182, գ. 295, թ. 5-6, գ. 465, թ. 2, գ. 487, թ. 12:
[3] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 5:
[4] Տե´ս նույն տեղում, գ. 295, թ. 7:
[5] Տե´ս նույն տեղում, գ. 385, թ. 30-31, ֆ 275, ց.4, գ. 5, թ. 2 :
[6] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 1, գ. 11, թ 3:
[7] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 295, թ. 13, գ. 385, թ. 31, ֆ. 275, ց.4, գ. 7, թ. 121:
[8] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 1, գ.11, թ. 3:
[9] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց.1, գ. 536, թ. 24-25:
[10] Տե´ս նույն տեղում, գ. 385, թ. 31:
[11] Տե´ս նույն տեղում, գ. 295, թ. 47-48, Բերբերեան, Ռ., Երկու դարերի շեմքին, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1940, հոկտեմբեր, N 12 (216), էջ 90:
[12] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ. 385, թ. 32:
[13] Տե´ս նույն տեղում, գ. 594, թ. 5:
[14] Տե´ս նույն տեղում, գ. 385, թ. 32:
[15] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 5, թ. 4, ց.4, գ. 7, թ. 29-30, 32:
[16] Տե´ս նույն տեղում, ց. 1, գ. 5, թ. 42, ց.4, գ. 7, թ. 34:
[17] Տե´ս նույն տեղում, ց. 4, գ. 7, թ. 15:
[18] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 465, թ. 14:
[19] Տե´ս նույն տեղում, թ. 4:
[20] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց.4, գ. 7, թ. 36-39բ, ֆ. 200, ց. 1, գ. 465, թ. 8-12:
[21] Տե´ս Մինասյան Ս., Հյուսիսային Կովկասի հայ գաղթականության ներգաղթը Հայաստան (1918-1920 թթ.), «Բանբեր Հայաստանի արխիվների», 2007, N 1-2 (109-110), էջ 192:
[22] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 127:
[23] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ), էջ 293-296:
[24] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 15:
[25] Տե´ս նույն տեղում, գ. 551, թ. 2:
[26] Տե´ս նույն տեղում, գ. 409, թ. 3:
[27] Տե´ս նույն տեղում, գ. 551, թ.1, 3:
[28] Տե´ս նույն տեղում, գ. 409, թ. 3:
[29] Տե´ս նույն տեղում, գ. 100, թ. 81:
[30] Տե´ս նույն տեղում, թ. 81, 3, գ. 551, թ. 118:
[31] Տե´ս նույն տեղում, գ. 409, թ. 9:
[32] Տե´ս նույն տեղում, թ. 7:
[33] Տե´ս նույն տեղում, գ. 551, թ. 2:
[34] Տե´ս նույն տեղում, թ. 4:
[35] Տե´ս նույն տեղում, թ. 12:
[36] Տե´ս նույն տեղում, թ. 13:
[37] Տե´ս նույն տեղում, գ. 594, թ. 6:
[38] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 4, գ. 13, թ. 8, գ. 15, թ. 15:
[39] Նույն տեղում, ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 3:
[40] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 4, գ. 7, թ. 35:
[41] Տե´ս նույն տեղում, գ. 15, թ. 9, 18, 23:
[42] Տե´ս նույն տեղում, թ. 20:
[43] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 295, թ. 24, ց. 2, գ. 75, թ. 2:
[44] Տե´ս նույն տեղում, ց. 1, գ. 295, թ. 50:
[45] Տե´ս նույն տեղում, գ. 295, թ. 24, ց. 2, գ. 75, թ. 2:
[46] Տե´ս նույն տեղում, ց. 1, գ. 613, թ. 10:
[47] Տե´ս նույն տեղում, գ. 487, թ. 12:
[48] Տե´ս նույն տեղում, գ. 536, թ. 1:
[49] Տե´ս նույն տեղում, թ. 24:
[50] Տե´ս Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, «Հայրենիք», Բոստոն, 1964, սեպտեմբեր, N 9, էջ 49:
[51] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 2, թ. 8-9:
[52] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 536, թ. 24:
[53] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 1, գ. 2, թ. 3:
[54] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 536, թ. 24:
[55] Տե´ս Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, «Հայրենիք», Բոստոն, 1964, սեպտեմբեր, N9, էջ 49:
[56] Տե´ս նույն տեղում, էջ 50:
[57] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 536, թ. 25:
[58] Տե´ս նույն տեղում:
* Հայկական կոոպերատիվ: Նովոռոսիյսկի հյուպատոսի նախաձեռնությամբ հյուպատոսարանին կից հիմնադրվեց կոոպերատիվ, որի անդամների թիվը անցնում էր 450-ից: Բացվեց նաև կոոպերատիվային բանկ, որը նպատակ ուներ աջակցելու Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությանը և հայկական ազգային կազմակերպություններին: Բանկը իր վրա վերցրեց արտահանման համար թույլատրված 30.000 փ ցորեն Հայաստան ուղարկելու գործը, (տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 536, թ. 26):
[59] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 4, գ. 7, թ.108, գ. 10, թ.18:
[60] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց.1, գ. 295, թ. 5:
[61] Տե´ս նույն տեղում, թ. 46:
[62] Տե´ս նույն տեղում, գ. 295, թ. 46:
[63] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 4, գ. 7, թ.108:
[64] Տե´ս նույն տեղում, թ. 109:
[65] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց.1, գ. 295, թ. 7:
[66] Տե´ս նույն տեղում, թ. 33:
[67] Տե´ս նույն տեղում, թ. 33-37:
[68] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 3:
[69] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց.4, գ. 4, թ. 23, 49, գ. 15, թ. 21, գ. 16, թ. 1:
[70] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ. 42, 59, գ. 6, թ. 3, գ. 15, թ. 1:
[71] Տե´ս նույն տեղում, գ. 4, թ. 66:
[72] Տե´ս նույն տեղում:
[73] Տե´ս նույն տեղում, գ. 13, թ. 21, 22:
[74] Տե´ս Слободин В., Белое движение в годы гражданской войны в России (1917–1922 гг.), Москва, 1996, с. 54:
[75] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 296: