2.2 Հայրենադարձությունը (1918թ. նոյեմբեր – 1919թ. դեկտեմբեր)

2.2 Հայրենադարձությունը (1918թ. նոյեմբեր – 1919թ. դեկտեմբեր)

Արխիվային նյութերի, մամուլի և գրականության ուսումնասիրությունը բերել է այն համոզման, որ Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականների հայրենադարձությունը սկսվել է 1918թ. օգոստոսից: Հայրենիք վերադարձողների մեծ մասը Կուբանի երկրամասում` գերազանցապես Նովոռոսիյսկում և Եկատերինոդարում ապաստանած արևելահայ գաղթականներն էին, որոնք փոքր խմբերով անցնում էին Անդրկովկաս[1]:

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հյուսիսային Կովկասից հայրենիք վերադարձող հայերի թիվը ավելացավ[2]: Երկրամասի ոչ խորհրդային պետական կազմավորումների տարածքում գտնվող գաղթականները Անդրկովկաս անցնելու համար ուղևորվեցին Նովոռոսիյսկ, իսկ խորհրդային իշխանության` հիմնականում Թերեքի Խորհրդային Հանրապետության տարածքում գտնվողները` Վլադիկավկազ:

Առաջին աշխարհամարտից հետո հայրենիք սկսեցին վերադառնալ գերությունից ազատված ցարական բանակի հայ զինվորները: Նրանց մի մասը ուղևորվեց Հյուսիսային Կովկաս, գերազանցապես` Նովոռոսիյսկ, որտեղից փորձում էր անցնել Բաթում կամ Փոթի[3]: Կամավորական բանակի հրամանատարությունը, օգտագործելով հարմար առիթը, նրանց զորակոչեց բանակ:

1919թ. ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ուղարկած նամակում գրում է. «8-րդ գնդի նախկին գնդապետ Արղության Երկայնաբազուկը, մոտ օրերս ժամանելով Նովորոսիյսկից, հաղորդեց ինձ հետևյալը.

Գերմանիայից և Ավստրիայից վերադարձող հայ գերիներին Նովորոսիյսկից թույլ չեն տալիս գալ Անդրկովկաս, այլ ստիպում են մնալ և մտնել Կամավորական բանակի մեջ, որի շարքերում, Արղությանի ասելով, ծառայում են մոտ 12.000 հայ գերի զինվորներ:

Ոմանց հաջողվում է փախնել Նովորոսիյսկից, բայց գալով Սոչի, որտեղ գոյություն ունի «Կանաչ բանակ» անունով մի ավազակախումբ, վերջինիս կողմից ենթարկվում են անողոք հալածանքի և թալանի, որից ազատ են մնում միայն նրանք, ովքեր համաձայնվում են մտնել այդ բանակը:

Հայ գերի զինվորները, ցանկանալով ազատ լինել այդ թալանից, մտնում են ավազակների շարքերը, այդպիսիների թիվը հասնում է 1½ հազարի: Հայտնելով Ձեզ այս մասին, թե հիշյալ գնդապետը և թե ես անհրաժեշտ ենք գտնում հրավիրել Ձեր ուշադրությունը այս երևույթների վրա և խնդրել Ձեր կարգադրությունը հիշյալ արգելքների վերացման համար»[4]:

Նովոռոսիյսկով Հայաստան մեկնող հայ գերիներին և գաղթականներին աջակցելու նպատակով 1918թ. հոկտեմբերին կամ նոյեմբերի սկզբին Ռոստովից Նովոռոսիյսկ ուղարկվեց լիազոր Հովհաննես Ֆարաշյանցը[5]: Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին աջակցելու և հայրենիք ուղարկելու ուղղությամբ ջանքեր էր գործադրում 1918թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարության շտաբի գրասենյակի կողմից Հյուսիսային Կովկաս գործուղված փոխգնդապետ Վլասևը[6]:

1918թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Նովոռոսիյսկ եկած գաղթականները հիմնականում մեկնում էին Բաթում: Ինչ վերաբերվում է Փոթիին, ապա Վրաստանի կառավարության` երկիրը հայաթափելու քաղաքականության և 1918թ. վերջին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով այդ ուղղությամբ հայ գաղթականների ներգաղթ գրեթե չեղավ: Միևնույն պատճառով Հյուսիսային Կովկասի հայ գաղթականները հայրենիք մեկնելու համար չկարողացան օգտվել նաև Ռազմավիրական Ճանապարհից[7]:

1918թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Նովոռոսիյսկով Բաթում գնացած հայ գաղթականների մոտավոր թիվը Ռուսական կարմիր խաչի ընկերության հայկական կոմիտեի (այսուհետև` ՌԿԽԸՀԿ*) և Հյուսիսային Կովկասում գաղթականների օգնության Ամերիկյան կոմիտեի լիազոր Հ. Թադևոսյանի հավաստմամբ 3.000 հոգուց ավելի չէր[8]: «Աշխատավորը» 1918թ. նոյեմբերի 9-ի համարում գրում է, որ վերջին օրերի ընթացքում Կուբանից Հայաստան է ուղարկվել 3.500 գաղթական[9]: Արխիվային մեկ այլ փաստաթղթի համաձայն 1918թ. դեկտեմբերին Նովոռոսիյսկից հեռացել է 300-ից ոչ պակաս գաղթական[10]: Հիմնվելով վերոհիշյալ տեղեկությունների վրա` կարելի է եզրահանգել, որ 1918թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Նովոռոսիյսկից Բաթում է մեկնել մոտ 3-4 հազար հայ գաղթական: Նովոռոսիյսկից բացի հայ գաղթականները Բաթում էին գնում Անապայից[11]. նրանց թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

1918թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Նովոռոսիյսկից կամ Անապայից Բաթում (դեկտեմբերի 22-ին անցել է անգլիացիներին) գնացած հայ գերիների թվաքանակի վերաբերյալ նույնիսկ մոտավոր տեղեկությունները բացակայում են: Սակայն նկատի ունենալով` ա) նրանց մեծ կուտակումը Հյուսիսային Կովկասի Սև ծովի առափնյա շրջաններում, բ) նրանց հայրենիք բերելու և հայկական բանակը համալրելու Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը, կարծում ենք, որ վերոհիշյալ ժամանակահատվածում Հյուսիսային Կովկասից Բաթում է եկել առնվազն մի քանի հազար հայ ռազմագերի:

1919թ. սկզբից Հյուսիսային Կովկասից հայրենիք վերադառնալ ցանկացող գաղթականներին և ռազմագերիներին աջակցելու ու նրանց տեղափոխությունը կազմակերպված իրականացնելու նպատակով իրենց գործունեությունը աշխուժացրին Դոնի և Հյուսիսային Կովկասի հայկական կազմակերպությունները: 1919թ. հունվար-փետրվար ամիսներին Ռոստովում և Նոր Նախիջևանում Դոնի և Հյուսիսային Կովկասի գաղթականների հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունները գումարել են մի քանի ժողով, որոնցում քննարկման հիմնական խնդիրը եղել է հայրենիք վերադարձող գաղթականներին և ռազմագերիներին աջակցելը[12]:

Այս հավաքներից առավել կարևոր նշանակություն ուներ 1919թ. հունվարի 25-26-ին Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության հայկական կոմիտեի (այսուհետև՝ ՌԿԽԸՀԿ) նախաձեռնությամբ Նոր Նախիջևանում հրավիրված Հյուսիսային Կովկասի հայկական գաղթականական կազմակերպությունների ժողովը: Ժողովի մասնակիցները որոշեցին ՌԿԽԸՀԿ-ն ճանաչել որպես Հյուսիսային Կովկասում գաղթականներին աջակցող կենտրոնական մարմին, որի շնորհիվ հնարավոր եղավ Հյուսիսային Կովկասի և Դոնի գաղթականների օգնության գործին ավելի համակարգված և կազմակերպված բնույթ տալ: Ժողովից հետո Հյուսիսային Կովկասի հայաշատ շրջաններում ձևավորվեցին ՌԿԽԸՀԿ-ի տեղական բաժանմունքներ[13]:

Բացի ՌԿԽԸՀԿ-ից Հյուսիսային Կովկասի և Դոնի հայությանը նյութապես աջակցում էին 1918թ. նոյեմբերից երկրամասում իր գործունեությունը ծավալած Դանիական կարմիր խաչը, Կովկասում գաղթականների օգնության Ամերիկյան կոմիտեն, Ռոստովի, Եկատերինոդարի և հայաշատ այլ քաղաքների հայոց ազգային խորհուրդները:

1919թ. առաջին ամիսներին գաղթականներին աջակցելու նպատակով Դանիական կարմիր խաչը ՌԿԽԸՀԿ-ին տրամադրեց 40.000 ռուբլի, Կովկասում գաղթականների օգնության Ամերիկյան կոմիտեն` 30.000 ռուբլի, Ռոստովի կոմիտեն` ամսական 150.000 ռուբլի և Եկատերինոդարի ազգային խորհուրդը` ամսական 50.000 ռուբլի: Հավաքված գումարը ծախսվում էր ՌԿԽԸՀԿ-ի և Հյուսիսային Կովկասում Ամերիկյան գաղթականների օգնության կոմիտեի լիազոր Յ. Թադևոսյանի վերահսկողությամբ: 1918թ. դեկտեմբերից մինչև 1919թ. մայիս ՌԿԽԸՀԿ-ն գաղթականներին աջակցելու նպատակով ծախսեց 670.000 ռուբլի: Այս կառույցը բացեց հիվանդանոցներ, ճաշարաններ, նյութապես աջակցեց տարբեր շրջանների գաղթականական կոմիտեներին[14]:

Այդ կազմակերպությունները իրենց ուսերին էին վերցրել ոչ միայն գաղթականների բժշկական և պարենային (հաց բաժանելու, տաք ուտելիք և կաթ տրամադրելու) օգնության գործը, այլ նաև, հարաբերությունների մեջ մտնելով երկրամասի հակախորհրդային իշխանությունների հետ, փորձում էին պաշտպանել նրանց իրավունքները: Այսպես, 1919թ. առաջին ամիսներին ՌԿԽԸՀԿ-ին հաջողվեց զորակոչից ազատել երկրամասում ապաստանած հայ գաղթականներին[15]:

ՌԿԽԸՀԿ-ն ջանքեր գործադրեց նաև գաղթականների հայրենադարձությունը կազմակերպելու ուղղությամբ: 1919թ. հունվարին դիմեց Կամավորական բանակի գերագույն հրամանատարին` ստանալով նրանից հայրենիք մեկնող գաղթականներից յուրաքանչյուրին 5 փութ ալյուր տրամադրելու թույլտվություն: Համանման խնդրանքով ՌԿԽԸՀԿ-ն դիմեց Կուբանի երկրամասի կառավարությանը[16], որի խորհուրդը 1919թ. հունվարի 19-ի որոշմամբ երկրամասից Անդրկովկաս մեկնող 14 տարեկանից բարձր գաղթականներին թույլատրեց իրենց հետ տանել 2 փ. ալյուր, 2 փ. հաց կամ պաքսիմատ և 2 փ. կարտոֆիլ, իսկ մինչև 14 տարեկան երեխաներին` 1 փ. ալյուր, 1 փ. հաց կամ պաքսիմատ, և 2 փ. կարտոֆիլ[17]: 1919թ. հունվարին Եկատերինոդարի հայկական համայնքի խնդրանքով Կուբանի երկրամասի իշխանությունը քաղաքից հայրենիք վերադարձող հայ գաղթականներին Եկատերինոդարից մինչև Նովոռոսիյսկ երկաթուղուց անվճար օգտվելու իրավունք տվեց[18]: Նրանց ալյուրով ապահովելու համար Եկատերինոդարի հայոց ազգային խորհուրդը որոշեց Նովոռոսիյսկում ալյուրի պահեստ բացել: Դրա համար անհրաժեշտ միջոցներ տրամադրեցին Նովոռոսիյսկի հայկական կոմիտեն, Նոր Նախիջևանի հայկական համայնքը և Եկատերինոդարի հայոց ազգային խորհուրդը: Նովոռոսիյսկում Դանիական կարմիր խաչի հսկողության ներքո նախապատրաստվեց գաղթականների ընդունման համար անհրաժեշտ տարածք[19]:

Ռուսաստանի հարավի հայությանը համախմբելու փորձեր էր ձեռնարկում 1917թ. վերջից Նոր Նախիջևանում գործող համայնական խորհուրդը, որի նախագահը Ռուբեն Բերբերյանն էր[20]: Այս կառույցի նպատակն էր համախմբել Հարավային Ռուսաստանի հայաբնակ վայրերի հայությանը և կանխել նրանց ռուսացման գործընթացը[21]: Ռ.Բերբերյանը, անդրադառնալով Նոր Նախիջևանի համայնական խորհրդի գործունեության աշխարհագրական սահմաններին, գրում է. «Ըստ ծրագրի «Համայնական խորհուրդը» շուտով դարձավ ոչ միայն տեղական հայ գաղութի, այլև ամբողջ Հարավային Ռուսաստանի ցրւած հայ գաղթավայրերի մշակութային հարցերի կենտրոնացնողն ու արտահայտիչը, իսկ տեղական և կենտրոնական ռուս կառավարութեան առաջ այդ վայրերում ցրված հայերի նիւթական և հոգևոր շահերի պաշտպանը»[22]: Չնայած Ռ. Բերբերյանի հավաստմանը` արխիվային նյութերում և գրականության մեջ Նոր Նախիջևանի համայնական խորհրդի` 1918-1920 թթ.-ին Հյուսիսային Կովկասում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են: Դրանցում հիմնականում ներկայացված է այդ կազմակերպության` երկրամասի գաղթականներին աջակցելուն ուղղված բարեգործական գործունեությունը: Նոր Նախիջևանի համայնական խորհրդի Հյուսիսային Կովկասի հայության շահերը պաշտպանելուն ուղղված գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան: Դոնի հայերի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ նրա գործունեության մասին արխիվային վավերագրերում պահպանվել է միայն մի հիշատակություն, որի համաձայն 1919թ. մայիսին Ռ. Բերբերյանը Հյուսիսային Կովկասի գաղթականական հաստատությունների ներկայացուցիչների ժողովին խնդրում է միջոցներ ձեռնարկել Ռոստովի հայերի զորակոչը դադարեցնելու համար[23]: Արխիվային նյութերի ուսումնասիրությունից պարզվեց նաև, որ 1919թ.-ից Դոնի հայության շահերի հիմնական պաշտպանը Դոնի շրջանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Գ. Չալխուշյանն էր:   

Հյուսիսային Կովկասի, Դոնի և ընդհանրապես Ռուսաստանի հարավի հայկական կազմակերպությունների` գաղթականների վերադարձը արագացնելու շահագրգռվածությունը պայմանավորված էր ոչ միայն հայրենակիցներին աջակցելու, այլ նաև օր առաջ նրանց խնամելու հոգսից ազատվելու ցանկությամբ: Օրինակ, 1919թ. հունվարի 20-ին Նոր Նախիջևանում տեղի ունեցած հայկական կազմակերպությունների ժողովում որոշվեց հայրենիք վերադարձող գաղթականներին և ռազմագերիներին աջակցելուց բացի, վերադառնալ չցանկացող գաղթականներին պարտադրել ծառայելու Կամավորական կամ Դոնի բանակներում[24]: 1919թ. մարտի 7-ի Գրիգոր Ձամոյանի* (Ձամոև)` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին ուղղած զեկույցից տեղեկանում ենք համանման բովանդակությամբ մեկ այլ ժողովի անցկացման մասին, որին մասնակցել են Դոնի, Ղրիմի և Կուբանի հայկական կոմիտեների ներկայացուցիչները: Այդ ժողովի որոշմամբ զորակոչի ենթակա, սակայն Կամավորական բանակում ծառայել չցանկացող հայերը պետք է մեկնեն Հայաստան[25]: Փաստորեն Հյուսիսային Կովկասում և ընդհանրապես Ռուսաստանի հարավում գործող հայկական կազմակերպությունների մի մասը հայրենիք վերադառնալ չցանկացող գաղթականների խնամքի հոգսից ազատվելու համար ստիպում էր նրանց մտնել ոչ խորհրդային պետական կազմավորումների բանակներ: Այդ ժողովները անարդյունք չեղան: «Борьба»-ի 1919թ. մարտի 27-ի համարից տեղեկանում ենք, որ Ռոստովից Թիֆլիս ժամանած 70 հայ ուսանողներ գնում են Հայաստան` հայկական բանակում ծառայելու[26]:

1919թ. առաջին ամիսներին Հյուսիսային Կովկասի հայկական կազմակերպությունների ձեռնարկած միջոցների շնորհիվ հայ գաղթականների և ռազմագերիների հոսքը Նովոռոսիյսկ-Բաթում ուղղությամբ աշխուժացավ[27]: Գաղթականներ տեղափոխող շոգենավերը Բաթում էին ուղևորվում ոչ միայն Նովոռոսիյսկից, այլ նաև Սև ծովի ափերին գտնվող այլ քաղաքներից, մասնավորապես` Օդեսայից[28]: Բաթումում ափ իջնելով` հազարավոր հայ գաղթականներ և ռազմագերիներ փորձում էին անցնել Հայաստան, սակայն Բաթումի անգլիական իշխանությունը, ի նկատի ունենալով Հայաստանում տիրող ծանր տնտեսական կացությունը, արգելում էր նրանց հետագա տեղաշարժը[29]: Մարտի վերջին կամ ապրիլի սկզբին անգլիական հրամանատարությունը արգելեց նաև հայ գաղթականների մուտքը Բաթում[30]:

Չնայած 1919թ. մարտ-ապրիլ ամիսներին Բաթումի անգլիական հրամանատարության հարուցած արգելքներին` գաղթականների և ռազմագերիների մի մասին, Բաթումի գլխավոր հյուպատոս Գ.Եդիգարյանի ջանքերի շնորհիվ, հաջողվեց անցնել Հայաստան: Գ. Եդիգարյանը ստիպված էր գաղթականներին և ռազմագերիներին Հայաստան ուղարկել` վճարելով նրանցից յուրաքանչյուրի փոխադրության համար բավական մեծ գումար[31]:

1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում Անտանտի երկրների հետ կնքած զինադադարի համաձայն թուրքական զորքերը սկսեցին ետ քաշվել մինչև 1914թ. ռուս-թուրքական սահմանը: «Երբ թուրքերը հեռացան,- գրում է Ա. Խատիսյանը,- ավելի ևս սաստկացավ սովի տագնապը, որովհետև անոնք իրենց հետ տարան մեր հացի պաշարները»[32]:

Վրաստանի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման հետևանքով Հայաստանը երկար ժամանակով զրկվեց արտաքին աշխարհից անհրաժեշտ ապրանքներ ներմուծելու հնարավորությունից: Հայաստանի հարևանները առաջին հերթին Վրաստանը, օգտվելով իրենց նպաստավոր աշխարհագրական դիրքից, փորձում էին սովի միջոցով պարտադրել Հայաստանին տարածքային զիջումների գնալ: 1918թ. վերջին և 1919թ. սկզբին Հայաստանի պարենային ծանր դրությունը աղետալի հետևանքներ ունեցավ հանրապետության տարածքում բնակվող տեղացի և գաղթական հայության համար: Վեց ամսվա ընթացքում սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացավ մոտ 180.000 մարդ[33]:

Հայաստանի Հանրապետության գոյության առաջին օրերից երկրում կուտակված գաղթականության խնդիրը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն էր: Գաղթականական գործի կազմակերպումը մինչև 1918թ. նոյեմբերի սկիզբը ամբողջությամբ իրականացնում էր ներքին գործերի նախարարությունը[34]: 1918թ. նոյեմբերի 6-ին հիմնվեց Հանրային խնամատարության նախարարությունը, որին վերապահվեց փախստականների խնամատարության գործը[35]: Սակայն փախստականներին լքված հողերի վրա տեղափոխելու գործառույթը շարունակում էր իրականացնել Ներքին գործերի նախարարությունը[36]: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Հյուսիսային Կովկասում ապաստանած գաղթականության հարցի միակ արմատական լուծումը նրանց հայրենադարձության կազմակերպումն էր, որը հնարավոր էր իրագործել միայն թուրքական զորքերից ազատվող հայկական հողերում Հայաստանի Հանրապետության իշխանության հաստատմամբ:

Եթե թուրքական զորքերից պարտված Արևելյան Հայաստանի մի քանի շրջանում Հայաստանի Հանրապետության իշխանության հաստատումը և փախստականների ներգաղթը իրականացվեց միաժամանակ, ապա Շարուր-Նախիջևանում և Կարսում այդ գործընթացը հանդիպեց տեղի մահմեդական, հիմնականում թուրք-թաթարական ազգաբնակչության կազմակերպված դիմադրությանը: Մահմեդականների «հանրապետությունները» սկզբնական շրջանում վայելում էին Անդրկովկասում անգլիական հրամանատարության աջակցությունը: Սակայն 1919թ. մարտից Անդրկովկասում բրիտանական հրամանատարության դիրքորոշումը Կարսի և Շարուր-Նախիջևանի հարցում փոխվում է հօգուտ Հայաստանի[37]:

1919թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության զորքերը մտան Կարսի, Նախիջևանի և Շարուրի շրջանները և դրանք միացրին հանրապետությանը, որից հետո Շիրակի, Կարսի, Կաղզվանի, Կողբի, Սարդարապատի, Սուրմալուի, Վեդի-Բասարի և այլ շրջանների գաղթականները վերադարձան իրենց նախկին բնակավայրերը[38]:

Արևելահայ գաղթականության վերաբնակեցման խնդիրը հիմնականում լուծելուց հետո հանրապետության կառավարության գլխավոր հոգսերից մեկը դարձավ արևմտահայ փախստականների վերադարձի հարցը:[39] Քանի որ հայկական հարցի լուծումը ձգձգվում էր, ապա մնում էր գաղթականության տեղավորման խնդիրը լուծել հանրապետության տարածքում: Այդ իսկ պատճառով նրանց մի հատվածը զբաղեցրեց, Հայաստանից տարբեր դրդապատճառներով արտագաղթած, գերազանցապես թուրք-թաթարական և մասամբ ռուս բնակչության գյուղերն ու բնակավայրերը[40]:

1919թ. մայիսին Բաթում հասան ալյուրով բեռնված ամերիկյան առաջին նավերը: Անգլիացիների և ամերիկացիների աջակցությամբ սկսվեց ալյուրի փոխադրումը Հայաստան[41]: Ամերիկյան պարենային օգնության շնորհիվ Հայաստանի տնտեսական կացությունը աստիճանաբար սկսեց կարգավորվել: 1919թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի քաղաքական և տնտեսական դրության բարելավումը հնարավորություն ընձեռեց Հայաստանի իշխանություններին զբաղվել Հյուսիսային Կովկասի գաղթականների օգնության և հայրենադարձության հարցերով[42]: Հայաստանի կառավարությունը նաև զգալի ջանքեր էր գործադրում Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և այլ վայրերից հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար[43]:

1919թ. մայիսից Հայաստանի կառավարության կարգադրությամբ Խնամատարության նախարարությունը սկսեց զբաղվել Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների հայրենադարձության հարցերով: Վրաստանում Հայաստանի Խնամատարության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Դավիթխանյանը 1919թ. մայիսի 13-ին Թիֆլիսից վերոհիշյալ կառույցի նախարարին հեռագրով հայտնում էր. «Ամերիկացիների աջակցությամբ իմ կողմից կազմակերպվում է Հյուսիսային Կովկասից փախստականների տեղափոխումը: Լիազորներ եմ նշանակել Մալխասյանին և Արգուտինսկուն, որոնք այսօր մեկնում են»[44]: Հյուսիսային Կովկաս գործուղված իշխան Հ. Արղության-Երկայնաբազուկը և Վ. Մալխասյանը իրենց տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցների սղության պատճառով էական դեր չունեցան հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման գործում[45]:

1919թ. մայիսից Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման հարցով ակտիվորեն զբաղվեց Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հովհաննես Սաղաթելյանը: Նա միևնույն ժամանակ Կուբանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր:

Մայիսի 8-ին Եկատերինոդարում Կամավորական բանակի և Կուբանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խառը ժողով, որին հրավիրված էին մասնակցելու Կուբանում Հայաստանի Հանրապետության և ՌԿԽԸՀԿ-ի ներկայացուցիչները: Ժողովին ներկա էին նաև հույների և լեհերի ներկայացուցիչները: Ժողովը որոշեց արագացնել գաղթականների վերադարձը, կազմել դրա համար հատուկ երթուղային գնացքներ և փոխադրանավեր: Որոշվեց ելակետ նշանակել Նովոռոսիյսկը և Վլադիկավկազը: Ժողովը վերահաստատեց դեռ 1919թ. հունվարին հայրենիք մեկնող գաղթականների համար նախատեսված պարենի չափաբաժինը[46]:

Կամավորական բանակը և կազակների կառավարությունները գաղթական էին համարում միայն նրանց, ովքեր երկրամաս էին եկել 1917թ. մարտի 1-ից հետո: Այս գաղթականներին Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարությունը ազատել էր զորակոչից: Ամենայն հավանականությամբ նրանց ներգաղթը խթանելու և Կամավորական բանակը նոր զինվորներով համալրելու համար Ա. Դենիկինը գաղթականների տարկետման ժամկետը սահմանափակեց մինչ 1919թ. սեպտեմբերի 25-ը, որից հետո երկրամասում մնացած գաղթականների արական սեռի ներկայացուցիչները պետք է զորակոչվեին բանակ[47]:

Հյուսիսային Կովկասի հայության ներգաղթը կազմակերպելու և գաղթականների տեղափոխման համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու նպատակով Հ. Սաղաթելյանի նախաձեռնությամբ 1919թ. մայիսին (15, 26, 27, 28) Եկատերինոդարում կայացավ Հյուսիսային Կովկասի գաղթականական հաստատությունների ներկայացուցիչների ժողով, որին մասնակցեցին ՌԿԽԸՀԿ-ի գլխավոր լիազոր Ք. Աճեմյանը և նույն կառույցի ներկայացուցիչ Հ. Թադևոսյանը, Արմավիրի գաղթականական կոմիտեի նախագահ Յ. Յարվելյանը, Ստավրոպոլի ներկայացուցիչ Այվազյանը, Կիսլովոդսկի` Մ.Շաթիրյանը, Տագանրոգի`Ագուլյանը, Տուապսեի` Մանասաճյանը, Պյատիգորսկի` Ն. Մկրտչյանը, Եկատերինոդարի ազգային խորհրդի կողմից` Տեր-Ներսես Աբրահամյանը և Պ. Մարգարյանը, Գորյաչի-Կլյուչից` Ուզունջյանը, Կրիմսկից` Տեր-Անտոնյանը, Եկատերինոդարի հայրենակցական միությունների կողմից` Թ. Ասոյանը, Հայաստանի պարենավորման մասնաժողովի կողմից լիազոր Մարգարյանը և անդամ Թայիրյանը, Մայկոպի ներկայացուցիչ Գասպարյանը, Հայաստանի Խնամատարության նախարարության Հյուսիսային Կովկասի Թերեքի շրջանի գաղթականների լիազոր Վ. Մալխասյանը և Սուրբ Խաչի ներկայացուցիչ Տեր-Հովհաննիսյանը[48]:

1919թ. մայիսի 15-ին բացվեց նախապատրաստական ժողովը: Նախագահող Հ. Սաղաթելյանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասաց. «Հյուսիսային Կովկասի գաղթականության վերադարձը մի մեծ ազգային գործ է` լցնել Հայաստանը հայ քաղաքացիներով, վերադարձնել տարագիր հայերին իրենց վայրերը և զարկ տալ երկրի վերականգնմանը:

Ահա այն ծանր կենտրոնական խնդիրները, որ դրվում են մեր կառավարության առաջ: Վաղ ժամանակից եկած գաղթականությունը նույնպես ձգտում է երկիր, նրանք էլ անհրաժեշտ են իրենց կապիտալներով և ձեռնարկություններով…

Հայկական կառավարությունից ակնկալել օգնություն Հյուսիսային Կովկասի գաղթականների վերադարձի համար անկարելի է, որովհետև նա ունի մեծ հոգսեր և ծախսեր և թույլ գանձարան:

Ահա այս նպատակով հրավիրել եմ Ձեզ, որ գործենք միջոցներ ստեղծելու գաղթականության վերադարձի հետ կապված ծախքերի համար փոխադարձ համաձայնությամբ և համագործակցությամբ»[49]:

Մայիսի 26-ի նիստում ժողովի մասնակիցները հանդես եկան իրենց շրջաններում ապաստանած հայ գաղթականների թվաքանակի և դրության մասին զեկույցներով, Այդ տեղեկությունների հիման վրա կազմվել է N2 աղյուսակը[50]:

Աղյուսակ N2

 

Թիվը

Ռուսահպատակ

Թուրքահպատակ

Պարսկահպատակ

Եկատերինոդար

16.890

6.633

8.795

1.462

Արմավիր

8.914

4.889

3.863

162

Գարյաչի Կլյուչ

15-20

 –

 –

 –

Մայկոպ

1.200

251

714

18

Ռոմանովսկ

2.318

180

1.538

 –

Գեորգիևսկ

2.876

1.450

1.467

9

Պյատիգորսկ

4.700

3.034

1.436

230

Կիսլովոդսկ

1.468

121

1.347

 –

Սուրբ խաչ

1.932

915

957

 –

Տուապսե

Տագանռոգ

140

64

56

20

Կրիմսկ

600

 Ընդհանուր

41.038

17.537

20.173

1.892

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների թիվը 1919թ. մայիսին

 

Աղյուսակում բացակայում են Հյուսիսային Կովկասի մի շարք բնակավայրերում ապաստանած հայ գաղթականների վերաբերյալ վիճակագրական տեղեկությունները: Բայցևայնպես աղյուսակի միջոցով կարելի է պատկերացում կազմել 1919թ. առաջին ամիսներին երկրամասի տարբեր շրջաններում ապաստանած գաղթականների թվաքանակի վերաբերյալ:

Մայիսի 26-ից 28-ը տեղի ունեցած նիստերի ընթացքում Հյուսիսային Կովկասի հայ գաղթականական կազմակերպությունների ներկայացուցիչները երկրամասի հայերի Հայաստան ներգաղթը կազմակերպելու համար մի շարք կարևոր որոշումներ ընդունեցին.

1) Վերադարձող գաղթականների ցուցակագրության հարցը: Ներգաղթը կազմակերպելու և գաղթականներին ալյուրի կանոնավոր մատակարարումը իրականացնելու համար հարկավոր էր պարզել նրանց ճշգրիտ թվաքանակը: Չնայած ժողովի մասնակիցները ներկայացրել էին իրենց շրջաններում ապաստանած գաղթականների թվաքանակը և նրանց դրությունը, սակայն, նկատի ունենալով գաղթականների անընդմեջ տեղաշարժերը, ժողովը անհրաժեշտ համարեց հայրենակցական միությունների աջակցությամբ նոր ճշգրիտ վիճակագրություն կատարել:

2) Ներգաղթողների հերթականությունը: Առաջին հերթին որոշվեց փոխադրել անդրկովկասցիներին, այնուհետև արևմտահայ գաղթականներին, նաև նրանց, ովքեր սեփական միջոցներով կարող էին գնել մթերքի թույլատրված պաշարը:

3) Ներգաղթի թղթաբանության պարզեցում: Ներգաղթը հեշտացնելու համար որոշվեց միջոցներ ձեռնարկել գաղթականներին պաշտոնական ձևականություններից և տուրքերից ազատելու ուղղությամբ: Տեղական իշխանությունների կողմից գաղթականների և նրանց հետ տարվող մթերքի ստուգումը պետք է կատարվեր փոխադրության սկզբնական և վերջնական կետերում, այսինքն` երկաթուղի նստելիս և Նովոռոսիյսկից ու Վլադիկավկազից դուրս գալիս:

4) Գաղթականների տեղափոխման ձևերը և միջոցները: Գաղթականները պետք է տեղափոխվեին մեծ խմբերով: Յուրաքանչյուր վագոնում իրենց մթերքներով պետք է տեղավորվեին 30-35 հոգի: Հայաստան մեկնողներին հնարավորություն էր տրվում գաղթականական խմբեր կազմել իրենց ցանկությամբ: Գաղթականների տեղափոխությունը պետք է անվճար լիներ:

5) Ներգաղթի կայանները և ճանապարհները: Ժողովը որոշեց ներգաղթը իրականացնել երեք ուղղությամբ` Նովոռոսիյսկ-Բաթում, Վլադիկավկազ-Թիֆլիս և Տուապսե-Բաթում: Գաղթականների հիմնական մասը պետք է մեկներ Նովոռոսիյսկ և Վլադիկավկազ, իսկ աննշան մասը` Տուապսե (Տուապսեի և Մայկոպի շրջանի գաղթականները): Պետրովսկ-Բաքու երկաթգիծը պետք է օգտագործվեր այն ժամանակ, երբ կվերաբացվեր և Բաքու ուղևորվող գաղթականների անվտանգությունը երաշխավորված կլիներ:

Ռազմավիրական ճանապարհով պետք է ուղարկվեին այն գաղթականները, որոնք ունեին ձիեր, սայլեր և այլ փոխադրամիջոցներ: Քանի որ Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների զգալի մասը չունևոր էր, ապա Ռազմավիրական ճանապարհից օգտվողների թիվը սահմանափակ էր լինելու: Փաստորեն ներգաղթի հիմնական ուղղությունը պետք է լիներ Նովոռոսիյսկ-Բաթումը:

6) Թիֆլիսում, Բաթումում և Բաքվում գաղթականների ընդունման հարցը: Անդրկովկասում գաղթականներին ընդունելու գործը կարգավորելու համար ժողովը որոշեց նախապես պայմանավորվել Բաթումում, Թիֆլիսում և Բաքվում վերոհիշյալ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ:

7) Որբերի տեղափոխության հարցը: Հյուսիսային Կովկասում ապաստանած հազարավոր որբերի տեղափոխությունը Հայաստան իրականանալու էր առանձին կարգով: Նախօրոք հարկավոր էր ստանալ Հայաստանի կառավարության թույլտվությունը: Որբերը պետք է տեղափոխվեին միայն այն դեպքում, երբ նրանց ընդունելության նախապատրաստությունը Հայաստանում վերջացած լիներ:

8) Գաղթականների տարերային շարժումը կանխելու համար միջոցներ: Գաղթականների տեղափոխության համար անհրաժեշտ փոխադրամիջոցների սղությունը, Նովոռոսիյսկում և Վլադիկավկազում նրանց տեղավորելու համար անհրաժեշտ բնակարանների բացակայությունը ու գաղթի ընթացքում համաճարակների բռնկման վտանգը ստիպեց ժողովի մասնակիցներին միջոցներ ձեռնարկել գաղթականների տարերային շարժումը կանխելու ուղղությամբ: Հյուսիսային Կովկասի հայերի հայրենադարձությունը բացառապես հայկական կազմակերպությունների ձեռքում կենտրոնացնելու նպատակով ժողովը որոշեց երկրամասի իշխանությունների համաձայնությամբ գաղթականներին անվճար տեղափոխելու և սահմանված չափով մթերք տանելու իրավունքի վկայականները տրամադրել բացառապես տեղական կոմիտեների միջոցով:

9) Ընդհանուր կազմակերպչական հարցեր: Ժողովը որոշեց Հյուսիսային Կովկասի հայության ներգաղթի ղեկավարումը թողնել գոյություն ունեցող կենտրոնական մարմնին` ՌԿԽԸՀԿ-ին: Այս կառույցը առաջնորդվում էր Հայաստանի կառավարության հրահանգներով, որ ստանում էր Հ. Սաղաթելյանի միջոցով:

10) Բժշկա-սանիտարական օգնություն: Ներգաղթի ընթացքում համաճարակների բռնկման վտանգը նվազեցնելու նպատակով ժողովը որոշեց շարունակել բժշկական օգնությունը բոլոր այն վայրերում, որտեղ մեծ քանակությամբ գաղթականություն էր կուտակված, ինչպես, օրինակ, Եկատերինոդարում ու Արմավիրում: ՌԿԽԸՀԿ-ն պետք է ներգաղթի գլխավոր կետերում` Վլադիկավկազում և Նովոռոսիյսկում, կազմակերպեր գաղթականների բժշկա-սանիտարական օգնությունը:

11) Ներգաղթողներին պարենով ապահովելու հարցը: Նկատի ունենալով Հայաստանում պարենի պակասը` ժողովի մասնակիցները որոշեցին գաղթականներին ապահովել ալյուրով և այլ մթերքներով: Ալյուրը գաղթականներին տրամադրելու էին տեղական գաղթականական կոմիտեները: Չարաշահումներից խուսափելու համար յուրաքանչյուր գաղթականի վկայականի վրա պետք է նշվեր նրա հետ եղած պարենի չափը:

12) Ֆինանսական խնդիրը: Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների ներգաղթի համար պահանջվող ֆինանսական միջոցները ժողովը որոշեց հայթայթել երկրամասի հայկական համայնքների և հարուստ հայերի նվիրատվությունների միջոցով[51]:

Ժողովի այս որոշումները անմիջապես կյանքի կոչվեցին և սկսվեց Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների հոսքը Նովոռոսիյսկ, որտեղից նրանք տեղափոխվելու էին Բաթում:

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների հայրենադարձությունը կազմակերպելու համար հարկավոր էր ոչ միայն երկրամասի հայկական կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչության և Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների աջակցությունը, այլև` Անդրկովկասում անգլիական զինվորական հրամանատարության համաձայնությունը և աջակցությունը: Հարկավոր էր նաև Վրաստանի կառավարության` իր տարածքով գաղթականներին տեղափոխելու թույլտվությունը:

1919թ. առաջին ամիսներին Բաթումը լցվել էր Նովոռոսիյսկից, Օդեսայից և այլ տեղերից եկած գաղթականներով և վերածվել էր գաղթականական քաղաքի: Բաթումի Հայոց ազգային խորհուրդը միջոցների սղության պատճառով ի վիճակի չէր նրանց տեղավորել, կերակրել և հագցնել[52]: Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ.Եդիգարյանի ջանքերով 1919թ. ապրիլից քաղաքի գաղթականներին օգնության հասավ Հայաստանի Հանրապետության Խնամատարության նախարարությունը: Այդ կառույցը Վրաստանում իր ներկայացուցիչ Դ. Դավիթխանյանի (նրան էր հանձնված նաև Հյուսիսային Կովկասի հայ գաղթականության խնամատարության գործի ընդհանուր հսկողությունը)[53] միջոցով Բաթումում և մերձակայքում ներկայացուցիչ նշանակեց Լևոն Չիլինգարյանին` տրամադրելով նրան ընդամենը 60.000 ռ.[54]: Այդ գումարը բավարար չէր Բաթումի հազարավոր գաղթականների խնդիրը լուծելու համար: Միակ ելքը նրանց Հայաստան տեղափոխելն էր, ինչն առանց Անդրկովկասի անգլիական հրամանատարության թույլտվության անհնար էր իրականացնել: Մինչև 1919թ. մայիսը Հայաստանում տիրող ծանր պարենային կացության պատճառով Անդրկովկասում բրիտանական ուժերի հրամանատարությունը խոչընդոտում էր Բաթումում կուտակված գաղթականների և ռազմագերիների հայրենադարձությանը[55]: 1919թ. մայիսից, երբ ընդլայնվեցին Հայաստանի սահմանները և հասավ ամերիկյան ալյուրը, Անդրկովկասում բրիտանական ուժերի հրամանատարությունը փոխեց հայերի հայրենադարձության հարցի նկատմամբ իր դիրքորոշումը: Անգլիացիները ոչ միայն չխոչընդոտեցին, այլև աջակցեցին այդ գործընթացին:

1919թ. մայիսի 4-ին Անդրկովկասում բրիտանական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Վ. Թոմսոնը Հայաստանի կառավարության վարչապետին և Ամերիկյան նպաստի կոմիտեին ուղարկած նամակում գրում էր. «1. Ցանկալի է սկսել հայերի, հույների և այլ փախստականների վերադարձը Նովոռոսիյսկի շրջանից, որքան շուտ որ կարելի է, իրենց բնակավայրերը:

  1. Երկաթուղու գնացքները հարմար չեն այդ տեղափոխման համար, ամենքը օգնության ուտեստներով բեռնված լինելու պատճառով Հայաստանի և ուրիշ տեղերի համար:
  2. Առաջարկվում է, որ վերադարձը տեղի ունենա ծովով մինչև Բաթում, այնտեղից Արդվինի և Արդահանի ճանապարհով Ղարսի շրջանը ճանապարհի երթևեկությունը այժմ կանոնավոր լինելու պատճառով:
  3. Հետևյալ կետերը անհրաժեշտ լինելու համար պետք է գործադրվեն հնարավորինս շուտ.
  4. Բաթումի զինվորական կառավարիչը պիտի տրամադրի մի դաշտատեղ` երեք մղոն հեռավորությամբ Բաթումից, ուր փախստականները մի գիշեր միայն կը մնան և կը մեկնեն Ամերիկյան նպաստամատույց կոմիտեից ստանալով մի ամսվա պաշար.
  5. Հայ կառավարությունը Բաթում կուղարկի ալյուր և մի ներկայացուցիչ, որը հավաքելու և հսկելու է փախստականների և մթերքների վրա և տալու է այնքան անասուններ փոխադրության համար, որքան հարկավոր է:
  6. Բաթումի զինվորական կառավարիչը պետք է ձեռք առնի, կարելի եղածին չափ պաշտպանության, Բաթումի և Արդահանի ճանապարհի համար, բայց նա չի կարող պատասխանատվություն և երաշխավորություն հանձն առնել երկրորդական ճանապարհների պաշտպանության մասին: Այդ տեղափոխության գործը գլխավորապես պիտի կատարվի զինյալ սայլերով: Հայ կառավարությունն իր վրա պիտի վերցնի Արդահանից մյուս կողմի պաշտպանության գործը:
  7. Ոչ մի զորախումբ` անգլիական կամ հայկական, չի անցնելու թուրքական սահմանը. փախստականների վերադարձը Տաճկաստան լինելու է իրենց ռիսկով, և տեղափոխությունը տեղի ունենալու է Սարիղամիշ-Էրզրումի և Շահթախտ-Բայազետ երկաթուղիներով:
  8. Այս կարգադրությունները շուտով պիտի իրագործվեն, որպեսզի փախստականները կարողանան իրենց ճամփորդությունը սկսել Բաթումից մայիսի 20-ին»[56]:

Փաստորեն գեներալ-մայոր Վ. Թոմսոնը Հայաստանի կառավարությանը և Ամերիկյան կոմիտեին էր ուղարկել Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների Հայաստան ներգաղթի ծրագիրը: Այդ ծրագրի որոշ կետերի առնչությամբ իր ոչ անհիմն մտահոգությունը հայտնեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության Խնամատարության նախարարության ներկայացուցիչ Դ. Դավիթխանյանը: Նա 1919թ. մայիսի 22-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Լ.Եվանգուլյանին գրում է. «Բաթումի և Շրջանի անգլիական գեներալ-նահանգապետ Կուկ-Կոլլիսի հրամանի համաձայն Նովոռոսիյսկից Բաթում եկած բոլոր գաղթականները պիտի մնան Բաթումում միմիայն մի օր, որից հետո պիտի ճանապարհվեն դեպի հայրենիք` ոտով:

Այս հրամանը ծանր կացության մեջ է գցում առանց այն էլ հյուծված գաղթականությանը, որոնց մեծ մասը տաճկահայ և Ղարսի շրջանից են, եթե դրանք ուղարկվեն հայրենիք հիշյալ ձևով, ճանապարհին անպայման կենթարկվեն մահի և ոչնչացման: Վերջին հանգամանքը ստիպում է մեզ պահել Բաթումում Նովոռոսիյսկից եկած գաղթականությանը, որոնց թիվը հասնում է 10.000-ի (ընդգծումը մերն է – Ս.Մ.), մինչև որ հնարավորություն ստանանք տաճկահայերին տեղափոխել հայրենիք Տրապիզոնի վրայով, իսկ ղարսեցիներին ճանապարհել երկաթուղագծով ուղղակի մինչև Կարս»[57]: Նամակում Դ. Դավիթխանյանը խնդրում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչին միջնորդել Թիֆլիսի անգլիական գլխավոր հրամանատարության առաջ, որ փոխվի Բաթումի նահանգապետի հրամանը[58]: Մայիսի 27-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Լ.Եվանգուլյանը կատարեց Դ. Դավիթխանյանի խնդրանքը և դիմեց Անդրկովկասում բրիտանական ուժերի գլխավոր շտաբին, որն էլ մայիսի 30-ին պատասխանեց. «Գեներալ-մայոր Կորին հասկանում է գեներալ Կուկ-Կոլլիսի հրամանի հետևանքով առաջացած բարդությունները, որը վերաբերվում է Բաթումով վերադարձող գաղթականներին:

Սակայն այդ հրահանգները պետք է արվեն, քանի որ դրանք միայն Բաթումի և գաղթականների օգտին են:

Սննդամթերքի վիճակը և գերբեռնվածությունը, որը առկա է Բաթումում, պահանջում է, որ նոր եկած գաղթականները շարունակեն իրենց ճանապարհը որքան կարելի է շուտ:

Շոսեային ճանապարհով գաղթականներին գնալու հրահանգը կապված էր այն բանի հետ, որ երկաթուղային վագոնները քիչ են, և դրանք զբաղված են արագ սննդամթերքի Հայաստան տեղափոխմամբ:

Մենք միշտ հնարավորության դեպքում նախօրոք տեղեկացնում ենք Բաթում եկող գաղթականների մասին և հույս ունենք, որ դուք կանեք բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց Բաթում ընդունելու համար, որ խուսափվի տեղափոխման ժամանակ առկա դժվարություններից»[59]:

Փաստորեն, անգլիական հրամանատարությունը 1919թ. մայիսի 20-ից թույլատրեց Նովոռոսիյսկում կուտակվող գաղթականների տեղափոխությունը Բաթում: Նույն օրը Նովոռոսիյսկի ՌԿԽԸՀԿ-ի ներկայացուցիչ Ս. Խաչատրյանի (Խաչատուրովի) ջանքերով Բաթում ուղարկվեց գաղթականների առաջին խումբը[60]: Գ. Պետրոսյանը, անդրադառնալով 1919թ. մայիս-հունիս ամիսներին Հյուսիսային Կովկասից Բաթում եկած գաղթականների թվին, նշում է 50 հազարի մասին[61]: Նրանց մեծ մասը արևելահայ գաղթականներն էին:

Բաթումից Հայաստան անցնող գաղթականներին և ռազմագերիներին Բաթումի վրացական երկաթուղային վարչությունը հրաժարվեց անվճար տեղափոխել: 1919թ. մայիսին խնդիրը կարգավորելու նպատակով Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Լ.Եվանգուլյանը Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ.Եդիգարյանի խնդրանքով դիմեց Վրաստանի կառավարությանը[62]: 1919թ. մայիսի 22-ին Վրաստանի կառավարությունը տեղեկացրեց Լ.Եվանգուլյանին, որ Բաթումից գաղթականներին հայրենիք տեղափոխելու համար տրամադրում է 4-րդ կարգի սակագնով, փակ վագոններով մի գնացք` պայմանով, որ գաղթականների յուրաքանչյուր ուղարկման համար անհրաժեշտ գումարը նախօրոք մուծվի: Վրացական իշխանությունները պահանջեցին, որ Բաթումում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը նախապես կայարան ուղարկի գաղթականների և ռազմագերիների ցուցակները` նշելով նրանց թվաքանակը, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր վագոնում պետք է լինի 40 հոգի[63]: Վրացական իշխանությունների տրամադրած գնացքը և մի քանի վագոնները բավարար չէին Բաթումում գտնվող և ամեն օր ժամանող հազարավոր գաղթականներին ու ռազմագերիներին Հայաստան տեղափոխելու համար: Քաղաքում մնացած գաղթականների մի մասը ստիպված էր օգտվել վճարովի փոխադրամիջոցներից, որի տոմսը գնելու համար վաճառում էր իր ունեցվածքը[64]: Գաղթականների մյուս մասը ՌԿԽԸՀԿ-ի տրամադրած մի քանի փութ ալյուրից բացի ոչինչ չուներ և մնաց Բաթումում` սպասելով վրաց իշխանությունների տրամադրած գնացքին:

Հազարավոր գաղթականների կուտակումը Բաթումում առաջացրեց անգլիական իշխանության դժգոհությունը: 1919թ. հուլիսի վերջին Բաթումի նահանգապետը արգելեց նոր գաղթականների մուտքը քաղաք և պահանջեց Հայաստանի իշխանություններից տեղափոխել Բաթումում մնացած 7 հազար գաղթականներին. միայն դրանից հետո Բաթումի նահանգապետը կթույլատրեր նոր գաղթականներին մտնել քաղաք [65]:

Չորս հազար գաղթականով բեռնված վերջին նավը Նովոռոսիյսկից Բաթում ժամանեց օգոստոսի սկզբին: Անգլիական իշխանությունները գաղթականներին արգելեցին ափ իջնել և ուղարկեցին ետ` Նովոռոսիյսկ, զգուշացնելով, որ Բաթումը այլևս գաղթականներ չի ընդունելու[66]:

Ներգաղթը դադարեցնելու անգլիացիների այս քայլը խառնաշփոթ առաջացրեց Հյուսիսային Կովկասում: Հայրենիք մեկնելու ակնկալիքով Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններից Նովոռոսիյսկ տեղափոխված գաղթականները հայտնվեցին ծանր դրության մեջ: Նրանց ներգաղթը հայրենիք վերսկսելու խնդրանքով 1919թ. օգոստոսի 3-ին ՌԿԽԸՀԿ-ի լիազոր Յ. Թադևոսյանը դիմեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության Խնամատարության նախարարության ներկայացուցիչ Դ. Դավիթխանյանին, որն էլ, իր հերթին, Հայաստանի կառավարությանը[67]: 1919թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի տարբեր շրջաններում սկսված մահմեդականների ապստամբությունների հետևանքով երկրի կառավարությունը չկարողացավ կազմակերպել Բաթումի հայերի տեղափոխությունը[68]: Ավելին, Հայաստանի կառավարությունը հրահանգեց Հյուսիսային Կովկասի հայկական կազմակերպություններին առժամանակ դադարեցնել հայերի հայրենադարձությունը:

1919թ. հունվար-հունիս ամիսներին հայ գաղթականների թվաքանակը Բաթումում առնվազն երկու անգամ գերազանցել էր 1919թ. հուլիսի 7.000 ցուցանիշը: Սակայն անգլիական հրամանատարությունը հայ գաղթականների մուտքը քաղաք արգելեց հենց հուլիսի վերջին, այսինքն այն ժամանակ, երբ Անդրկովկասում բրիտանական զորքերի հրամանատարությունը պատրաստվում էր երկրամասից տեղափոխել անգլիական զորքերը, որոնց մեծ մասը հեռանալու էր Բաթումով[69]: Պարզ էր, որ Հյուսիսային Կովկասից գաղթականներով բեռնված Բաթում ժամանող նավերը և քաղաքում գտնվող հազարավոր գաղթականները կարող էին խոչընդոտել անգլիական զորքերի տարհանմանը:

Անգլիական իշխանությունների կողմից հայերի մուտքը Բաթում արգելելու պատճառներից էր նաև Անդրկովկասում Կամավորական բանակի վարած քաղաքականությունը: 1919թ հունիսի 12-ին Բաթումում սկսեց գործել Կամավորական բանակի հավաքագրման գործակալությունը, որը ղեկավարում էր գեներալ Նատիևը (շտաբի պետն էր գնդապետ Դիտենկոն): Այդ կազմակերպության նպատակը Անդրկովկասյան կորպուսի գաղտնի ձևավորումն էր, որի միջոցով Կամավորական բանակը կգրավեր Բաթումը, իսկ հետագայում նաև` Վրաստանը և ողջ Անդրկովկասը[70]: Այդ գործակալության կողմից հավաքագրվածների մեծ մասը հայեր էին: Այս հանգամանքը առաջացրեց Վրաստանի իշխանությունների դժգոհությունը[71]: Անդրկովկասյան կորպուսի ստեղծումը և Բաթումում Կամավորական բանակի հաստատվելը հակասում էր անգլիացիների շահերին: Անգլիական զինվորական առաքելությունն արգելեց Բաթումի Կամավորական բանակի բաժանմունքի գործունեությունը, իսկ հունիսի 15-ին գեներալ Նատիևը և նրա համհարզը սպանվեցին վրացիների կողմից[72]:

1919թ. ընթացքում Հյուսիսային Կովկասից Ռազմավիրական ճանապարհով հայ գաղթականների ներգաղթը Հայաստան Վրաստանի իշխանությունների հարուցած արգելքների պատճառով հնարավոր չեղավ կազմակերպել: Դաղստանում մահմեդականների պարբերաբար բռնկվող ապստամբությունները և Ադրբեջանի անբարյացակամ վերաբերմունքը խանգարում էին Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին Հայաստան անցնելու համար օգտվել երկրամասը Անդրկովկասի հետ կապող երկաթուղուց[73]:

1919թ. մայիս-հուլիս ամիսներին Նովոռոսիյսկով Անդրկովկաս մեկնեցին հիմնականում արևելահայ և արևմտահայ գաղթականները: Նրանցից բացի իրենց տներն էին ցանկանում վերադառնալ Բաքվի նահանգի հայերը: 1918թ. նոյեմբերի 17-ին անգլիական զորքերը` գեներալ Թոմսոնի հրամանատարությամբ, մտան Բաքու[74]: Քաղաքի հայ գործիչների խնդրանքով բրիտանական հրամանատարությունը դեկտեմբերի սկզբին թույլատրեց իրենց տները վերադառնալ միայն Բաքու քաղաքի հայությանը[75]: Հյուսիսային Կովկասում ապաստանած Բաքվի հայ գաղթականների թվաքանակը ճշտելու և դրությանը մոտիկից ծանոթանալու նպատակով Բաքվի Հայոց ազգային խորհուրդը 1919թ. մարտի 26-ին Աշոտ Նասիբովին երեք շաբաթով գործուղեց Թերեք և Կուբան[76]:

Հյուսիսային Կովկասի արևելյան շրջաններում ապաստանած Բաքվի հազարավոր գաղթականների դրությունը ծանր էր: Այդ մասին է վկայում Ղզլարի գաղթականական կոմիտեից Բաքվի գաղթականական կոմիտեին 1919թ. մարտի 12-ին ուղղված նամակը, որտեղ ասված էր. «Ղզլարում ներկայումս կան 3.000-ից ավելի գաղթականներ` մերկ, դժվար կարոտության մեջ, իսկ քաղաքը այնպիսի քայքայման մեջ է, որ ոչ մի կերպ չի կարողանում օգնել գործին, բավական է ասել, որ հաց չկա բառիս իսկական իմաստով, չկա վառելիք և այլ կարևոր նյութեր: Չքավորությունը, սննդի պակասությունը գաղթականներից շատերին գերեզման է տարել, օրինակ, յոթը մարդուց բաղկացած ընտանիքից մնացել է մի հոգի: Կան բազմաթիվ որբեր»[77]: Տեղի կառավարությունը, անկարող լինելով հոգալ գաղթակաների կարիքները, մտադրվել էր նրանց կրկին Բաքու տեղափոխելու հարցի ձգձգման պարագայում, տեղափոխել Կուբան: Ստարոտերեչնայա-Ղզլար գծից գաղթականությանը Բաքու տեղափոխելու հարցը կարգավորելու նպատակով 1919թ. ապրիլի 7-ին Բաքվի Հայոց ազգային խորհուրդը դիմեց անգլիական շտաբին` խնդրելով գաղթականներին Բաքու տեղափոխելու համար նավ ուղարկել Ստարոտերեչնայա: Սակայն նավեր չլինելու պատճառաբանությամբ տեղափոխման գործը ձգձգվեց[78]:

1919թ. ապրիլի վերջին Ղզլար այցելած Մայիլյան եղբայրների գլխավորած գիտա-տնտեսական արշավախմբի անդամ Գ. Մեդնիկյանցը, որը ստանձնել էր քաղաքի գաղթականներին աջակցելու գործը, Բաքվի Հայոց ազգային խորհրդին հղած նամակում խնդրում էր Ղզլարում, Ստարո և Նովո Տերեչնիներում հավաքված 700 գաղթականներին և 40 հոգանոց պատվիրակությանը Բաքու տեղափոխելու համար նավ ուղարկել[79]:

1919թ. օգոստոսի 7-ին Բաքվի Հայոց ազգային խորհուրդը հայ գաղթականների դրությունը ուսումնասիրելու և վերադարձի գործը կազմակերպելու նպատակով Թերեք, Կուբան, Դոն և Պովոլժիե գործուղեց Գ. Տեր-Միքայելյանին[80]:

Բաքվի Հայոց ազգային խորհրդի կողմից Հյուսիսային Կովկաս գործուղված ներկայացուցիչների գործունեության մանրամասները հայտնի չեն: Հայտնի չէ նաև Հյուսիսային Կովկասից Բաքու վերադարձած հայերի թիվը: Սակայն նկատի ունենալով 1919թ. օգոստոսին անգլիական զորքերի Ադրբեջանից հեռանալը և այդ պետության հակահայկական քաղաքականությունը` կարելի է ենթադրել, որ Հյուսիսային Կովկասում ապաստանած Բաքվի հայ գաղթականների միայն աննշան մասը կարողացավ վերադառնալ քաղաք[81]:

Այսպիսով, Առաջին աշխարհամարտից հետո Հյուսիսային Կովկասի հայ գաղթականները և ռազմագերիները Հայաստան գնալու համար օգտվեցին Նովոռոսիյսկ-Բաթում ուղղությունից: Արխիվային նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ 1918-1919թթ. ընթացքում այդ ուղղությամբ Հյուսիսային Կովկասից Անդրկովկաս են եկել առնվազն 53-54 հազար հայ գաղթական և ռազմագերի: Եթե այս թիվը հանենք 1918թ. նոյեմբերին Հյուսիսային Կովկասում ապաստանած գաղթականների թվից, կստացվի, որ 1919թ. օգոստոսին երկրամասում մնացած գաղթականների թիվը 58-60 հազար էր:

Փաստորեն, Առաջին աշխարհամարտի տարիներին Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականների մոտ կեսը մնաց երկրամասում: Ռուսաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի որոշմամբ այս գաղթականների արական սեռի ներկայացուցիչները սեպտեմբերի 25-ից զորակոչվելու էին Կամավորական բանակ և կազակական զորքեր: Սակայն 1919թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հ. Սաղաթելյանին հաջողվեց Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարությունից ստանալ այդ գաղթականներին զորակոչից ազատելու թույլտվություն[82]: Հ. Սաղաթելյանը ջանքեր գործադրեց նաև Ռուսաստանի հարավի զինված ուժերի զորքերում ծառայող հայերին Հայաստան փոխադրելու ուղղությամբ:

1919թ. օգոստոսի 4-ին Տագանրոգից Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարության շտաբի հերթապահ գեներալ-մայոր Ս. Տրուխաչովը Եկատերինոդարում` Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին հողորդում է. «Գերագույն հրամանատարը թույլատրել է Անդրկովկասում ծնված հայերին, որոնք վերադարձել էին ավստրո-գերմանական գերությունից և միջոցների սղության պատճառով մտել են Կամավորական բանակ,նաև Անդրկովկասում ծնված այն հայերին, որոնք զորակոչվել են Կամավորական բանակի տարածքից, ուղարկել հայրենիք` Անդրկովկաս»[83]: Հրամանի համաձայն հայրենիք մեկնող հայերը պետք է ուղարկվեին Եկատերինոդարի ռազմական հրամանատարի մոտ, որն էլ հայ ռազմիկներին հանձնելու էր Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչությանը, որը կազմակերպելու էր հայ ռազմիկների տեղափոխությունը Հայաստան[84]: Հայ ռազմիկներին հայրենիք ուղարկելու ծախսերը հոգալու համար Հ. Սաղաթելյանը շրջում է Հյուսիսային Կովկասի հայաշատ համայնքները և ունևոր հայերից գումար հավաքում[85]: Սակայն 1919թ. հոկտեմբերին Ռուսաստանի հարավի զինված ուժերի ռազմական անհաջողությունները հնարավորություն չեն տալիս Հ. Սաղաթելյանին կազմակերպել Կամավորական բանակում և կազակների զորքերում ծառայող հազարավոր հայ զինվորների տեղափոխությունը Հայաստան:

1919թ. կեսերին Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հ. Սաղաթելյանից բացի երկրամասում գործում էին Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարությունները և կառույցները ներկայացնող գործիչներ, որոնց մի մասը, առաջնորդվելով գումար գրպանելու ցանկությամբ և անձնական շահով, վնասում էր թե´ Հյուսիսային Կովկասի հայությանը, թե´ Հայաստանի Հանրապետության հեղինակությանը: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը անտեղյակ էր կամ կողմնակի աղբյուրներից էր իմանում երկրամասի հայաշատ համայնքներում գործող ներկայացուցիչների մասին[86]: Այդ խնդիրը կարգավորելու նպատակով Հայաստանի կառավարության կարգադրությամբ 1919թ. հունիսի կեսերին Հյուսիսային Կովկաս գործուղվեց Հայաստանի խորհրդարանի անդամ Մարտին Հարությունյանը[87]: Իր գործուղման նպատակների մասին Մ. Հարությունյանը գրում է. «Մինիստրութեան առաքելութեամբ այս տարւայ յունիսի 16-ին ես ճանապարհվեցի Հիւսիսային Կովկաս, ի միջի այլոց, նաև վերաքնութեան ենթարկելու ՀՀ միսսիաներն ու հիւպատոսարանները, վերանշանակելու լիազորութիւնները այն անձանց, որոնք իրենց անվանում էին Հայաստանի ներկայացուցիչ, միաժամանակ լիազօրւած` այդ անձանց վերահաստատելու իրենց պաշտոնում կամ պաշտոնազուրկ անելու:

Այս ուղևորութեան ընթացքում ես այցելեցի Վլադիկավկազ, Եկատիրինօդար, Ռօստով, Կիսլավօդսկ, Պեատիգօրսկ, Նօվոռոսիյսկ և Բաթում քաղաքները. ծանօթացայ մեր ներկայացուցիչների և նրանց գործունեութեան հետ…»[88]:

1919թ. հուլիսի 17-ին (30) Մ. Հարությունյանն իր գործունեության արդյունքների մասին Հ. Սաղաթելյանին գրում է. «Ծանոթանալով գործին ես եկա այն եզրակացության, որ այլևայլ աննպաստ պայմանների շնորհիվ կան ներկայացուցիչներ կարգված ոչ թե ուղղակի ՀՀ ԱԳ մինիստրի կողմից, այլ ուրիշ մարմինների, ինչպես օրինակ նախկին Ազգային խորհրդի, Կիևի կոմիսարիատի և այլն. և որ այդ ներկայացուցիչները ոչ միշտ համապատասխան են այդպիսի պաշտոնի: Ուստի մի հատուկ կարգադրությամբ, հուլիսի 17 (30) 1919թ. համաձայն կառավարության տրված իրավունքի 16 յունիսի 1919թ. N 2214 ես վերացնում եմ բոլոր այդ ներկայացուցիչների լիազորությունը: Միայն Խարկովի հյուպատոսը բժ. Ռուբեն Յուզբաշյանը իմ կողմից վերհաստատվեց իր պաշտոնում:

Սակայն նկատի ունենալով, 1) որ Կամավորական բանակը հետզհետե առաջ է շարժվում և շարունակ իր սահմանների մեջ է առնում նորանոր շրջաններ, ուր բավականաչափ հայ ժողովուրդ կա, թե իբրև հաստատուն բնակիչ և թե իբրև փախստական 2) որ այդ վայրերի հայ ժողովուրդը հենց այժմ և կարիք ունի հարաբերության մեջ մտնելու Հայաստանի ներկայացուցչի հետ, թե զինվորագրության, թե վերադարձի և թե այլ հանգամանքներով և 3) նկատի ունենալով հարաբերության դժվարությունը այդ վայրերի և Հայաստանի միջև – ես կարծում եմ, որ Դուք, իբրև Կամավորական բանակին կից Հայաստանի ներկայացուցիչ, պետք է Ձեր կողմից կարևոր կետերում կարգեք ժամանակավոր լիազորներ, մինչև որ ԱԳ մինիստրի կողմից մի ընդհանուր կարգադրություն լինի նոր հյուպատոսներ նշանակելու մասին:

Ես իմ հերթին այդ մասին կզեկուցեմ կառավարությանը Երևանում»[89]: Փաստորեն վերոհիշյալ նամակով Մ. Հարությունյանը Հ. Սաղաթելյանին ժամանակավոր հյուպատոսներ նշանակելու իրավունք տվեց: 1919-1920 թթ. ընթացքում Հ. Սաղաթելյանը այդ իրավունքից բազմիցս օգտվեց, ինչի շնորհիվ նրա կողմից նշանակված ժամանակավոր հյուպատոսները զգալիորեն աջակցեցին երկրամասի հնաբնակ և գաղթական հայությանը: Օրինակ, 1919թ. հուլիսին Հ. Սաղաթելյանը Սոչիում լիազոր նշանակեց Արամ Հակոբյանին[90], որի ջանքերի շնորհիվ 1919թ. երկրորդ կեսից Սոչիի Հայոց ազգային խորհուրդը և երկրամասի հայությունը դադարեց մասնակցել Կամավորական բանակի և ապստամբների ընդհարումներին[91]:

Հ. Սաղաթելյանից բացի Հյուսիսային Կովկասում նոր ներկայացուցիչներ նշանակեց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը: 1919թ. հունիսի 16-ին Ալեքսանդր Ասրիբեկյանը նշանակվեց Կիսլովոդսկի հյուպատոս, իսկ օգոստոսի 12-ին` Թերեքի կառավարությանը կից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ[92]: Վլադիկավկազի հայության խնդրանքով Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը 1919թ. հոկտեմբերի 15-ին Հ. Սառիկյանին նշանակեց Վլադիկավկազի հյուպատոս[93]:

Այսպիսով, 1918թ. նոյեմբեր-1919թ.ապրիլ ամիսներին Հայաստանի ներքին և արտաքին ծանր դրության, Վրաստանի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հետևանքով հայրենիք վերադարձավ Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականների աննշան մասը:

1919թ. մայիսի 20-ից անգլիական հրամանատարության թույլտվությամբ և աջակցությամբ Հյուսիսային Կովկասի հայկական կազմակերպությունները և Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչությունը` Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմակերպությունների աջակցությամբ, կազմակերպեցին երկրամասում ապաստանած մոտ 50 հազար հայերի հայրենադարձությունը:

1919թ. հուլիսի վերջին Հայաստանում առաջացած տնտեսական և ներքաղաքական ծանր դրության հետևանքով Անդրկովկասում բրիտանական զորքերի հրամանատարությունը Նովոռոսիյսկ-Բաթում ողղությամբ հայերի ներգաղթը դադարեցրեց:

Հյուսիսային Կովկասում մնացած հայ գաղթականների զորակոչի խնդիրը Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության ջանքերով չեզոքացվեց:

1919թ. ամռանը Հայաստանի կառավարությունը, Մարտին Հարությունյանին Հյուսիսային Կովկաս գործուղելով, կարգավորեց երկրամասում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործունեությունը:

 

[1] Տե´ս «Աշխատավոր», Թիֆլիս, 1918, օգոստոսի 6, N 100, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգերում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334:

[2] Տե´ս «Кавказское слово», 1918, նոյեմբերի 21, N 252, ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 204, ֆ. 275, ց. 5, գ. 12, թ. 17:

[3] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 5, գ. 236, թ. 3, 7:

[4] Նույն տեղում ֆ. 200, ց. 1, գ. 100, թ. 81, ց. 2, գ. 44, թ. 4:

[5] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 5, գ14, թ. 137 գ. 236, թ. 3, 7:

[6] Տե´ս մանրամասն Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 84-86:

[7] Տե´ս «Ժողովուրդի ձայն», 1918, նոյեմբերի 16, N 62:

* 1918թ դեկտեմբերի վերջից Ռոստովում սկսեց գործել քաղաքի հայկական կոմիտեն, որը դեկտեմբերին անվանափոխվեց` դառնալով Ռուսական կարմիր խաչի ընկերության հայկական կոմիտե: Արխիվային նյութերում հանդիպում է նաև Ռուսական Կարմիր խաչի հայկական կոմիտե անվանումով (տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 115, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334):

[8] Տե´ս Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334:

[9] Տե´ս «Աշխատավոր», 1918, նոյեմբերի 9, N 178:

[10] Տե´ս ГАКК, ф. Р-11, оп. 2. д. 100, л. 4:

[11] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 86:

[12] Տե´ս «Ժողովուրդի ձայն», 1919, փետրվարի 26, N 43 , «Մշակ» 1919, փետրվարի 27, N 45 և մարտի 1, N 46 ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 73I, թ. 102, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334:

[13] Տե´ս նույն տեղում:

[14] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 115:

[15] Տե´ս Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334:

[16] Տե´ս նույն տեղում:

[17] Տե´ս ՀԱԱ ֆ. 275, ց. 1, գ. 5, թ. 15 , ց. 4, գ. 15, թ. 29, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334:

[18] Տե´ս ГАКК, ф. Р-11, оп. 2. д. 100, л. 6:

[19] Տե´ս նույն տեղում, оп. 3, д. 284, лл. 10-12:

[20] Տե´ս Բարխուդարյան Վ., Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1861-1917 թթ.), էջ 264:

[21] Տե´ս Բերբերեան Ռ., Երկու դարերի շէմքին, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1940, օգոստոս, N 10 (214), էջ 79:

[22] Բերբերեան Ռ., Նոր-Նախիջեւանի անցեալն ու ներկան, « ՎԷՄ», Փարիզ, 1934, հունվար-փետրվար, N 1, էջ 14:

[23] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 117:

[24] Տե´ս «Մշակ», 1919, մարտի 1, N 46

* Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (տե´ս մանրամասն Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918-1920 թթ.), էջ 36-37):

[25] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 73 I, թ. 102:

[26] Տե´ս «Борьба», 1919, մարտի 27, N 69:

[27] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 5, գ. 125, թ. 5:

[28] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 73 I, թ. 128, գ. 151, թ. 8, Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918-1920 թթ.), էջ 43, 56:

[29] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 151, թ. 8, 11:

[30] Տե´ս նույն տեղում, գ. 73 I, թ. 129:

[31] Տե´ս նույն տեղում, գ. 151, թ. 11:

[32] Խատիսեան Ա., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Էջ 98:

[33] Տե´ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 200:

[34] Տե´ս Հայրապետյան Կ., Գաղթականության խնդիրը Հայաստանի Հանրապետությունում (1918թ. հունիս – 1919թ. մայիս), Է.00.001 «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 79:

[35] Տե´ս Դանիելյան Է., Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ., (շարժը, կացությունը, թվակազմը), մասնագիտությունը «Հայոց պատմություն» Է.00.01, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 82:

[36] Տե´ս Հայրապետյան Կ., Գաղթականության խնդիրը Հայաստանի Հանրապետությունում (1918թ. հունիս – 1919թ. մայիս), Է.00.001 «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 79-80 :

[37] Տե´ս մանրամասն Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 141-165, Զոհրաբյան է., Նախիջանյան հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» (1918թ. դեկտեմբեր-1920թ. ապրիլ), Երևան, 2002:

[38] Տե´ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 261-265:

[39] Տե´ս Դանիելյան Է., Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ., (շարժը, կացությունը, թվակազմը), մասնագիտությունը «Հայոց պատմություն» Է.00.01, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 86:

[40] Տե´ս ГАРФ, ф. 1318, оп. 1, д. 418, л. 21-25, Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.), էջ 147:

[41] Տե´ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 255:

[42] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 116:

[43] Տե´ս Հակոբյան Հ., Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական հիմքերը, էջ 256, Դանիելյան Է., Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ. (շարժը, կացությունը, թվակազմը), մասնագիտությունը «Հայոց պատմություն» Է.00.01, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 86:

[44] Հայրապետյան Կ., Գաղթականության խնդիրը Հայաստանի Հանրապետությունում (1918թ. հունիս – 1919թ. մայիս), Է.00.001 «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 113

[45] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 116:

[46] Տե´ս նույն տեղում, թ. 114:

[47] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 295, թ. 24, ց. 2, գ. 75, թ. 2:

[48] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 114, 116:

[49] Տե´ս նույն տեղում, թ. 114:

[50] Տե´ս նույն տեղում, թ. 115-116:

[51] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 1, գ. 10, թ. 116-118:

[52] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 151, թ. 111 ֆ. 205, ց. 1, գ. 528, թ. 46:

[53] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 169, թ. 24, ֆ. 275, ց. 5, գ. 139, թ. 5:

[54] Տե´ս «Борьба», 1919, ապրիլի 13, N 83, ՀԱԱ, ֆ. 205, ց. 1, գ. 528, թ. 41:

[55] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 151, թ. 11:

[56] Նույն տեղում, ֆ. 199, ց. 1, գ. 53, թ. 27, ֆ. 200, ց. 1, գ. 237, թ. 28:

[57] Նույն տեղում, ֆ. 275, ց. 5, գ. 139, թ. 5:

[58] Տե´ս նույն տեղում:

[59] Նույն տեղում, թ. 12, 51:

[60] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 151, թ. 19, ֆ. 275, ց. 5, գ. 139, թ. 16:

[61] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), Երևան, 2006, էջ 196:

[62] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 5, գ. 14, թ. 158, գ. 139, թ. 23:

[63] Տե´ս նույն տեղում, գ. 139, թ. 38:

[64] Տե´ս նույն տեղում, թ. 149:

[65] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 628, թ. 6:

[66] Տե´ս նույն տեղում, գ. 151, թ. 28:

[67] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 5, գ. 139, թ. 80:

[68] Տե´ս մանրամասն Զոհրաբյան է., Նախիջևանյան հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» (1918թ. դեկտեմբեր-1920թ. ապրիլ):

[69] Տե´ս մանրամասն Ованнисян Р., Международные отношения Республики Армения 1918-1920 гг., Ереван, 2007, с. 163-198:

[70] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 196:

[71] Տե´ս նույն տեղում:

[72] Տե´ս նույն տեղում, էջ 197:

[73] Տե´ս ՀԱԱ, ֆ. 205, ց. 1, գ. 544, թ. 3:

[74] Տե´ս Գալոյան Գ., Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., էջ 54:

[75] Տե´ս Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., էջ 154, 155:

[76] Տե´ս նույն տեղում, էջ 271:

[77] Ստեփանյան Գ., Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբներին…, էջ 422:

[78] Տե´ս նույն տեղում:

[79] Տե´ս Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., էջ 302-303 :

[80] Տե´ս նույն տեղում, էջ 373:

[81] Տե´ս Ованнисян Р., Международные отношения Республики Армения 1918-1920гг., с.186, ՀԱԱ ֆ. 275 ց. 4, գ. 15, թ. 12-14, 23:

[82] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 385, թ. 8:

[83] Նույն տեղում, ֆ. 275, ց. 1, գ. 2, թ 12, գ. 5, թ. 46:

[84] Տե´ս նույն տեղում, գ. 5, թ. 46:

[85] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 385, թ. 6:

[86] Տե՛ս նույն տեղում, գ. 6, թ. 29:

[87] Տե՛ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 26:

[88] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 333, թ. 2:

[89] Նույն տեղում, թ. 8-9, ֆ. 275, ց. 2, գ. 1, թ. 14։

[90] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 551, թ. 118:

[91] Տե´ս նույն տեղում, գ. 409, թ. 1:

[92] Տե´ս նույն տեղում, գ. 342, թ. 7, 14:

[93] Տե´ս նույն տեղում, գ. 372, թ. 4:

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com