1.2 1918 թ. թուրքական զորքերի արշավանքը Անդրկովկաս և հայ գաղթականների տեղաշարժը Հյուսիսային Կովկաս

1.2 1918 թ. թուրքական զորքերի արշավանքը Անդրկովկաս և հայ գաղթականների տեղաշարժը Հյուսիսային Կովկաս

 

1918թ. հունվարի 30-ին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարը, թուրքական զորքերը Կովկասյան ռազմաճակատի երկայնքով հարձակման անցան: Վերագրավելով Արևմտյան Հայաստանը` թուրքական զորքերը մայիսի վերջին գրավեցին Արևելյան Հայաստանի զգալի հատվածը:

Թուրքական զորքերի առաջխաղացման հետևանքով 600-650 հազար հայեր դարձան գաղթական: Այս քանակից 400 հազարը, խույս տալով կոտորածներից, խռնվեց թուրքական նվաճումից զերծ մնացած Սևանա լճի ավազանում, իսկ 200-250 հազարը անցավ Վրաստան[1]:

1918թ. մայիսին թուրքական զորքերի Թիֆլիսի նահանգ ներխուժելու հետևանքով սկսվեց այնտեղ ապաստանած արևմտահայերի, արևելահայերի և Վրաստանում բնակվող հայ բնակչության փախուստը Հյուսիսային Կովկաս[2]: Հայերը Վրաստանից Հյուսիսային Կովկաս կարող էին անցնել Ռազմավիրական ճանապարհով* կամ Փոթիից` նավերով (Բաթումը գրավված էր թուրքերի կողմից): Վրաստանում գտնվելու ընթացքում գաղթականների մի մասը կողոպտվել էր, կամ էլ ծախսել սեփական միջոցները: Այդ գաղթականները նախընտրեցին Հյուսիսային Կովկաս անցնել համեմատաբար ավելի մատչելի Ռազմավիրական ճանապարհով: Հյուսիսային Կովկաս հեռացող այդ գաղթականների մասին Ս. Վրացյանը գրում է. «Անտանելին, սակայն, հայ ժողովրդի, Թիֆլիսում խռնված կարսեցի, շիրակեցի, արևմտահայ բազմահազար գաղթականության վիճակն էր: Մանավանդ, շատ էին ջղայնանում արևմտահայերը, որոնք հասկանալի պատճառներով, ավելի էին սարսափում թուրքական արշավից: Նրանց դրությունը ահռելի էր: Ի՞նչ անել: Ո՞ւր գնալ: Եվ ահա ծայր տվեց մի խուճապային փախուստ դեպի Հյուսիսային Կովկաս: Հազարավոր մարդիկ, ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական – ով ինչով կարող էր – խուժեցին դեպի Ռազմավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր արդեն Վլադիկավկազ ու Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից: Օրեր անընդհատ, Թիֆլիսից շարժվում էին հազարավոր սայլեր, կառքեր, ինքնաշարժեր, գրաստներ, ֆուրգոններ` բեռնավորված տնային իրերով, կանանցով և երեխաներով: Շատերը իրենց ունեցվածքը չնչին գնով ծախում էին Թիֆլիսի փողոցներում` գորգ, կարպետ, բարձ, անկողին, վերմակ, կարասներ, ամանեղեն… Վլադիկավկազ գնացող փոխադրության միջոցների սակագինը բարձրանում էր տասնյակ ու հարյուրավոր անգամներ: Մի մարդու տեղը ֆուրգոնում արժեր մինչև 10 հազար ռուբլի: Մարդիկ վերջին կոպեկն էին տալիս, միայն թե կարողանային հեռանալ»[3]:

1918թ. մայիսին Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկաս մեկնեց նաև Արևմտահայ ապահովության խորհուրդը[4]: Այդ կառույցի օրինակին հետևեցին Թիֆլիսում և հարակից շրջաններում մնացած գաղթականներից շատերը: Քննադատելով Արևմտահայ ապահովության խորհրդի քայլը` նշանավոր պատմաբան Ջոն Կիրակոսյանը գրում է. «Փոխանակ հայացքը հառելու դեպի մայր երկիրը, սեփական ժողովրդի պայքարի գործը կազմակերպելը, Արևմտահայ խորհուրդը շտապում էր տեղափոխվել Հյուսիսային Կովկաս, իր հետևից տանելով ահաբեկված գաղթականությանը, որի ծայրը հասել էր Վլադիկավկազ և Արմավիր»[5]:

1918թ. մայիսին Թիֆլիսից Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկաս ուղևորվեց 50 հազար գաղթական[6]: Նրանց գաղթը անկազմակերպ էր. գաղթականները զրկված էին բժշկական և պարենային օգնությունից, որի հետևանքով սկսվեց սովը, և տարածվեցին տարատեսակ հիվանդություններ[7]: Ս.Վրացյանը, անդրադառնալով գաղթող հայության ծանր դրությանը, գրում է. «Մայիսի 25-ին Ազգ. խորհրդի ներկայացուցիչը հեռագրում է Դուշեթից «Հարյուր հազար սոված ու մերկ գաղթականներ հավաքվել են Մցխեթի, Դուշեթի միջև և ավելի հեռուները: Ոչ մի օգնություն և ոչ մի տեղից: Փախստականների մեջ սկսվում են հիվանդություններ: Կան մահվան դեպքեր: Գիշերելու տեղ չկա, և ամենքը գիշերում են բաց երկնքի տակ, ցրտին: Չկա ո՛չ հաց, ո՛չ եռացրած ջուր, չկան սննդատու կայաններ` ամենքը թողնված են ճակատագրի կամքին: Բժշկական օգնություն էլ չկա: Մարդիկ հազարներով գնում են ոտքով, առանց օգնության որևէ հույսի… կացությունը հուսահատական է»»[8]: Իրավիճակը հատկապես բարդացավ, երբ Հյուսիսային Կովկասում գործող թուրք գործակալների հակահայկական քարոզչությունը տվեց իր պտուղները[9]: Սկզբից Ռազմավիրական ճանապարհով շարժվող գաղթականները ենթարկվեցին ինգուշական ավազակախմբերի հարձակումներին[10], իսկ մայիսի 23-ին ինգուշները փակեցին Նոր Լարս կայարանը` արգելելով գաղթականներին անցնել Վլադիկավկազ[11]:

 Ս. Վրացյանի հավաստմամբ «…, մայիսի 24-ից Թերեքի ժողովրդական կառավարությունը փակեց գաղթականների առջև Հյուսիսային Կովկասի ճանապարհը, որով հոսանքը կանգ առավ, և գաղթել ցանկացողների մեծ մասը մնաց Անդրկովկասում»[12]: Մեզ չի հաջողվել գտնել որևիցե փաստաթուղթ կամ վկայություն, որտեղ նշվեր 1918թ. մայիսի 24-ին Թերեքի խորհրդային իշխանության կողմից գաղթականների առաջ սահմանը փակելու մասին: Արխիվային նյութերում Թերեքի խորհրդային իշխանության նման որոշման մասին տեղեկությունները վերաբերվում են 1918թ. հունիս-հուլիս ամիսներին: Ամենայն հավանականությամբ Ս.Վրացյանը ինգուշների կողմից սահմանի փակումը վերագրել է խորհրդային իշխանությանը: Դարիալի կիրճը փակած ինգուշների զինված խումբը գործել է ոչ թե Թերեքի խորհրդային իշխանության կարգադրությամբ, որին քաղաքացիական պատերազմի տարիներին աջակցել էին ինգուշները[13], այլ Հյուսիսային Կովկասում քարոզչություն իրականացնող թուրք գործակալների թելադրանքով: Այս կապակցությամբ Հակոբ քահանա Սառիկյանը գրում է. «Մին էլ հայտնվեց Գուրգեն Հայկունին` 2 ընկերներով, որ լուր բերավ, թե մոտ 30.000 գաղթականներ «Կազբեկ» կայարանում ահ ու դողով բռնված նստած են մնացել, որովհետև Լեռնային մասի ինգուշները Դարիալի կիրճը փակել, ոչ ոքի չեն թույլ տալիս դեպի Վլադիկավկազ գալ, որովհետև տաճիկ էմիսարները, որոնք արդեն յայտնվել էին Ինգուշետիայում, կարողացել էին հավաստիացնել պարզամիտ լեռնականներին, թե հայերը, այնտեղ, Տաճկաստանում անասելի բռնություններ ու պղծություններ են գործ դրել մահմեդական տաճիկների նկատմամբ…, հիմա էլ գալիս են այստեղ կոզակներին օգնելու ընդդեմ ինգուշների»[14]:

Ինգուշների շրջանում հակահայկական տրամադրություններ սերմանողը ոչ միայն թուրք գործակալներն էին, այլև, առանձին դեպքերում, նաև հայերը: Հ. Սառիկյանը իր հուշերում անդրադառնալով 1917թ. Կովկասյան ռազմաճակատից Վլադիկավկազ եկած մի խումբ հայ զինվորների վարքագծին` գրում է. ««Մեր քաջ հայրենակիցները», որոնք այնքան ամոթալի կերպով փախել էին տաճիկներից և հայտնի էին թալաններով` Շիրակում, այստեղ քաջացած, ինգուշների վրա են ընկնում` սրանցից վրեժ առնելու: Սպանում են վեց ինգուշ: Լուրը կայծակի արագութեամբ հասավ լեռները: Այս մութ գործում անսպառ եռանդ հայտնաբերեցին Վլադիկավկազաբնակ Ղարաբաղցի թուրքերը: Ինգուշը հային «արյան թշնամի» (кровник) հայտարարեց»[15]:

Փաստորեն մայիսի 23-ից Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկաս շարժվող գաղթականության զգալի հատվածը չկարողացավ Դարիալի կիրճն անցնել և կուտակվեց Կազբեկ կայարանում: Սակայն գաղթականությունը այնտեղ երկար չմնաց: Երբ Կազբեկում կուտակված գաղթականների աղետալի դրության մասին լուրերը հասան Վլադիկավկազ, քաղաքի հայկական կոմիտեի նախագահ Հ. Սառիկյանը[16]` Թերեքի խորհրդային իշխանության աջակցությամբ բանակցությունների մեջ մտավ ինգուշների ներկայացուցիչների հետ: Մայիսի 27-ին Հ.Սառիկյանի դժվարին նախաձեռնությունը պսակվեց հաջողությամբ: Ինգուշները համաձայնվեցին ճանապարհը բացել և գաղթականներին թույլ տալ մտնել Վլադիկավկազ` պայմանով, որ վերջիններս 15-20 օրից ավել չմնան քաղաքում և չաջակցեն Թերեքի կազակներին[17]:

Միայն մայիսի 27-ին Վլադիկավկազ ժամանեց 18 հազար գաղթական` չհաշված նրանց, ովքեր քաղաքի հայկական կոմիտեի ցուցակագրման կարիքը չէին զգում[18]: 1918թ. մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբը անընդմեջ շարունակվող գաղթականական հոսանքի հետևանքով Վլադիկավկազում և հարակից շրջաններում կուտակվեց 80-100 հազար գաղթական[19]: Գերմանական զորքերի Վրաստան մտնելուց հետո Հյուսիսային Կովկաս մեկնող գաղթականների հոսքը նվազեց: Հ. Սառիկյանի հավաստմամբ «գաղթականները արդեն խմբերով էին գալիս Վլադիկավկազ և այնտեղից անցնում Հյուսիսային Կովկասի այլ բնակավայրեր»[20]:

Վլադիկավկազում և հարակից շրջաններում ապաստանած 80-100 հազար գաղթականներից միայն 42-45 հազարն էին հայ, մնացածը` ռուս, հույն և ասորի գաղթականներ էին[21]: Փաստորեն 1918թ. մայիսին Թիֆլիսից Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկաս ուղևորված 50 հազար հայ գաղթականից Վլադիկավկազ էր հասել 42-45 հազարը[22]: Առնվազն 5 հազար գաղթականների չի հաջողվել հասնել Հյուսիսային Կովկաս: Նրանց մի մասը մնացել է Վրաստանի հյուսիսային շրջաններում, իսկ մյուս մասը մահացել է գաղթի ճանապարհին: Մայիսի վերջին և հունիսի սկզբին Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս անցած հայ գաղթականներից 30 հազարը արևմտահայեր էին, մնացածը` Անդրկովկասի հայեր[23]: Մայիս-հունիս ամիսներին Թիֆլիսից Վլադիկավկազ հեռացան նաև 22.000 ռուս, 11.000 հույն և 5.000 ասորի գաղթականներ[24]: Անդրկովկասից եկած գաղթականներից բացի Վլադիկավկազում ապաստանել էին Արևտմյան ռազմաճակատից և Վոլգայի ափերից եկած մոտ 10 հազար ռուս, լեհ և հրեա գաղթականներ[25]:

Վլադիկավկազի խորհրդային իշխանության և քաղաքի հայության ջանքերի շնորհիվ գաղթականությունը տեղավորվեց քաղաքի դպրոցներում (այդ թվում` հայկական դպրոցում – Ս.Մ), զորանոցներում, մեծ տներում, բնակարաններում, հայկական եկեղեցում և բնակության համար շատ թե քիչ պիտանի այլ վայրերում[26]: Քաղաքում ապաստանած հայ գաղթականներին բժշկական օգնություն էր ցույց տալիս 7 հոգուց բաղկացած բժշկա-սանիտարական խումբը: Քաղաքի հայ կանանց խմբակը գաղթականներին տրամադրում էր հագուստ և մթերք[27]: Խորհրդային իշխանությունը գաղթականներին աջակցեց նաև պարենով և դեղորայքով[28]: «Այստեղ (Վլադիկավկազում – Ս.Մ) բացվեց նաև Ամերիկյան կոմիտեի ճյուղը,- գրում է Հ. Սառիկյանը,- որ նույնպես աջակցեց ու նեցուկ դարձավ բնավեր և տնավեր ժողովրդին: Այդտեղ աշխատողները բացառապես վանեցի հայեր էին»[29]: Վլադիկավկազի գաղթականությանը աջակցելու նպատակով Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ուղարկեց իր ներկայացուցիչներին` Պարույր Լևոնյանին, ապա` Արամ Իվանյանին[30]:

Չնայած Վլադիկավկազում կուտակված հայ գաղթականներին աջակցելու նպատակով ձեռնարկված միջոցներին` այնուամենայնիվ հնարավոր չեղավ խուսափել մարդկային կորուստներից: «Կավկազսկոյե սլովո» թերթը նոյեմբերի 21-ի համարում գրում է. «Թիֆլիսի խուճապի ժամանակ Վլադիկավկազից անցան 42 հազար գաղթականներ, որոնցից 1000 մահացան»[31]: Ամենայն հավանականությամբ գաղթականները մահացել են հենց Վլադիկավկազում եղած ժամանակ:

Գաղթականական զանգվածը Վլադիկավկազում և նրա շրջակայքում երկար չէր կարող մնալ, առավել ևս որ 1918թ. մայիսի 27-ի «հայ-ինգուշական պայմանավորվածության» համաձայն գաղթականները 15-20 օրից պետք է հեռանային քաղաքից: Հայերի տեղափոխությունը Վլադիկավկազից Հյուսիսային Կովկասի այլ շրջաններ իրականացվեց հատկապես Վլադիկավկազի և ընդհանրապես Հյուսիսային Կովկասի հայաշատ վայրերում գործող հայկական կազմակերպությունների գործուն մասնակցությամբ: Տեղափոխությանը զգալիորեն աջակցեց Թերեքի խորհրդային իշխանությունը: Վլադիկավկազը գաղթականներից օր առաջ դատարկելու նպատակով խորհրդային իշխանությունը քաղաքի հայկական կոմիտեին տրամադրեց անհրաժեշտ քանակությամբ երկաթուղային արտահերթ գնացքներ: «Oր չէր անցնում, որ 8-10 էշելոն չուղարկեինք դեպի Եկատերինոդար, Արմավիր, Ստավրոպոլ, Մայկոպ, Ս. խաչ, Գեորգիևսկ, Հանքային ջրեր ու Մոզդոկ», գրում է Հ. Սառիկյանը[32]: Գաղթականներին Վլադիկավկազից Հյուսիսային Կովկասի այլ շրջաններ գնացքներով տեղափոխելու գործը ղեկավարում էր Մկրտիչ Լևոնյանը[33]: Վլադիկավկազի հայկական կոմիտեին հաջողվեց ապահովել նաև Թերեքի տարածքով շարժվող գաղթականության անվտանգության խնդիրը: Հայ գաղթականներով բեռնված շարասյուները Վլադիկավկազից մինչև «Պրոխլադնայա» կայարանը ուղեկցում էր «Ինտերնացիոնալ» զրահագնացքը, որի ողջ անձնակազմը հայեր էին, իսկ հրամանատարը` Գրիգոր Սիրունյանը[34]: «Բրոնեգնացքն իրեն դրել էր մեր ազգային կոմիտեի (Վլադիկավկազի Ս.Մ.) տրամադրության տակ և գործում էր կոմիտեի ցուցումներով»[35],- գրում է Հ. Սառիկյանը:

1918թ. հունիսի 11-ի դրությամբ Վլադիկավկազում մնացել էր 10.000 հայ գաղթական[36]: Այսինքն 1918թ մայիսի վերջին և հունիսի սկզբին Վլադիկավկազ եկած գաղթականների հիմնական մասը արդեն հեռացել էր քաղաքից: Չնայած դրան` տեղական իշխանությունները Վլադիկավկազում գաղթականների ներհոսքի հետևանքով ի հայտ եկած պարենային ճգնաժամը և հակահիգիենիկ դրությունը թեթևացնելու համար պահանջում էին մնացած գաղթականներին ևս հեռացնել քաղաքից[37]: Սակայն Վլադիկավկազում մնացած հայ գաղթականների տեղափոխությունը 1918թ. հունիսից Թերեքի տարածքում կազակների և բոլշևիկների միջև սկսված արյունահեղ կռիվների պատճառով երկար ժամանակ անհնար դարձավ: Երկրամասում սկսված քաղաքացիական կռիվները առավել ծանր կացություն ստեղծեցին Վլադիկավկազից հեռացած և ճանապարհներին գտնվող գաղթականների համար: Նրանց տեղափոխող գնացքները օրերով, շաբաթներով և նույնիսկ ամիսներով մնում էին կայարաններում կանգնած[38]:

1918թ. հունիսի 15(28)-ին Հյուսիսային Կովկասի և Դոնի հանրապետության հայ ռազմիկների ռազմական կոմիսար Ս. Գրիգորյանի Բաքվի հայոց խորհրդին* ուղղած նամակը մեկն է այն բազմաթիվ վավերագրերից, որտեղ ներկայացված է Վլադիկավկազից Հյուսիսային Կովկասի այլ շրջաններ ուղևորվող հայ գաղթականների ծանր կացությունը. «Չափից դուրս վատ վիճակի մէջ են գտնւում գաղթականները: Ոչ մի տարբերութիւն չկայ Վանի գաղթի և Թիֆլիսի գաղթի մէջ: Շէնքերի բացակայութիւն, հացի, ջրի պակասը, լաւ կազմակերպողներ չլինելը և մանաւանդ տեղական իշխանութիւնների և ռուս ժողովրդի անբարեհաճ վերաբերմունքը ստեղծում են սոսկալի ծանր վիճակ հայ գաղթականների համար: Շատ յաճախ հազարաւոր մարդիկ թափված են մնում որևէ երկրորդական կայարանում, ուր ոչ հաց է գտնւում, ոչ ջուր և տեղական իշխանութիւնը չի թողնում նրանց գնալու իրենց նշանակւած տեղը:

Մի շաբաթ առաջ Վլադիկավկազից 5000 հոգու ուղարկում են էշելոններով դեպի Ստաւրոպօլ և Եկատերինոդար: Սակայն Վինագրադնայե կայարանում նրանց պահում են երկար ժամանակ: Տեղի են ունենում սովամահութեան դեպքեր, դրանց մի մասը մինչև օրս թափւած են մնում Նևինոմիսկայա կայարանում: Չորս օր առաջ մի խումբ գաղթականներ Միներալնում չեն թողնում առաջ գնան. պահում են բաց երկնքի տակ: Նրանք պատսպարւում են արևից պաշտպանւելու համար վագօնների տակ: Այդ ժամանակ առանց իմաց տալու շոգեմեքենան կպցնում են վագօններին և տակով տալիս գաղթականներին: 27 հոգի սպանւում են և շատերն էլ ծանր վիրաւորվում»[39]:

Վլադիկավկազից Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններ տեղափոխված գաղթականների թիվը այնքան մեծ էր, որ տեղական իշխանությունները պարենային ճգնաժամից և համաճարակներից խուսափելու համար ստիպված եղան արգելել նոր գաղթականների մուտքը քաղաքներ: Օրինակ, Արմավիրում ապաստանած գաղթականների թիվը հասել էր 18 հազարի, իսկ Եկատերինոդարում` 8 հազարի[40]: Արդեն հունիսի 11-ի դրությամբ Արմավիրը, Սուրբ Խաչը, Մոզդոկը, Գեորգիևսկը և այլ քաղաքներ հրաժարվեցին ընդունել նոր գաղթականներ[41]: Հազարավոր գաղթականներ մնացին ճանապարհներին և երկաթուղային կայարաններում: Նրանցից շատերը սովամահ եղան: Հաշվի առնելով Հյուսիսային Կովկասում գաղթականների համար ստեղծված անբարենպաստ պայմանները, հունիսի 11-ից երկրամասի հայկական կազմակերպությունները և առանձին գործիչներ դիմեցին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին Հյուսիսային Կովկաս գաղթող հայերի հոսքը առժամանակ դադարեցնելու խնդրանքով[42]:

Հյուսիսային Կովկասում գաղթականության խնդիրը այնքան հրատապ էր դարձել, որ այն քննարկելու նպատակով հունիսի 15-ին Միներալնիե վոդիում (Հանքային ջրերում) պետք է կայանար Թերեքի, Կուբանի և Ստավրոպոլի (խորհրդային) հանրապետությունների ներկայացուցիչների խորհրդաժողովը[43]: Արխիվային նյութերում խորհրդաժողովի անցկացման կամ արդյունքների վերաբերյալ տեղեկությունները բացակայում են: Կարծում ենք երկրամասում ընթացող քաղաքացիական կռիվները խանգարեցին խորհրդաժողովի անցկացմանը:

1918թ. հունիսին Թերեքում ինգուշական զինված խմբերի և Գեորգի Բիչերախովի զորքերի միջև սկսված կռիվների պատճառով Ռազմավիրական ճանապարհը անանցանելի դարձավ[44]: Գաղթականները, որ փորձում էին Կազբեկից Վլադիկավկազ անցնել, ենթարկվում էին ինգուշների հարձակումներին[45]:

1918թ. հունիսի 20-ից Վլադիկավկազի խորհրդային իշխանությունը ռուս գաղթականներից բացի մնացածի մուտքը քաղաք արգելեց[46]: Նման որոշման հիմնական պատճառը Վլադիկավկազում առաջացած պարենային ճգնաժամը և քաղաքացիական կռիվների հետևանքով քաղաքից հյուսիս տանող ճանապարհների անանցանելիությունն էր:

1918թ. օգոստոսի սկզբից Թերեքի խորհրդային իշխանությունը արգելեց Անդրկովկասից եկող գաղթականներին անցնել սահմանը[47]: 1918թ. թուրքական զորքերի` Անդրկովկաս ներխուժելու պատճառով հայերի մի մասը Վրաստանից Հյուսիսային Կովկաս հեռացավ ծովային ճանապարհով, Փոթիից` նավերով: Փոթիից հեռանալու համար հայերը հիմնականում օգտվեցին գերմանական նավերից, որոնք, մասնավոր նավերի համեմատ, ավելի մատչելի էին[48]: 1918թ. մայիս-հուլիս ամիսներին Փոթիից Հյուսիսային Կովկաս հեռացան 40 հազար հայ գաղթականներ*: Նրանք ապաստանեցին Նովոռոսիյսկ, Տուապսե, Անապա, Եյսկ և Սև ծովի ափին գտնվող այլ նավահանգստային քաղաքներում[49]:

1918թ. հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Հյուսիսային Կովկասի արևմտյան հատվածում մոլեգնող քաղաքացիական կռիվների հետևանքով Փոթիից Հյուսիսային Կովկաս ուղևորվող գաղթականների հոսքը դադարեց[50]:

Անդրկովկասյան Սեյմի գոյության վերջին շրջանում Հյուսիսային Կովկաս են գաղթել նաև Աբխազիայի հայերը: Կոդորում և Գուդաուտայում բնակվող մոտ 400 հայ ընտանիքներ, աբխազներից հալածվելով, հեռացան Կուբան[51]: Աբխազահայերի հոսքը Կուբան շարունակվեց նաև 1918թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ Սուխումը գտնվում էր թուրքական զորքերի իշխանության տակ[52]:

Արխիվային նյութերում, մամուլում և գրականության մեջ պահպանվել են 1918թ.-ին Վրաստանից Հյուսիսային Կովկաս հեռացած հայ գաղթականների տեղաբաշխման և թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները: Դրանց ուսումնասիրությունից պարզվել է, որ 1918թ. մայիս-հուլիս ամիսներին Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկաս անցած գաղթականներից մոտ 10.000-ը մնացել է Վլադիկավկազում[53]: Մի քանի հազար գաղթականներ ապաստանեցին Թերեքի կազակների ստանիցաներում, մասնավորապես` Զմեյսկայա, Ալեքսանդրովսկայա և Գոսուդարստվեննայա: Այստեղ գաղթականների առաջին խմբերին խորհրդային իշխանությունը հողային ֆոնդից տրամադրեց հողակտորներ, որոնք առաջացել էին կալվածատիրական հողերի բռնագրավումից[54]: Հազարավոր գաղթականներ ապաստան գտան Թերեքի քաղաքներում`Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Գեորգիևսկ, Մոզդոկ, Գրոզնի, Ղզլար և այլն:

Կուբան անցած գաղթականների հիմնական մասը ապաստանեց Արմավիր, Եկատերինոդար, Մայկոպ, Եյսկ, Անապա քաղաքներում, իսկ մյուս մասը` շրջանի բազմաթիվ գյուղերում և կազակների ստանիցաներում:

1918թ. հունիս-հուլիս ամիսներին միայն Արմավիրում կուտակվել էին 18 հազար Արևմտյան Հայաստանի և Կարսի մարզի գաղթականներ[55]: Կուբանի գյուղերում և կազակների ստանիցաներում ապաստանած հայերի մի հատվածին խորհրդային իշխանությունը ապահովեց հողակտորներով[56]:

Ստավրոպոլ անցած Կարսի և Ալեքսանդրապոլի հայ գաղթականների թիվը 10,000-ից անցնում էր[57]: Նրանց մի հատվածը ապաստանել էր Վորոնցովո-Ալեքսանդրովսկ գյուղում, իսկ մնացածը` գերազանցապես Ստավրոպոլ և Սուրբ Խաչ քաղաքներում[58]:

Փոթիից Հյուսիսային Կովկաս եկած գաղթականների մեծ մասը ապաստանեց Չեռնոմորսկ նահանգի քաղաքներում և հայկական գյուղերում:

1918թ. մայիս-հուլիս ամիսներին Հյուսիսային Կովկաս անցած գաղթականության մի մասը հետագա ամիսների ընթացքում հեռացավ Դոն, Աստրախան, Սարատով և Ռուսաստանի այլ շրջաններ:

Արևմտյան Հայաստանի և Անդրկովկասի միևնույն բնակավայրից Հյուսիսային Կովկաս անցած հայությունը փորձում էր չբաժանվել միմյանցից` բնակություն հաստատելով երկրամասի միևնույն քաղաքում կամ բնակավայրում: Հ. Սառիկյանը այս կապակցությամբ գրում է. «… Սասունցիք – թվով շուրջ 1500 հոգի, տեղաւորւած էին Ստավրօպոլում, Ղարսեցիների ու Էրզրումցիների որոշ մասը` Եկատերինօդարում, Արմավիրում. Գիւղացի ազգաբնակչությունը տեղաւորվեց ավելի գիւղական շրջաններում – Եդեսիայում (Ղուրայ կամ Ղուբայ), Կավկազսկիյում, Եկատերինոդարի շրջակայ հայ գիւղերում ու Գրօզնայի մօտակայ ստանիցաներում, Երևանի նահանգից եկածնիրը-յատկապես Նախիջևանցիք – Հանքային ջրերի շրջանում ու Ռօստօվում, Տրապիզօնի նահանգից եկածնիրը Մայկոպում ու շրջակայքում, ուր նրանք սկիզբը դրին ծխախոտի մշակութեան»[59]:

Հյուսիսային Կովկաս եկած հայ գաղթականներին առաջինը օգնեցին երկրամասի հայկական կազմակերպությունները: Այդ կառույցների գործունեությունը համակարգում և ուղղորդում էր Արմավիրի կենտրոնական կոմիտեն, սակայն այդ կոմիտեի գործունեությունը 1918թ. հունիսին Անդրկովկասից Արմավիր եկած Գուրգեն Հայկունու վարկաբեկիչ աշխատանքի պատճառով դադարեցվեց: Քաղաքի խորհրդային իշխանության աջակցությամբ Գուրգեն Հայկունին, հայկական կենտրոնական կոմիտեն հակահեղափոխական որակեց, ցրեց և իր ուզած մարդկանցով կազմեց նորը[60]: Գ. Հայկունին և իր կողմնակիցները տիրացան Հյուսիսային Կովկասի կենտրոնական և Արմավիրի հայկական կոմիտեների գույքին և մոտ 300.000ռ. գումարին, որից հետո փակվեցին շրջանի որբանոցները, հիվանդանոցները և գաղթականական կազմակերպությունները[61]: Արմավիրի կենտրոնական կոմիտեի նախկին անդամները, որոնց մեջ զգալի թվով դաշնակցականներ կային, փորձեցին հակազդել Գ. Հայկունու վնասակար գործունեությանը և դիմեցին Եկատերինոդարի կենտրոնական խորհրդային իշխանությանը` ակնկալելով ստանալ վերջինիս աջակցությունը: Հուլիսին Կուբանի խորհրդային կառավարության միջնորդությամբ Հայկական կենտրոնական կոմիտեն ժամանակավորապես տեղափոխվեց Եկատերինոդար: Կուբանի կառավարության որոշմամբ փոխվեց այդ կոմիտեի կառուցվածքը, որը պետք է կազմվեր 3 անդամից` մեկ դաշնակցականից, մեկ ձախ էսեռից և մեկ մեծամասնականից, որոնք պետք է կոչվեին կոմիսարներ ու աշխատանքները բաժանեին իրար մեջ[62]: Այդ սկզբունքով պետք է կազմվեին նաև այլ քաղաքներում գործող հայկական կոմիտեները: Դրանք պետք է գործեին խորհուրդներին կից և չպետք է ենթարկվեին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, ինչպես նաև չպետք է դրամ ուղարկեին նրան[63]: Սակայն Կուբանի խորհրդային իշխանության վերոհիշյալ որոշումը Կամավորական բանակի ռազմական հաջողությունների հետևանքով գրեթե չիրագործվեց:

Ռուսաստանում գործող հայկական ազգային կազմակերպությունների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ուներ Ռուսաստանի խորհրդային կենտրոնական իշխանությունը: 1918թ. հունիսի 12-ին ՌԽՖՍՀ ժողկոմխորը ընդունեց դեկրետ` «Հայկական ազգային խորհուրդները, պաշտպանության խորհուրդները, ռազմահեղափոխական կոմիտեները և հայկական բուրժուական մյուս կազմակերպությունները լուծարելու մասին»[64]: Այդ որոշումից հետո Հայկական գործերի կոմիսարիատի աշխատակիցները սկսեցին փակել Խորհրդային Ռուսաստանի տարածքում գործող հայկական ազգային կազմակերպությունները: Հուլիսի վերջին այդ ալիքը Մոսկվայից հասավ Սարատով: Քաղաքի հայկական ազգային կոմիտեն լուծարվեց, իսկ 534 հազար ռուբլին բռնագրավվեց[65]: Օգոստոսին միևնույն ճակատագրին արժանացան Աստրախանի հայկական կազմակերպությունները[66]: Օգոստոսի վերջին Մոսկվայից եկած հայ բոլշևիկները հասան Հյուսիսային Կովկաս: Հիշյալ ժամանակահատվածում երկրամասի արևմտյան և արևելյան շրջանները գտնվում էին հակախորհրդային ուժերի վերահսկողության տակ, ինչը զգալիորեն սահմանափակեց հայ բոլշևիկների գործունեության ասպարեզը: Հյուսիսային Կովկասի խորհրդային իշխանության տարածքում գործող հայկական ազգային կազմակերպությունները, բացառությամբ Պյատիգորսկի կոմիտեի, մինչև հայ բոլշևիկների գալը իրենց գույքը և գումարները տեղափոխել էին ոչ խորհրդային պե-տական կազմավորումների իշխանության տակ գտնվող շրջաններ[67]: Դրա հետևանքով այդ կազմակերպությունները մնացին առանց միջոցների և մինչև հայ բոլշևիկների կողմից լուծարվելը չկարողացան օգնել գաղթականներին:

Հյուսիսային Կովկաս տեղափոխված հայ բոլշևիկները երկրամասի հնաբնակ և գաղթական հայության շրջանում խորհրդային գաղափարներ տարածելու և Դաշնակցությանը վարկաբեկելու նպատակով ակտիվ քարոզչություն սկսեցին: Այդ նպատակին ծառայեցվեցին Հյուսիսային Կովկասում բացված հայկական թերթերը («Կարմիր օրեր»` Պյատիգորսկում, «Բանվորի ձայն»` Արմավիրում և այլն) [68]:

Հյուսիսային Կովկասում հայ բոլշևիկների սանձազերծած հակադաշնակցական հալածանքները հանգեցրին ոչ խորհրդային պետական կազմավորումների կողմից վերահսկվող շրջաններում գործող և նրանց հովանավորությունը վայելող (իսկ որոշ դեպքերում նաև քաղաքական նպատակների իրականացման միջոց ծառայող) հայկական կազմակերպությունների նույնօրինակ հակազդեցությանը[69]:

1918թ. ամռան ամիսներին Գուրգեն Հայկունու և Հայկական գործերի կոմիսարիատի աշխատակիցների ջանքերով Հյուսիսային Կովկասի խորհրդային իշխանության տարածքում գործող հայկական ազգային կազմակերպությունները (Հայոց ազգային խորհուրդները, բարեգործական, գաղթականական, հայրենիքի փրկության, ուսանողական և այլն) լուծարվեցին: Երկրամասի այն շրջաններում, որտեղ հաստատվել էր ոչ խորհրդային պետական կազմավորումների իշխանությունը, հայկական ազգային կազմակերպությունները շարունակեցին իրենց գործունեությունը և զգալիորեն աջակցեցին հայ գաղթականներին[70]: Անդրադառնալով այս խնդրին Ռուսական կարմիր խաչի (ընկերության) հայկական կոմիտեի և Հյուսիսային Կովկասում Ամերիկյան գաղթականների օգնության կոմիտեի լիազոր Հ. Թադևոսյանը 1918թ. ամռան սկզբին խնամատարության նախարարին ուղղված նամակում գրում էր. «1918թ. մայիսից, երբ Հյուսիսային Կովկասում հայտնվեցին առաջին հայ գաղթականները, նրանց խնամքի գործը իրենց վրա վերցրեցին բացառապես տեղի հայկական հասարակական կազմակերպությունները:

Կասկած չկա, որ Հյուսիսային Կովկասի հարուստ համայնքները կարող էին հեշտությամբ կատարել այդ գաղթականների խնամքի գործը, սակայն մասամբ մեր անկազմակերպվածությունը, իներտությունը հնարավորություն չտվեց կատարել այդ խնդիրները: Սակայն սխալ կլիներ ողջ մեղքի բաժինը գցել տեղի հայկական կազմակերպությունների վրա, քանի որ նրանք պահպանեցին Հյուսիսային Կովկասի հազարավոր գաղթականների կյանքը և զգալիորեն աջակցեցին գաղթականներին, որի արդյունքում նրանց կորուստները ավելի քիչ եղան»[71]:

Հյուսիսային Կովկասում բոլշևիկների լուծարած հայկական ազգային կազմակերպությունների փոխարեն բացվեցին Հայկական գործերի կոմիսարիատի բաժանմունքներ: Հայկական գործերի կոմիսարիատը խորհրդային կենտրոնական իշխանության ֆինանսական աջակցությամբ կազմակերպեց Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների օգնության գործը: 1918թ. հունիսի 26-ի նիստում Ժողովրդական կոմիսարները հայ գաղթականությանը օգնելու նպատակով Հայկական գործերի կոմիսարիատին տրամադրեցին շուրջ 6 միլիոն ռուբլի[72]: Ստանալով այդ գումարը` Կոմիսարիատը կազմակերպեց Աստրախանի և Հյուսիսային Կովկասի գաղթականներին օգնող առաջին ջոկատը, որը 1918թ. հուլիսի 29-ին Մոսկվայից բանաստեղծ Վ.Տերյանի գլխավորությամբ մեկնեց Աստրախան, որտեղից էլ օգոստոսի վերջին անցավ Հյուսիսային Կովկաս[73]: Հասնելով Պյատիգորսկ` Վ. Տերյանի ջոկատը Հայկական կոմիսարիատի Հյուսիսային Կովկասի լիազորին հանձնեց երկրամասի հայ գաղթականների համար նախատեսված 500 հազար ռուբլին[74]:

Հայ գաղթականության օգնության գործը կազմակերպելու համար Պյատիգորսկի խորհրդին կից ստեղծվում է գաղթականական հանձնաժողով և Հայկական գործերի կոմիսարիատի բաժանմունքին կից` գաղթականական բաժին[75]:

Տեղական խորհրդային իշխանության հովանավորությամբ Վ. Տերյանը հայ գաղթականներին քաղաքներում աշխատանք, գյուղերում` հող է տրամադրում, իսկ բնակարան չունեցողներին` բնակարան[76]: Հյուսիսային Կովկասում ապաստանած հիվանդ գաղթականներին օգնելու համար Հայկական գործերի կոմիսարիատը բժիշկ Խռիկյանի գլխավորությամբ սանիտարական ջոկատ է ուղարկում այնտեղ[77]: 1918թ. աշնանը Հայկական գործերի կոմիսարիատը Հյուսիսային Կովկասի մի քանի բնակավայրերում գործող իր բաժանմունքների միջոցով գաղթականներին որպես նպաստ բաժանել է 515.907 ռ.[78]: 1918-1919թթ. ընթացքում Հայկական գործերի կոմիսարիատի ջանքերի շնորհիվ Հյուսիսային Կովկասի մի քանի բնակավայրերում գաղթականների համար վերաբացվեցին դպրոցներ, հիվանդանոցներ, 4 որբանոց, թատրոն, ամբուլատորիա և այլն[79]:

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին աջակցեցին նաև երկրամասի խորհրդային հանրապետությունները` մասնավորապես Թերեքի խորհրդային հանրապետությունը: Հ. Սառիկյանը գրում է. «Խորհրդային իշխանության (Թերեքի – Ս.Մ.) արածը վեր էր ամեն տեսակ սպասվածից: (Վլադիկավկազում – Ս.Մ.) մոտ 1200 հոգի մեկ տարի շարունակ – մինչև դենիկինյան զորքերի մտնելը – ստանում էր բնակարան, հաց, բժշկական օգնություն, սապոն, բաղնիք – միս, լոբի, ձեթ և այլ մթերքներ: Նույն դրությունն էր Հյուսիսային Կովկասի բոլոր քաղաքներում: Այս ամենը տրվում էր կազմակերպված, մեր կոմիտեի միջոցով»[80]:

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին օգնեցին նաև ամերիկյան բարեգործական կազմակերպությունները (Ամերիկյան կոմիտեն, Ամերիկյան կարմիր խաչի կազմակերպություն, Ամերիկյան միսիա, Ամերիկյան նպաստի մարմին[81]): Վ. Փափազյանը գրում է. «Կազմուեցաւ ամերիկեան նպաստի մարմին մը որուն կանդամակցէին ինձ հետ նաև Պ. Աւետիս Թերզիպաշեան, Ատապէկ Համբարեան և Կարախանեան: Այս մարմինը Ամերիկեն ստացուած գումարներով կրցաւ մինչև վերջերս ապրեցնել գաղթականութիւնը»[82]: Այդ կոմիտեն հատկապես օգնեց Վլադիկավկազի հայ գաղթականներին[83]: Ամերիկյան կոմիտեն նպատակ ուներ ընդլայնել իր գործունեությունը, սակայն երկրամասում մոլեգնող քաղաքացիական կռիվները խանգարեցին այդ գործընթացին[84]: «Աշխատավոր» լրագիրը իր սեպտեմբերի 15-ի համարում գրում է, որ Ամերիկյան կոմիտեն դադարել է Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին աջակցել[85]: Արխիվային նյութերում այդ կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան:

Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականներից շատերը իրենց աշխատասիրության շնորհիվ խուսափեցին սովամահությունից: Նրանք հարմարվեցին տեղի պայմաններին` զբաղվելով առևտրով և արհեստներով[86]: Հ. Սառիկյանը գրում է. «Սակայն ամենից մեծ աջակցությունը ցույց տվավ իրեն հենց ինքը գաղթականությունը: Նա իր տոկունությամբ, աշխատասիրությամբ ու համբերությամբ (մանավանդ տաճկահայերը) ոչ միայն մեր, այլ և օտարների զարմանքն էր շարժում: Նույն իսկ 10-12 տարեկան տղաները կարողանում էին անտառներից փայտ կրելով պառավ մայր ու փոքրահասակ քույրեր ու եղբայրներ պահել: Հյուսիսային Կովկասի բոլոր քաղաքներում, ուր հայ գաղթականները ոտք դրին, շուկան ամբողջովին նրանց ձեռքն անցավ»[87]:

Հայաստանի Հանրապետության գոյության առաջին ամիսներին երկրում ստեղծված ներքին և արտաքին ծանր դրության պատճառով Հայաստանի կառավարությունը չկարողացավ աջակցել Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին: Այնուամենայնիվ որոշ քայլեր ձեռնարկվեցին: Հ. Սառիկյանը գրում է. «Օգնության հասավ նաև Տփխիսի ազգային խորհուրդը: Սա մեզ հետ աշխատելու ուղարկեց իր ներկայացուցչին: Սկզբում այդ ներկայացուցիչը Պարույր Լևոնեանն էր որ մեղկ, պորտաբույծ ու ծույլ երիտասարդ դուրս եկավ: Սրան մենք հեռացրինք: Այլ էր նրան հաջորդող Արամ Իվանեանը, որ աչքի ընկավ իր հսկայական աշխատունակութեամբ, եռանդով ու մաքրութեամբ: Հինգ ամիս մնաց մեզ մօտ Արամը և այդ 5 ամսում նա միշտ մնաց մաքուր ու ամբողջովին եռանդ դարձած…:

Մեր ամբողջ աշխատանքի ընթացքում Տփխիսի ազգային խորհուրդը, մեզ, որքան յիշում եմ, 120.000 ռուբլուց ավելին չուղարկեց, որ չնչին մասն էր մեր արած ծախսերի»[88]:

Հյուսիսային Կովկասում շարունակվող քաղաքացիական կռիվների ժամանակ երկրամասի հայ գաղթականները և հնաբնակ հայերը տուժեցին իրենց քաղաքական կողմնորոշման համար: Հատկապես շատ զոհեր եղան Արմավիրում: 1918թ. հուլիսին գեներալ Պոկրովսկու դիվիզիան գրավեց Արմավիրը: Քաղաքի հարուստ հայերի մի մասը զորքին դիմավորեց աղ ու հացով` իր վրա վերցնելով Արմավիրի մոտակայքում տեղի ունեցած մարտերում մահացած սպիտակ սպաների թաղման ծախսերը: Երբ գեներալ Պոկրովսկին հեռացավ քաղաքից, այն կրկին անցավ բոլշևիկներին, որոնք վրեժխնդիր եղան ոչ միայն սպիտակներին աջակցած հարուստ հայերից, այլև անմեղ գաղթականներից: Արմավիրում ապաստանած հարյուրավոր հայ գաղթականներ սրախողխող արվեցին: Որոշ ռուս հեղինակներ հիշատակել են նաև բոլշևիկների կողմից սպանված մի քանի քաղաքաբնակ հայերի մասին[89]: Հ. Սառիկյանն իր հուշերում, անդրադառնալով Արմավիրի դեպքերին, գրում է. «Առհասարակ ես այն կարծիքի էի, որ այս քաղաքացիական կռվին հայ ժողովուրդը չպիտի մասնակցեր, այդ մտքով էլ շրջաբերական էի ուղարկել Հյուսիսային Կովկասի բոլոր քաղաքներին: Չլսեց միայն Արմավիրը, ավելի շուտ մի քանի հարուստներ, որոնք սկզբում հաղթող կազակներին ճաշ են տվել: Սակայն մի քանի օրից հետո մտնում են բոլշևիկները, որոնք լսելով այդ ճաշի մասին, հայկական ջարդեր են ստեղծում, որին զոհ են գնում 50-60 գաղթականներ»[90]:

Արմավիրում խորհրդային զորքերի կողմից իրականացրած հայերի ջարդերի հետևանքով շատերը փախան քաղաքից: «Աշխատավորը» իր 1918թ. հոկտեմբերի 30-ի համարում գրում է. «Եկատերինոդարից եկածները հաղորդում են, որ Արմավիրի գաղթականները խուճապի մեջ փախել են Ստավրոպոլ և Եկատերինոդար և գտնվում են անօգնական ու խղճուկ դրության մեջ, ցանկանում են հայրենիք գալ»[91]:

Քաղաքացիական կռիվներից տուժեց նաև Վլադիկավկազի հայությունը: 1918թ. օգոստոսի սկզբին քաղաքը դարձավ հակամարտող ուժերի ռազմական գործողությունների թատերաբեմ: Այդ օրերին զոհվեց 12 հայ գաղթական: Վլադիկավկազում բոլշևիկների հաղթանակին նպաստեց հայ սպա Գրիգոր Սիրունյանի զրահագնացքը[92]: Հյուսիսային Կովկասում մոլեգնող քաղաքացիական կռիվները խլեցին նաև խորհրդային և ոչ խորհրդային բանակներում ծառայող հարյուրավոր հայ զինվորների կյանքեր:

Այսպիսով, 1918թ. մայիսին, երբ թուրքական զորքերը Թիֆլիսի նահանգ ներխուժեցին, սկսվեց այնտեղ ապաստանած արևտմտահայ, արևելահայ գաղթականության և տեղի հայության գաղթը Հյուսիսային Կովկաս, որի հետևանքով 42-45 հազար գաղթականներ անցան Ռազմավիրական ճանապարհով, իսկ 40 հազարն էլ Փոթիից` նավերով: Այս գաղթականական զանգվածը Հյուսիսային Կովկասում հայտվեց քաղաքացիական պատերազմի ճիրաններում:

1918թ. հունիս-հուլիս ամիսներին հայ բոլշևիկների և դաշնակցական գործիչների պայքարի հետևանքով երկրամասի հայկական կազմակերպությունները ի վիճակի չեղան համակարգված օգնություն ցույց տալ գաղթականությանը, որի հետևանքով նրանց շրջանում զգալի զոհեր եղան:

Վրաստանում մնացած 150-200 հազար հայ գաղթականների և այդ թվում նաև ջավախքահայերի դրությունը ծանր էր[93]: Ս.Ալիխանյանը գրում է. «Այդ դժբախտ տարագիրները Վրաստանի մենշևիկյան կառավարության և նրա տեղական օրգանների կողմից ենթարկվում էին ամենավայրենի հալածանքների: Նրանց արգելվում էր բնակություն հաստատել վրացական գյուղերում ու քաղաքներում»[94]: Վրացական իշխանությունների թողտվությամբ Քութայիսից, Գորիից, Բորժոմից եկած ավազակները և սպեկուլյանտները չնչին գնով գաղթականներից գնում, առանձին դեպքերում էլ վրաց միլիցիայի օգնությամբ խլում էին տասնյակ հազարավոր գլուխ անասուններին: Այս քաղաքականության արդյունքում գաղթականությունը դատապարտվեց սովամահության, իսկ Վրաստանի կառավարությունը լուծեց իր բնակչության պարենային խնդիրը[95]: Վրաց իշխանությունների «գաղթականահալած» քաղաքականության նպատակը նոր գաղթի միջոցով արագ կերպով ջավախքցիներին կոտորելը և Ախալքալաքը առանց հայերի ստանալն էր[96]: Այս քաղաքականության մասն էր կազմում 1918թ. հոկտեմբերի 4-ին վրաց կառավարության գրասենյակի պետ Կոժուխովի` Հայոց գաղթականական գլխավոր խորհրդին ուղղված պաշտոնական գրությունը, որտեղ վրաց իշխանությունը առաջարկում էր գաղթականներին, հատկապես ախալքալաքցիներին, տեղափոխել Հայաստանի Հանրապետություն կամ Հյուսիսային Կովկաս[97]: 1918թ. հոկտեմբերի 14-20-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության միսիայի օրագրից տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներակայացուցչության գործերի հավատարմատար Ա. Ջամալյանի վրաց կառավարությանն ուղղված պատասխանին. «… մեր բոլոր ջանքերը տաճիկների հետ այդ խնդրով համաձայնութեան գալու առայժմ արդիւնք չեն ունեցել. Հայաստան (գաղթականներին -Ս.Մ.) տեղափոխելն անհնար է, քանի որ այնտեղ փախստականների թիւը արդէն բնիկ ժողովրդից մէկ և կէս անգամ շատ է, իսկ ինչ վերաբերվում է Հիւսիսային Կովկասին, տեղական իշխանութիւններն արգելել են նոր գաղթականների մուտքը երկիր. սակայն մենք բանակցութիւններ ենք վարում այդ իշխանութիւնների հետ փոխելու իրենց որոշումը և խնդրում ենք վրաց կառավարութեանը, որ այդ հարցում մեզ աջակցութիւն ցույց տայ»[98]: Վերը ասվածից երևում է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ էր վարում Հյուսիսային Կովկասի իշխանությունների հետ: Հյուսիսային Կովկասի իշխանություն անվան տակ՝ այդ ժամանակահատվածում, պետք է հասկանալ Թերեքի Խորհրդային Հանրապետությանը, որը հարավից սահմանակից էր Վրաստանին: Մեկ այլ արխիվային փաստաթղթում նշված է, որ բանակցություններին Հայաստանի շահերը պաշտպանում էր Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը, որի անունը, ազգանունը նշված չէ[99]: Քանի որ Հյուսիսային Կովկասում տվյալ ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը դիվանագիտական ներկայացուցիչներ չուներ, ապա հնարավոր է, որ բանակցություններին մասնակցող հայ դիվանագետը Ա. Ջամալյանն էր: Ամենայն հավանականությամբ Հայաստանի կառավարության համար վերոհիշյալ բանակցությունները պարզապես պատրվակ էին Վրաստանի տարածքում ապաստանած հայության գաղթը Հյուսիսային Կովկաս թույլ չտալու և ժամանակ շահելու համար: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, երբ Անդրկովկասում փոխվեց քաղաքական իրադրությունը այդ բանակցությունները ընդհատվեցին և վրաց կառավարությանը չհաջողվեց իր տարածքում ապաստանած հայ գաղթականներին Ռազմավիրական ճանապարհով տեղափոխել Հյուսիսային Կովկաս:

1918թ. նոյեմբերից, հաղթահարելով վրաց զինվորական իշխանությունների հարուցած տարաբնույթ արգելքները, հաճախ շրջանցիկ ճանապարհներով, գաղթականության բեկորները սկսեցին վերադառնալ իրենց ավերված ու թալանված բնակավայրերը: Բակուրիանից Ախալքալաք անցնելու թույլտվության դիմաց վրաց զինվորականները գաղթականներից պահանջում էին ստորագրություններ վրացահպատակություն ընդունելու, գավառը Վրաստանի մասը ճանաչելու մասին[100]:

1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Հյուսիսային Կովկաս հեռացան ոչ միայն արևմտահայերը, Կարսի մարզի, Երևանի, Թիֆլիսի նահանգների, Բաթումի և Սուխումի շրջանների հայերը, այլ նաև Բաքու նահանգի հայ բնակչությունը: 1918թ. ընթացքում Բաքվի նահանգի հայերը Հյուսիսային Կովկաս էին անցնում Բաքու քաղաքից` նավերով, մասամբ երկաթուղով (քաղաքացիական կռիվների և Դաղստանի մահմեդականների հարձակումների հետևանքով Անդրկովկասը Հյուսիսային Կովկասի հետ միացնող երկաթուղին անկանոն էր աշխատում[101]): 1918թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին ուղղված նամակում Ա. Ջամալյանը գրում է. «Հայերից շատերը հեռացած են եղել քաղաքից դեռ շատ վաղ, իսկ շատերն էլ այդ օրերին են հեռացել (Բաքվի անկման նախօրեին – Ս.Մ.) և գտնվում են Նարգին կղզում, Պետրովսկ, Էնզելի և մասամբ նավերով հածում են ծովի վրա»[102]: 1918թ. գարնանը և ամռանը Բաքվից Հյուսիսային Կովկաս հեռացան քաղաքի մեծահարուստ հայերից շատերը: Այս կապակցությամբ Գ. Ամիրյանը գրում է. «Բագուի հայ բնակչութեան հարուստ դասակարգը, վերահաս վտանգը նախազգալով, քաղաքէն հեռացած էր»[103]: Նրանց մեծ մասը նավերով անցան Պետրովսկ և Դերբենտ, իսկ այնուհետև երկաթուղով տեղափոխվեցին Միներալնիե վոդի`Կիսլովոդսկ[104]:   

1918թ. սեպտեմբերին Բաքվից Հյուսիսային Կովկաս շարժվող հայերի հոսքը հասավ իր գագաթնակետին: Թուրքական զորքերի կողմից քաղաքը գրավելու նախօրեին`սեպտեմբերի 14-ից 15-ը, գաղթականներով լցված նավերը Բաքվից ուղևորվեցին Կասպից ծովի ափին գտնվող մոտակա նավահանգստային քաղաքները, այդ թվում` Պետրովսկ և Դերբենտ: Բաքվից գաղթած հայ բնակչության թվի վերաբերյալ կան հակասական տվյալներ: Ըստ Բ.Իշխանյանի Բաքվից հեռացած հայերի թիվը 31.293 էր[105]: Ռ. Խոյլյանը, Գ.Ստեփանյանը և Մելիք-Յոլչյանը գրում են 50 հազար գաղթականների մասին[106], որն էլ, հանդիսանում է Բաքվից հեռացած հայ գաղթականների մոտավոր թիվը: Այս գաղթականներից 40 հազարը հեռացավ Պետրովսկ և Դերբենտ[107]: Պետրովսկը դարձավ հայ գաղթականների գլխավոր կայանատեղին: Այնտեղ ապաստանեց 26 հազար գաղթական[108]: Մնացածը հանգրվանեց Դերբենտում:

1918թ. սեպտեմբերին Բաքվից Դաղստան մեկնած գաղթականները ապրում էին բաց երկնքի տակ և սննդամթերքի սղության հետևանքով հայտնվել էին ծանր կացության մեջ[109]: Գաղթականներից բացի դեռ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Դաղստանի տարածքում` գլխավորապես Դերբենտ, Պետրովսկ և Թեմիր-Խան-Շուրա քաղաքներում, բնակվում էին մոտ 5000 հնաբնակ հայեր[110]: Այսինքն 1918թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Դաղստանում գտնվող հայերի մոտավոր թիվը 45.000 էր:

Բաքվին տիրանալուց հետո թուրքերի համար բացվեց Հյուսիսային Կովկաս տանող ճանապարհը:                    Թուրքական 15-րդ հետևակային դիվիզիան Յուսուֆ Իզզեթ փաշայի գլխավորությամբ շարժվեց Դերբենտի ուղղությամբ` նպատակ ունենալով տեղի մահմեդականների աջակցությամբ գրավել Հյուսիսային Կովկասը[111]:

Չնայած Հյուսիսային Կովկասի թուրք գործակալների հակահայկական քարոզչությանը` Դաղստանի մահմեդականների մեծ մասը հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված չէր: 1918թ. հոկտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում Ա. Ջամալյանի և թուրքական ներկայացուցիչ Աբդուլ-Քերիմ փաշայի ու Հյուսիսային Կովկասի լեռնականների միության կառավարության նախագահ Տ. Չերմոյևի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ «… լեռնականները հայերի վերաբերմամբ բացասական զգացմունքներ չեն տածում և որ, ընդհակառակը ուզում են հաշտ ապրել: Ոչ մի հայ-մուսուլմանական խնդիր նրա համոզումով գոյութիւն չունի, այլ կա հայ-թուրքական խնդիր»[112]: Այսինքն Դաղստանի և Թերեքի մահմեդական բնակչության հիմնական մասը թշնամական վերաբերմունք չուներ այդ շրջաններում բնակվող և նոր ապաստանած հայության հանդեպ: Բացառություն էին կազմում Դերբենտում և դրա շրջակայքում բնակվող թաթարները և թուրք գործակալների քարոզչության հետևանքով Իզզեթ փաշային միացած մի քանի հազար մոլեռանդ մահմեդականները, գլխավորապես` չեչենները:

1918թ. սեպտեմբերին Դերբենտը, Պետրովսկը և հարակից շրջանները գտնվում էին Լ. Բիչերախովի գլխավորած Ցենտրոկասպյան դիկտատուրայի իշխանության տակ[113]: Թուրքական զորքերի Դաղստան առաջանալու վտանգը և, ամենայն հավանականությամբ, Լ. Բիչերախովի` Բաքուն գրավելու խոստումները ստիպեցին Պետրովսկում գտնվող հայկական զորամիավորումներին միանալ նրա բանակին[114]: Դրանից բացի Լ. Բիչերախովը իր իշխանության տակ եղած շրջաններում 18-40 տարեկան հայերին զորակոչեց բանակ[115]:

1918թ. հոկտեմբերի 6-ին թուրքական զորքերը հայ-ռուսական զորքերի դեմ մղած երկարատև մարտերից հետո գրավեցին Դերբենտը, որտեղ հայերի ջարդեր կազմակերպեցին[116]: Դերբենտում տեղի ունեցած հայկական ջարդերը հաստատում են այն իրողությունը, որ ամենուրեք, ուր հայտնվում էր թուրքական զորքը, կոտորվում կամ գաղթական էր դառնում հայությունը:

Դերբենտը կորցնելուց հետո Լ.Բիչերախովի զորքերը կենտրոնացան Պետրովսկում` նախապատրաստվելով քաղաքի պաշտպանությանը:

Պետրովսկում ապաստանած հայերը Դերբենտի ջարդերից և թուրք-դաղստանյան զորքերի առաջխաղացումից սարսափած` կրկին գաղթեցին: Քաղաքից հեռանում էին հիմնականում 2 ուղղությամբ` ա) Թերեքի արևելյան շրջաններ[117], բ) Կասպից ծովի այլ նավահանգստային քաղաքներ: Հոկտեմբերին Պետրովսկից Աստրախան մեկնած նավերի միայն մեկ խմբում կար 2-3 հազար հայ և 500 ռուս գաղթական[118]: Պետրովսկից Էնզելի հեռացած 700 հայ կամավորներին անգլիական հրամանատարությունը, իբրև թե “ռազմական նկատառումներով”, արգելեց մոտենալ նավահանգստին, որի պատճառով նրանք ութ օր շարունակ մնացին բաց ծովում: Հետևանքը եղավ այն, որ բռնկվեցին տարափոխիկ հիվանդություններ, իսկ սննդի պակասության պատճառով եղան մահացության դեպքեր: 1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Պետրովսկից հեռացած գաղթականների ընդհանուր թիվը մոտ 23.000 էր[119]: Նրանցից մոտ 10 հազարը ապաստանեց Հյուսիսային Կովկասի կենտրոնական և արևմտյան հատվածում, իսկ 13 հազարը` Կասպից ծովի առափնյա շրջաններում[120]:

1918թ. հոկտեմբերի 29-ին Իզզեթ փաշայի զորքերը գրավեցին Թեմիր-Խան-Շուրան: Չնայած հոկտեմբերի 30-ի զինադադարով Թուրքիայի և Դաշնակից պետությունների միջև ռազմական գործողությունններն ավարտվեցին, սակայն Իզզեթ փաշան, քողարկվելով Լեռնականների կառավարության անվան տակ, նոյեմբերին շարունակեց ռազմական գործողությունները Դաղստանում[121]: 1918թ. նոյեմբերի 8-ին նա գրավեց Պետրովսկը: Բ. Իշխանյանը գրում է, որ Բաքվի գաղթականներից Պետրովսկում մահացել է 1500 հոգի[122]: Ամենայն հավանականությամբ նրանց մեծ մասը զոհվեց հենց պատերազմական գործողությունների ժամանակ:

1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Դաղստանում ապաստանած Բաքվի հայ գաղթականների մահվան և արտագաղթի հետևանքով նրանց թիվը Հյուսիսային Կովկասում 40 հազարից նվազեց մինչև 25.500-ի:

Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների հայության հոսքը Հյուսիսային Կովկաս շարունակվեց նաև 1919-1920թթ. ընթացքում[123]:

Այսպիսով, 1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Անդրկովկասի հնաբնակ և գաղթական հայերի մի հատվածը Ռազմավիրական ճանապարհով, Փոթիից և Բաքվից նավերով հեռացավ Հյուսիսային Կովկաս: Արխիվային նյութերում և գրականության մեջ նրանց թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները բազմաթիվ են: Ըստ այդ տվյալների 1918թ.-ին Հյուսիսային Կովկասում ապաստանած գաղթականների թվաքանակը 60 հազարից հասնում էր 150 հազարի[124]: Այս տարբերությունը բացատրվում է հետևյալ հանգամանքներով.

  1. Բացակայում է գիտական հիմունքներով կատարված վիճակագրությունը:
  2. Որոշ ուսումնասիրողներ իրենց հաշվարկներում չեն զանազանել Հյուսիսային Կովկասի գաղթական և հնաբնակ հայերին:
  3. Ուսումնասիրողների մի մասը Հյուսիսային Կովկասի մաս է համարել նաև Ռոստովը և Նոր նախիջևանը, իսկ ոմանց շփոթեցրել են 1920-ական թթ.-ին Հյուսիսային Կովկասում և հարակից շրջաններում տեղ գտած վարչական նոր փոփոխությունները, որի հետևանքով Հյուսիսային Կովկասը հաճախ նույնացվել է Հյուսիսկովկասյան երկրամասի հետ, մինչդեռ դրանց սահմանները տարբերվել են միմյանցից:
  4. Սովի, համաճարակների, երկրամասում անընդմեջ շարունակվող քաղաքացիական կռիվների հետևանքով գաղթականությունը բավական հոսուն է եղել, չի ունեցել իր մնայուն տեղավայրերը:

1918թ. ընթացքում Հյուսիսային Կովկասում ապաստանած գաղթականության մոտավոր թիվը ստանալու համար կատարվել է հետևյալ հաշվարկը: 1918թ. մայիս-հունիս ամիսներին Ռազմավիրական ճանապարհով Հյուսիսային Կովկաս անցած 42-45 հազար հայ գաղթականների թվին ավելացնելով 1918թ. սեպտեմբերին Բաքվից Հյուսիսային Կովկաս անցած հայերի մոտավոր թիվը` (40 հազար), ստացել ենք 82-85 հազար: Այս թվին գումարել ենք 1918թ. առաջին կեսին Աբխազիայից Կուբան անցած 400 հայ ընտանիքների անդամների թիվը, որը, կոպիտ հաշվարկով, պետք է 2000 հոգուց պակաս չլիներ (հաշվի առնելով նաև այդ ժամանակահատվածի բնական աճի բարձր մակարդակը), և ստացել ենք 84-87 հազար: Այնուհետև այս թվին գումարել ենք 1918թ. մայիս-հուլիս ամիսներին Փոթիից Հյուսիսային Կովկաս անցած հայերի թիվը (40 հազար): Փաստորեն 1918թ. մայիսից մինչև սեպտեմբերի վերջը Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս էր անցել առնվազն 124-127 հազար հայ գաղթական: Նրանցից մոտ 13 հազարը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հեռացան Հյուսիսային Կովկասից[125], որի հետևանքով երկրամասում ապաստանած հայ գաղթականների թիվը նվազեց և կազմեց 111-114 հազար: Եթե այս թվաքանակին գումարենք 1915-1917թթ. ընթացքում Հյուսիսային Կովկաս եկած շուրջ 30 հազար արևմտահայ և պարսկահայ գաղթականներին, ապա կստացվի, որ Հյուսիսային Կովկասում 1918թ. սեպտեմբերի վերջին կար 154-157 հազար, իսկ նոյեմբերին` 141-144 հազար գաղթական:

1918թ. ընթացքում Անդրկովկասի տարբեր շրջաններից Հյուսիսային Կովկաս եկած գաղթականների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս գաղթի ուղղությունները

Հյուսիսային Կովկաս եկած գաղթականների թիվը

Երկրամասից հեռացած գաղթականների թիվը

1

Ռազմավիրական ճանապարհ

42.000-45.000

2

Փոթիից Նովոռոսիյսկ, Տուապսե

40.000

3

Բաքվից Պետրովսկ, Դերբենտ

40.000

13.000

4

Աբխազիա-Կուբան

2000

5

Ընդհանուր

124.000-127.000

13.000

 

1918թ. Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս եկած գաղթականների թվաքանակը

 

1918թ. Հյուսիսային Կովկաս անցած գաղթականներից առնվազն 30 հազարը արևմտահայ էին[126]:

1918թ.-ին Բաքվի նահանգից Հյուսիսային Կովկաս գաղթած հայերի թիվը մենք արդեն գիտենք` 40.000 հոգի: Հայտնի է նաև Աբխազիայից Հյուսիսայի Կովկաս անցած հայ գաղթականների թիվը`շուրջ 2000 հոգի:

1918թ. Հյուսիսային Կովկաս եկած արևելահայերի թիվը որոշելու համար հարկավոր է նույն թվականին երկրամաս եկած հայ գաղթականների թվից հանել արևմտահայերի, Բաքվի նահանգի հայերի և աբխազահայերի թիվը: Արդյունքում կստացվի 52-55 հազար, որն էլ 1918թ. ընթացքում Հյուսիսային Կովկասում ապաստանած արևելահայերի մոտավոր թիվն է:

Այսպիսով, 1918թ. ընթացքում Հյուսիսային Կովկաս էր եկել 124-127 հազար հայ գաղթական, որից 52-55 հազարը` արևելահայ, 30 հազարը` արևմտահայ, 40 հազարը` Բաքվի նահանգի հայեր և 2 հազարը` աբխազահայեր:

 

[1] Տե’ս ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ.150I, թ.142, ֆ. 275, ց.5, գ.61, թ.17, Դանիելյան Է., Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ. (շարժը, կացությունը, թվակազմը), մասնագիտությունը Հայոց պատմություն-Է.00.01, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, էջ 38, 93-94, Ալիխանյան Ս.,Հայկական գործերի կոմիսարիատի գործունությունը (1917-1921), էջ 112, Հակոբյան Հ., Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական հիմքերը, էջ 214:

[2] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.291I, թ.13, Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 121-122:

* Ռազմավիրական ճանապարհը բացվել է ռուսական իշխանության կողմից 1799թ.-ին: Նրա երկարությունը Վլադիկավկազից մինչև Թիֆլիս մոտ 200 վերստ է: Տե´ս Ստեփանեան Յ., Մօտիկ անցեալէն, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1964, մայիս, N 5, էջ 46:

[3] Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 122:

[4] Տե´ս Վրացեան Ս., Անկախ եւ միացեալ Հայաստան, Բօստօն, 1920, էջ 38:

[5] Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը (1914-1916), էջ 534:

[6] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.291I, թ. 13:

[7] Տե´ս ГАРФ, ф. 1318, оп. 1, д. 413, л. 23:

[8] Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 122:

[9] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 107:

[10] Տե´ս ГАРФ, ф. 1318, оп. 1, д. 413, л. 23:

[11] Տե´ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 122:

[12] Նույն տեղում, էջ 123:

[13] Տե´ս ГАРФ. ф.5351. оп.1. д.26. л.86:

[14] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 105:

[15] Նույն տեղում, թ. 97:

[16] Տե´ս նույն տեղում, թ. 105:

[17] Տե´ս նույն տեղում, թ. 107-108:

[18] Տե´ս նույն տեղում, թ. 108:

[19] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 205, ց.1, գ.544, թ. 3, ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 108:

[20] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 108:

[21] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.143, թ.187,‎ ֆ. 205, ց. 1, գ. 544, թ. 3,‎ ֆ. 275, ց. 4, գ. 4, թ.24:

[22] Տե´ս‎ նույն տեղում, ֆ. 200, ց.1, գ.291I, թ.13:

[23] Տե´ս նույն տեղում:

[24] Տե´ս նույն տեղում, ֆ. 205, ց.1, գ.544, թ.3:

[25] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 109:

[26] Տե´ս նույն տեղում, թ. 105, 108:

[27] Տե´ս նույն տեղում, թ. 105:

[28] Տե´ս նույն տեղում, թ. 108:

[29] Նույն տեղում, թ. 108-109:

[30] Տե´ս նույն տեղում, թ. 109:

[31] «Кавказское Слово», 1918, նոյեմբերի 21, N252, ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.143, թ.187:

[32] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 109 :

[33] Տե´ս նույն տեղում:

[34] Տե´ս նույն տեղում, թ. 109, 111:

[35] Նույն տեղում, թ. 111:

[36] Տե´ս‎ ֆ. 201, ց.1, գ. 36, թ. 142:

[37] Տե´ս նույն տեղում:

[38] Տե´ս Մինասյան Ս., Հայության գաղթը Հյուսիսային Կովկաս, «Հայոց պատմության հարցեր», Երևան, 2009, N 10, էջ 240:

* Փաստաթղթի վերնագրում նշվում է Բաքու բառը, որը ջնջվել և տեղը ավելացվել է Թիֆլիս բառը: Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզվեց, որ Ս. Գրիգորյանը զեկուցում է Բաքվի Հայոց ազգային խորհրդին:

[39] ՀԱԱ,‎ ֆ 200, ց.1, գ. 158, թ. 40-41, Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 62-63:

[40] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 62:

[41] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 201, ց.1, գ. 36, թ. 142:

[42] Տե´ս նույն տեղում, թ. 59, 136, 142-143, 145:

[43] Տե´ս նույն տեղում, թ. 143:

[44] Տե´ս ГАРФ. ф.5351. оп.1. д. 26. л. 94, ՀԱԱ,‎ ֆ. 201, ց. 1, գ. 36, թ. 115:

[45] Տե´ս ГАРФ, ф. 1318, оп. 1, д. 413, л. 23:

[46] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 201, ց.1, գ. 36, թ. 114:

[47] Տե´ս նույն տեղում, ֆ. 275, ց. 5, գ. 14, թ. 42, «Հորիզոն» 1918, օգոստոսի 16, N 161:

[48] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 82, թ. 9, 11,‎ ֆ. 275, ց. 5, գ. 46, թ. 18:

* Նման եզրահանգման հիմք են հանդիսացել 1918-1920 թթ. ընթացքում Հյուսիսային Կովկասից հայրենիք վերադարձած և այնտեղ մնացած հայերի վերաբերյալ վիճակագրական տեղեկությունները, տե´ս մանրամասն սույն աշխատության երկրորդ և երրորդ գլուխներում:

[49] Տե´ս «Հորիզոն», 1918, սեպտեմբերի 29, N 197:

[50] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 7, թ. 44, «Борьба», 1918, օգոստոսի 4, N 135:

[51] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 409, թ. 61:

[52] Տե´ս Սարգսյան Ե., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918, Երևան, 1964, էջ 466:

[53] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 62:

[54] Տե´ս «Борьба», 1918թ. օգոստոսի 13, N 142:

[55] Տե’ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 62, Ананян Ж., Хачатурян В., Армянские Общины России, с. 67:

[56] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 7, թ. 66:

[57] Տե´ս նույն տեղում, գ. 594, թ. 6:

[58] Տե´ս նույն տեղում, գ. 7, թ. 66 :

[59] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 110:

[60] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200 ց.1, գ.158, թ.36-37:

[61] Ալեքսանյան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1917-1941 թթ., Երևան, 2011, էջ 25-26:

[62] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.7, թ. 80, գ.158, թ.47:

[63] Տե´ս նույն տեղում, գ.158, թ. 47:

[64] Ալեքսանյան Հ., նշվ. աշխ.,  էջ 17:

[65] Տե´ս ГАРФ, ф. 1318, оп. 1, д. 413, л. 35:

[66] Տե´ս Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), էջ 93:

[67]  Տե´ս Ալեքսանյան Հ., նշվ. աշխ., էջ 25-26:

[68] Տե´ս մանրամասն Ալիխանյան Ս., Սովետական Ռուսաստանի դերը hայ ժողովրդի ազատագրման գործում 1917-1921 թթ. Երևան, 1966, էջ 65, Ալեքսանյան Հ., նշվ. աշխ., էջ 177, Армяне Ставрополья и Терека, под общей редакцией канд. ист. наук. В. Акопяна, Пятигорск, с. 226:

[69] Տե´ս Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), էջ 35:

[70] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 164, թ. 2:

[71] Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., էջ 333-334:

[72] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.143, թ.91, Великая Октябрьская социалистическая революция и победа Советской власти в Армении. Сборник документов. Ереван, 1957, с. 221-222:

[73] Տե´ս Ալիխանյան Ս.,Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), էջ 92-93:

[74] Տե´ս նույն տեղում, էջ 94:

[75] Տե´ս նույն տեղում, էջ 95:

[76] Տե´ս նույն տեղում, էջ 94:

[77] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200 ց. 1, գ. 143, թ. 91, Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), էջ 95:

[78] Տե´ս Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), էջ 97:

[79] Տե´ս նույն տեղում, էջ 106:

[80] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 112:

[81] Տե´ս նույն տեղում, թ. 109, ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 187, «Աշխատավոր», 1918, սեպտեմբերի 15, N 133:

[82] ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 291I, թ. 13:

[83] Տե´ս նույն տեղում, գ. 143, թ. 187:

[84] Տե´ս «Հորիզոն», 1918, սեպտեմբերի 4, N 176:

[85] Տե´ս «Աշխատավոր», 1918, սեպտեմբերի 15, N 133:

[86] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ.594, թ. 6:

[87] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 110:

[88] Նույն տեղում, թ. 109:

[89] Տե´ս Красный террор в России 1918 – 1923, Берлин, 1924, с.145, Рыбас С.Ю. Генерал Кутепов, Москва, 2000, с. 350:

[90] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ 111:

[91] «Աշխատավոր», 1918, հոկտեմբերի 30, N 169:

[92] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 111:

[93] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 7, թ. 221в, գ.150I, թ.142‎, ֆ. 275, ց.5, գ.61, թ.17, «Борьба», 1918, օգոստոսի 8, N 138, Հակոբյան Հ., Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական հիմքերը, էջ 214:

[94] Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), էջ 115-116 :

[95] Տե´ս Մելքոնյան Ա., Ջավախք, պատմության ուրվագծեր, էջ 31:

[96] Տե´ս Մելքոնյան Ա., Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին, էջ 485:

[97] Տե´ս Մելքոնյան Ա., Ջավախք, պատմության ուրվագծեր, էջ 30-31:

[98] ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 143, թ. 70, ֆ. 275, ց. 5, գ. 30, թ. 7:

[99] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 70:

[100] Տե´ս Մելքոնյան Ա., Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին, էջ 295:

[101] Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 263, Խուրշուդյան Լ., Ստեփան Շահումյան, պետական և պարտիական գործունեությունը 1917-1918 թվականներին, էջ 272, 319:

[102] Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 100:

[103] Ամիրյան Գ., Ռոստոմի հետ «Հայրենիք» , Բոստոն, 1960, ապրիլ, N4 (410), էջ 6:

[104] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 104, ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 9 :

[105] Տե´ս Իշխանյան Բ., Բագուի Մեծ սարսափները, Թիֆլիս, 1920, էջ 102:

[106] Տե´ս Խոյլեան Ռ., 1918 եւ Բագուի հերոսամարտը, «Հայրենիք», Բոստոն, 1966, մարտ, N 3, էջ 70, Ստեփանյան Գ., Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբներին (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), ատենախոսություն, է.00.01 – «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի համար, Երևան, 2009, էջ 380:

[107] Տե´ս Ստեփանյան Գ., նշվ. աշխ., էջ 415:

[108] Տե´ս նույն տեղում:

[109] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 71:

[110] Տե´ս Ананян Ж., Хачатурян В., Армянские Общины России, с. 73, Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 466:

[111] Տե´ս Гражданская война и военная интервенция в СССР, энциклопедия, М., 1987, с. 146:

[112] ՀԱԱ,‎ ֆ. 275, ց. 5, գ. 67, թ. 44:

[113] Տե´ս « Աշխատավոր», 1918, հոկտեմբերի 16, N 157, Ачкасов В. И., Басов А. В., Сумин А. И. и др., Боевой путь Советского Военно-Морского Флота, Москва, 1988, с. 70:

[114] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 158, թ. 1, ‎ ֆ. 275, ց. 5, գ. 30, թ. 22:

[115] Տե´ս նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 71:

[116] Տե´ս Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 155:

[117] Տե´ս նույն տեղում, էջ 273:

[118] Տե´ս Խոյլեան Ռ., 1918 եւ Բագուի հերոսամարտը, «Հայրենիք», Բոստոն, 1966, մարտ, N 3, էջ 71:

[119] Տե´ս Ստեփանյան Գ., Բաքվի անկումը և հայերի գաղթը Պարսկաստան (1918 սեպտեմբեր-1919 մարտ), «Իրան-նամե», 2000, հատոր 35, էջ 60:

[120] Տե´ս նույն տեղում:

[121] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 221:

[122] Տե´ս Իշխանյան Բ., Բագուի մեծ սարսափները, Թիֆլիս, 1920, էջ 96 :

[123] Տե´ս Աբելյան Պ., Հայաստանի բնակչությունը նախախորհրդային և խորհրդային շրջաններում (1 հունվարի 1914- 1930 հունվարի 1), էջ 58, Խոջաբեկյան Վ., Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին, էջ 136-137:

[124] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց. 1, գ. 150I, թ. 142, ֆ. 275, ց. 5 գ. 61, թ. 17, ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 112, Հակոբյան Հ., Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական հիմքերը, էջ 214, Դանիելյան Է., Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ., էջ 38, Խոջաբեկյան Վ., Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին, էջ 138:

[125] Ստեփանյան Գ., Բաքվի անկումը և հայերի գաղթը Պարսկաստան (1918 սեպտեմբեր-1919 մարտ), էջ 60:

[126] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 291I, թ. 13:

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com